Գարեգին Բ-ի նշած «եղբայրասիրությունը» նաեւ ազատության հարգման վրա է հիմնված

Գարեգին Բ-ի նշած «եղբայրասիրությունը» նաեւ ազատության հարգման վրա է հիմնված

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ֆեյսբուքյան էջում կարդում ենք. «Փորձություններով ու նահատակություններով լեցուն իր պատմության ողջ ընթացքում Հայ եկեղեցին մշտապես իրագործել է քրիստոնեական միության եւ եղբայրասիրության պատգամը` շեշտելով «միութիւն ի կարեւորս եւ սէր յամենայնի» քրիստոնեական սկզբունքը»։ Ընդհանուր առմամբ, համամիտ ենք Գարեգին Բ-ի հետ։ Այո, առաքելական եկեղեցին իր պատմության ընթացքում, որոշ վերապահումներն ու բացառությունները հանած, ընդհանուր առմամբ, իրականացրել է քրիստոնեական միության եւ եղբայրասիրության պատգամը՝ փորձելով համախմբել իրեն ի վերուստ վստահված ժողովրդին եւ առաջնորդել պատմության նույնիսկ ամենամռայլ ժամանակներում։ Սակայն Գարեգին Բ-ի կողմից հիշատակված սկզբունքն ամբողջական չէ։ 

Ըստ պաշտոնական եկեղեցական աղբյուրների, կաթողիկոսի կողմից կատարված մեջբերումն ամբողջական կերպով հնչում է այսպես․ «Միութիւն ի կարեւորս, ազատութիւն յերկբայականս եւ սէր յամենայնի», որը գրաբարից կարելի է թարգմանել այսպես․ «Միություն՝ կարեւոր հարցերում, ազատություն՝ երկրորդական հարցերում եւ ամեն բանում՝ սեր»։ Իհարկե, լավ է, որ Գարեգին Բ-ն մեջբերում է համաքրիստոնեական աշխարհում մեծ ճանաչում ունեցած այս ասույթը, սակայն զարմանալի է, որ ասույթի բաղադրիչներից մեկը՝ ազատության մասին հատվածը, զեղչում է։ Դժվար թե սա չիմացության հետեւանք լինի, որովհետեւ այս ասույթն առաքելական եկեղեցու ավանդույթը վերագրում է Ս․ Ներսես 4-րդ Տայեցի կաթողիկոսին (12-րդ դար), որ ավելի հայտնի է Ս․ Ներսես Շնորհալի անունով։ Համաքրիստոնեական աշխարհում վերջնականապես պարզ չէ, թե ով է այս ասույթի հեղինակը։ Որոշ մասնագետներ կարծում են, որ հեղինակը Սուրբ Օգոստինոս Հիպոնացին է կամ Սուրբ Օգոստինոս Երանելին (5-րդ դ․)։ Որոշ մասնագետներ էլ հակված են վերագրել Վիկենտիոս Լյուրենացուն (մոտ 5-րդ դար)։

Արեւմտաքրիստոնեական աշխարհի որոշ մասնագետներ էլ կարծում են, որ ասույթի հեղինակը խորվաթ կաթոլիկ աստվածաբան Մարկուս Անտոնիուս դի Դոմինիսն է (17-րդ դար), ով 1617 թվականին առաջին անգամ այն կիրառել է իր  տրակտատում, որը հայերեն թարգմանվում է որպես «Եկեղեցական Հանրապետություն»։ Լատիներենով այն հնչում է հետեւյալ կերպ․ «In necessariis unitas, in dubiis libertas, in omnibus caritas» կամ «in necessariis unitatem, in non-necesariis libertatem, in utriusque charitatem»։ 

Ինչեւէ։ Էականն այստեղ այն է, որ երեք հիմնական սկզբունք է արձանագրվում՝ միություն, ազատություն եւ սեր։ Ու հենց սրանով է պայմանավորված, որ այն վաղ քրիստոնեական Արեւելքից մինչեւ միջնադարյան սխոլաստիկ Եվրոպա եւ ապա՝ նաեւ ազատության երկիր՝ Ամերիկա, լայն տարածում է գտել ու նույնիսկ այժմ համաքրիստոնեական հիմնական կարգախոսներից մեկն է։ Չենք ուզում մտածել, թե Գարեգին Բ-ն դեմ է քրիստոնեական ընկալմամբ ազատությանը (այն չշփոթել կամ, առավել եւս՝ չնենգափոխել սեկուլյար ազատության ընկալման հետ, որը քրիստոնեական մտածողության մեջ դասվում է սանձարձակության սկզբունքին), սակայն նաեւ հիշեցնում ենք, որ եթե ազատությունը, ըստ քրիստոնեական մտածողության, «աստվածադիր սկզբունք» է, ապա ենթադրելի է, որ այն պետք է հարգվի նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից, ու, հետեւաբար, նաեւ ավելի ճիշտ կլիներ, որ հայտնի սկզբունքն էլ մեջբերվեր ամբողջությամբ, ինչը հատկապես հայաստանյան մերօրյա իրականությունում խիստ արդիական է, քանզի դրանով կաթողիկոսի եղբայրասիրության կոչը կլիներ ավելի լիարժեք, հայրաբար արված եւ ընկալելի՝ չէ՞ որ կարեւոր հարցերում միասնությունն է էական, մեր դեպքում՝ այն հարցերում, որոնք վերաբերում են մեր պետականությանն ու ժողովրդի ապագային, եւ սերն է կարեւոր, որ թեւածի մեր ժողովրդի մեջ՝ որպես միասնության մերան, իսկ երկրորդական հարցերում, ինչպիսիք, օրինակ, քաղաքական կամ կուսակցական պատկանելությունն է, ազատությունն է հարգվում։

Ի դեպ, «Միութիւն ի կարեւորս, ազատութիւն յերկբայականս եւ սէր յամենայնի»-ն ամբողջական մեջբերմամբ նաեւ ֆիքսվում է կաթողիկոսի՝ բոլոր հայերի հոգեւոր հոր հանգամանքը՝ անկախ քաղաքական, ճամբարային կամ կուսակցական պատկանելությունից։