Անթալիայի Դիվանագիտական ֆորումում նաև Հարավային Կովկասին անդրադարձ կլինի

Անթալիայի Դիվանագիտական ֆորումում նաև Հարավային Կովկասին անդրադարձ կլինի

Անթալիայում հունիսի 18-ին իր աշխատանքն է սկսել Դիվանագիտական ֆորումը, որի ժամանակ կքննարկվեն համաշխարհային օրակարգի տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներ:

Գրել է թուրքական «Անադոլու» տեղեկատվական գործակալությունը, որը ֆորումի գլոբալ մեդիագործընկերն է:

Այն նախատեսված է հունիսի 18-20-ն Անթալիայի նահանգի Բելեք ծովափնյա քաղաքի «Նեսթ Կոնգրեսս» (Nest Congress) կենտրոնում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հովանու ներքո: Ֆորումը վարելու է Արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն: Ֆորումին որպես մասնակից հրավիրվել են 10 երկրների և կառավարությունների ղեկավարներ, 42 երկրների ԱԳ նախարարներ, 3 պետությունների և կառավարությունների նախկին ղեկավարներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարարներ, հասարակական գործիչներ և գիտնականներ տարբեր երկրներից:

Ֆորումի խորագիրն է «Նորարարական դիվանագիտություն. նոր դարաշրջան, նոր մոտեցումներ»: Կքննարկվեն տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Ֆորումը կազմակերպվում է ամեն տարի։

Նրա շրջանակներում կկայանան 17 նստաշրջաններ տարածաշրջանային, համաշխարհային ու թեմատիկ հարցերի վերաբերյալ, և մեկ պանելային քննարկում՝ «Արևելյան Միջերկրական ծովի տարածաշրջանային համաժողով» թեմայով:

Նշենք, որ հունիսի 16-ին կայացած ասուլիսին Մևլութ Չավուշօղլուն լրագրողներին ասել էր, որ Հայաստանից նույնպես ներկայացուցիչներ են հրավիրվել Անթալիայի ֆորումին:

Քննարկման թեմաներ են՝ «Համաշխարհային կառավարում. նոր մոտեցումներ համաշխարհային որոշումներին»; «Նոր դարաշրջան անդրատլանտյան հարաբերություններում»; «Ինչպե՞ս ամրապնդել տարածաշրջանային համերաշխությունը քաղված դասերի լույսի ներքո»; «Գործընկերային հարաբերություններ Աֆրիկայի հետ և փոխշահավետ օգուտներ; «Տեղեկատվական աղտոտում ու կեղծ լուրեր վիրտուալ աշխարհում»; «Հարավային Կովկաս. նոր հնարավորություններ տարածաշրջանային խաղաղության և համագործակցության համար»; «Տարածաշրջանային համագործակցությունն Ասիայում»; «Մարդայնական մոտեցում փախստականների և ներգաղթյալների նկատմամբ»; «Մերձավոր Արևելք ու Հյուսիսային Աֆրիկա. Դեպի կայուն օրակարգ ճանապարհին; «Կանանց ներդրումը խաղաղության որոնման մեջ»; «Պայքար ծայրահեղականության ու խտրականության դեմ»; «Գործարար աշխարհ ու տնտեսական դիվանագիտություն»; «Ահաբեկչության աճող սպառնալիքը»; «Էներգետիկա. ի՞նչ ապագա է մեզ սպասում»; «Հարևանների ընդհանուր տեսակետը. Եվրոպայի ապագան»; «Ինչպե՞ս բարելավել տարածաշրջանային կազմակերպությունների արդյունավետությունը»; «Երիտասարդական ֆորում»։

Թուրքական «Հուրրիյեթ Դեյլի Նյուզ» անգլալեզու թերթը գրել է, որ Չավուշօղլուն հանդիպել է ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի հետ։ «Թուրք և եվրոպացի բարձրաստիճան դիվանագետները հունիսի 18-ին բանակցություններ են վարել` քննարկելու Անկարա-Բրյուսել հարաբերությունները` ԵՄ Խորհրդի առանցքային նիստից առաջ, որը նախատեսված է հունիսի 24-ին և 25-ին»:

«[Մենք] քննարկեցինք Թուրքիա-ԵՄ հարաբերությունները, հատկապես Մաքսային միության արդիականացումը, միգրացիան ու մուտքի արտոնագրերի ազատականացումը ԵՄ բարձր ներկայացուցիչ Խոսեպ Բորելի հետ, ով Անթալիայում է SEECP և ADF հանդիպումների համար», - գրել է Չավուշօղլուն իր թվիթերյան էջում: Համատեղ հայտարարություն չի եղել:

Բորելը նախ մասնակցել է Հարավարևելյան եվրոպական համագործակցության գործընթացի (South East European Cooperation Process / SEECP) գագաթնաժողովին, որը կայացել է հունիսի 17-ին, այնուհետև՝ Անթալիայի դիվանագիտության ֆորումին:

Պաշտոնյաները մանրամասնորեն քննարկել են Բրյուսելում կայանալիք ԵՄ խորհրդի առաջիկա հանդիպման Թուրքիայի հետ կապված օրակարգը: