Պարապ պաշտոնյաներ են, բիզնեսով են զբաղվում

Պարապ պաշտոնյաներ են, բիզնեսով են զբաղվում
Բագրատ Ասատրյան

1994-98թթ․  ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ, տնտեսագետ  Բագրատ Ասատրյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է գնահատում պետական ապարատի օպտիմալացման գործընթացը։
«Ավելի կտրուկ միջոցների կողմնակից եմ, սա բավարար չէ իմ կարծիքով»,- ասաց նա։
Մեր հարցին, թե չի՞ առաջանա այդ դեպքում սոցիալական բողոք, Բագրատ Ասատրյանն արձագանքեց․ «Եթե պարապ պաշտոնյաներ են նստած, ի՞նչ սոցիալական բողոք։ Եթե պաշտոնյաներ են, պարապությունից բիզնեսով են զբաղվում, ի՞նչ սոցիալական բողոք։ Կառաջանա սոցիալական ոգեւորություն, ռեսուրսները կազատվեն, տնտեսությունն էլ կզարգանա։ Դա կարեւոր նախաքայլերից է, որովհետեւ կառավարման արդյունավետ համակարգն անհրաժեշտ է։ Թափանցիկ, պարզ, որտեղ յուրաքանչյուր օղակը կիմանա, թե ինչի համար է պատասխանատու եւ ինչ խնդիր պետք է լուծի»։
Հետաքրքրվեցինք, թե իշխանությունները չե՞ն առաջարկել Բագրատ Ասատրյանին որեւէ պաշտոն, չէ՞ որ իր փորձն ու գիտելիքներն օգտակար կլինեն անփորձ կառավարությանը։
«Ես թոշակառու եմ, ես հանգստի եմ անցնում։ Ես միշտ փորձում եմ լուծումներ գտնել, որպեսզի մեր երկիրն առաջ գնա»,- ասաց տնտեսագետը։ 
Բագրատ Ասատրյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ Հայաստանում բացակայում են նոր մենաշնորհներ ձեւավորելու քաղաքական, վարչական հիմքերը, բայց տնտեսական հիմքը չի բացակայում, եւ այսօր կան հատվածներ, որտեղ կարող են տնտեսական պատճառներով ձեւավորվել այդ մենաշնորհները։
Հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյո՞ք Հայաստանում չի ձեւավորվի մի նոր ուժ, որը կունենա սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսություն եւ կպաշտպանի քաղաքացիների սոցիալական իրավունքները։
«Թող ձեւավորվի, ես դեմ չեմ։ Լավ կլինի, հակակշիռ կլինի։ Մարդիկ պետք է հավաքվեն, իրենց գաղափարներով ձեւավորեն այդ ուժը։ Աշոտ Մանուչարյանին հարցրեք, ինքն է այդ ճանապարհը բռնել։ Իր պատկերացումներն ավելի լուրջ են։ Զարգացումը հանգեցնելու է դրան, ինչքան շուտ լինի, այնքան լավ»,- ասաց Բագրատ Ասատրյանը։