Նախագահը կալանավորվել է 1 ցուցունքի հիման վրա, որը հերքված է 14 այլ ցուցմունքով

Նախագահը կալանավորվել է 1 ցուցունքի հիման վրա, որը հերքված է 14 այլ ցուցմունքով

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը այսօր հրավիրված ասուլիսին Քոչարյանի առաջին կալանավորումից հետո անցած մեկ տարվա ընթացքում իր ղեկավարի նկատմամբ դատավարական, քննչական խախտումների վերաբերյալ եկել էր 29 կետով խախտումների մասին տեղեկանքով, որը բաժանեց լրագրողներին։ 

«Սա ինձ քիչ առաջ փաստաբանները փոխանցեցին և ասում են, որ սա խախտումների ընդամենը մի մասն է։Ես,անկեղծ ասած, որոշ բաներ առանձնացրել եմ և կցանկանայի անդրադառնալ։ Ուրեմն՝ հենց հուլիսին, ունենալով մեղադրանքի հիմքում ընկած նյութերը, նախագահ Քոչարյանը հրավիրվել է հարցաքննության որպես վկա։ Ըստ որում, չեմ կարծում, որ այդ վերջին երեք օրում ինչ-որ մի ապացույց է ձեռք բերվել, որը ստիպել է վկայի կարգավիճակը փոխել մեղադրյալի, այսպես մեկ վայրկյանում։ Թեև Սասուն Խաչատրյանն ասում էր, որ գիտեք, պարզվում է՝ հետաքննությունը դինամիկ պրոցես է, և մի րոպեում  կարող է ինչ-որ բան փոխվել։ Մեղմ ասած, խաբեությամբ այս մասն անցել են։ Մեղադրանք է առաջադրվել նախագահ Քոչարյանին մի արարքի համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել։ Դատարանը կալանավորել է՝ հանրահայտ Հրաչ-Վաչեն, ուզեր թե չուզեր, անտեսելով Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությունը և կալանավորման մյուս պայմանների բացայակությունը։ Դուք երևի լսել եք մեր պաշտպանական թիմից, որ նախագահը կալանավորվել է մի ցուցմունքի հիման վրա, որը գործում հերքված է 14 այլ ցուցմունքերով։ Բայց դա որևէ նշանակություն չի ունեցել և մինչև հիմա չունի»,-հայտարարեց Վիկտոր Սողոմոնյանը։

Շարունակելով՝ նա ասաց, որ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ քննիչը որոշում է կայացրել առանց հիմնավորման, և իրավունքի այս խախտումը Ճանաչվել է ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարանների կողմից։

«Ես ամաչել եմ մեր քննչական մարմինների համար, երբ դիտել են տեսանյութը , որտեղ դատավորը քննիչին հարցեր է ուղղում, և քննիչը պատասխան չունի։ Ասում է՝ ինչու՞ եք կալանք կիրառել, ասում է՝ որովհետև դատական ծախսերը պտի հոգայինք։ Ասում է՝ նախաքննությունը նոր էր սկսվել, Դուք վստահ էիք, որ գործը հասնելու է դատարան։ Ինչպե՞ս կարող էիք վստահ լինել։ Ասում է՝ դե չգիտեմ»,-ասաց Վիկտոր Սողոմոնյանը։ Նրա ամփոփմամբ՝«ռուսի ասած՝ նավսյակի ամբողջ գույքը կալանավորել են»։

Վերաքննիչ քրեական դատարանի որոշումից հետո խափանման միջոցի բացակայության պայմաններում քննիչը չի կատարել իր պարտականությունները՝անհապաղ վերադարձնել Քոչարյանի անձնագիրը։ Հակառակ Վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի, քննիչը ընտրել է նոր խափանման միջոց։

«Ինչը չի կարող լինել»,-ասաց Սողոմոնյանն ու շարունակեց, որ Վճռաբեկ դատարանն էլ, որ պետք է կայացներ վերջնական որոշում, չի կայացրել վերջնական որոշում և գործն ուողարկել է Վերաքննիչ դատարան։

«Ամենակարևորը և անկյունաքարայինն այս ամենի մեջ։ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը երբևէ չի պարզաբանվել։ Երբևէ։ Դրանում առկա և մատնաշված անորոշ ձևակերպումները երբեք չեն հստակեցվել ոչ քննիչի, որ դատախազների կողմից։ Մեղադրանքի անհստակությունն անտեսվել է խափանման միջոցի քննարկման ժամանակ»,-ասաց Սողոմոնյանը։

Նա նկատեց, որ եթե բոլոր փաստերը նշի, ապա կանցնեն ասուլիսի բոլոր ողջամիտ ժամկետները։