Վլադիմիր Գասպարյանի գործով հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում

Վլադիմիր Գասպարյանի գործով հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում

Գլխավոր դատախազության եւ Հակակոռուպցիոն կոմիտեի միջեւ վեճը՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի քրեական գործի հետ կապված, բացահայտեց այդ երկու գերատեսչությունների հակասությունները։ Կոմիտեն կարծում է, որ ավարտել է կոռուպցիոն 6 տարբեր հոդվածներով մեղադրվող 63-ամյա գեներալ-գնդապետի գործի քննությունը, եւ այն կարող է մտնել դատարան, մինչդեռ գործը վերահսկող դատախազը հակառակ կարծիքին է՝ մեղադրականը չի հաստատել, այլ առարկություններով վերադարձրել է նախաքննության մարմնին։ Հակակոռուպցիոն կոմիտեից էլ հայտարարում են, թե գործի քննությունը շարունակելու դատախազության որոշումն անհիմն է եւ անօրինական, եւ պատրաստվում են բողոքարկել դատախազի որոշումը՝ վերադաս դատախազին։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտարարում են․ «Քանի որ վստահ ենք` նման կարեւոր գործերով առանցքային որոշումները կայացվում են դատախազական ամենաբարձր մակարդակում, եւ այս գործը դատարան չուղարկելու որոշումը դատախազության միասնական դիրքորոշումն է»։ 
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից հետաքրքրվեցինք, թե այս խնդիրն ինչպես է լուծվելու։ «Խնդիր չկա լուծելու․ քրեական հետապնդման մարմինների միջեւ բոլոր հարաբերությունները՝ կապված քրեական վարույթների հետ, կարգավորված են քրեական դատավարության օրենքով: Եվ պարտավոր են առաջնորդվել դրանով, ինչը տվյալ դեպքում եւ արվել է մեր կողմից:

Այսինքն, հսկողություն իրականացնող դատախազը քրեական դատավարության օրենքով սահմանված իր լիազորությունն է իրացրել, ու այս տեսակետից գործողություններն ու որոշումները եղել են իրավաչափ»։ Ըստ Աբրահամյանի՝ որեւէ գործով, որեւէ անձով չեն կարող պայմանավորված լինել պետական մարմինների հարաբերությունները․ «Եվ անկախ՝ հրապարակային մակարդակով ինչպիսի մեկնաբանություններ կարվեն, դատախազությունն իր որոշումները բխեցնելու է բացառապես իր լիազորություններից, սահմանադրական գործառույթներից, իսկ կոնկրետ քրեական գործերի պարագայում նաեւ քննությունների օրինականության նկատմամբ հսկողության շրջանակներում՝ ապացույցների, փաստական հանգամանքների գնահատումից»։

Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով երկու կառույցների վեճին եւ դատախազության որոշմանը, նշեց․ «Ես որոշումը չեմ կարդացել, որեւէ կարծիք չեմ ուզում հայտնել, ինչ վերաբերում է Հակակոռուպցիոն կոմիտեին, ես միշտ ասել եմ, որ ամենակոռուպցիոն մարմինը, որպես կանոն, դա Հակակոռուպցիոն մարմինն է լինելու։ Ես այդ մարմնի ոչ մի բանին չեմ վստահում, դա ամբողջությամբ կապիտուլյանտի կամակատար մարմինն է, սարսափելի հեռու է իրավունքից եւ օրինականությունից։ Կոմիտեն ոչ մի կապ չունի ո՛չ կոռուպցիայի դեմ պայքարի, ո՛չ օրինականության, ո՛չ իրավունքի հետ»։

Ըստ փաստաբանի՝ սա այն նույն գործն է, որը հարուցվել էր 2018 թվականին, այդ գործի մի մասն այժմ դատարանում է․ «Մի հետաքրքիր բան էլ ասեմ․ մեղադրանքների մեծ մասը, որոնցով Հակակոռուպցիոն կոմիտեն ուզում էր ուղարկեր դատարան՝ երբ ՀՔԾ էր, ժամանակին կարճել է ՀՔԾ-ն, եւ այն ժամանակ դատախազությունը վերացրել էր այդ կարճումը։ Հիմա իրենք այդ գործն ուզում են ուղարկել դատարան, դատախազությունը հետ է ուղարկում․․․ Պետք է հրամցնել ժեխին սենսացիոն լուր, թե իբր ուրախ են, որ Վլադիմիր Գասպարյանին դատում են։ Եթե մեկնումեկին, ով չարախնդում է այս ամենի վրա, հարցնես՝ ի՞նչ ունես այդ մարդկանց դեմ, հավատացեք, երբեք որեւէ պատասխան չեք ստանա։ Ես հարցնում եմ մարդկանց՝ ինչի՞ վրա եք ուրախանում, ոչ ոք չի կարող պատասխանել»։

Հարցին՝ այս գործի մի մասը, որը դատարանում է, քննվո՞ւմ է, փաստաբանը պատասխանեց․ «Կարելի է ասել՝ նիստեր տեղի չեն ունեցել հիմնականում պարոն Գասպարյանի առողջական վիճակի պատճառով։ Վիճակն իսկապես ծանր է, անընդհատ բուժումների մեջ է»։

Հակակոռուպցիոն կոմիտեն, հիշեցնենք, Գասպարյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը), 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութությունը) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):