Դատարաններն էլ են միացել իշխանությունների՝ Վանաձորը գրավելու արշավին

Դատարաններն էլ են միացել իշխանությունների՝ Վանաձորը գրավելու արշավին

Դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու նիստ մինչ օրս չի գումարվել, համայնքում տեւական ժամանակ անիշխանություն, ավելի ճիշտ՝ անտերություն է, բյուջե չի հաստատվել, որեւէ գործարք չի կատարվում, շուտով վանաձորցիների ու ՀՀ մեծությամբ երրորդ քաղաքին միավորված եւս երեք համայնքների բնակիչների կյանքն ամբողջությամբ  կաթվածահար կլինի։ Վանաձորում իշխանական «Քաղպայմանագիրը» պարտվել է, Մամիկոն Ասլանյանին ընդամենը մեկ ձայն է պակասում, որ ստանձնի համայնքի կառավարումը, եւ Ասլանյանը, ի դեմս «Հայրենիք» կուսակցության, գտել է դաշնակիցներ։

Ասլանյանի շուրջ մարդիկ միավորվեցին հատկապես այն բանից հետո, երբ նրա նկատմամբ անօրինական հետապնդումներ սկսվեցին։ Վանաձորի նախկին քաղաքապետը մի քանի շաբաթ կալանավորված է՝ հորինված մեղադրանքով։ Նախօրեին էլ դատարանը մերժեց նրա պաշտպանների բողոքը՝ կալանքը փոխելու մասով։ Սակայն դա եւս չի փրկում իրավիճակը, «Ասլանյան դաշինքի» եւ դաշնակից ուժերի միասնությունը գերակշռող է, ինչն էլ ՔՊ-ին դրդել է գնալ Վանաձորի ավագանու աշխատանքները տապալելու, նիստ չգումարելու ճանապարհով, որպեսզի չկարողանան համայնքապետ ընտրել։ Եվ որպեսզի այդ ընթացքում իշխանությունը, գործադրելով իր լծակները, փորձի իրավիճակը հանգուցալուծել իր օգտին։ Այդ հարցում ՔՊ-ին օգնության ձեռք է մեկնել Էդմոն Մարուքյանը՝ իր «Լուսավոր Հայաստանով»։  

Դեկտեմբերի 24-ին նշանակված ավագանու առաջին նիստին, երբ Ասլանյանն արդեն ձերբակալված էր, հայտնի դարձավ, որ չեն կարող ընտրել համայնքապետ, որովհետեւ ԼՀԿ-ն դիմել է  վարչական դատարան, որպեսզի անվավեր ճանաչվեն Վանաձորի համայնքապետի ընտրությունները, սակայն դատարանն անվավեր ճանաչեց ԼՀԿ-ի հայցը, որից հետո ԼՀԿ-ն վերաքննիչ դատարան բողոք ներկայացրեց, դա էլ մերժվեց՝ հունվարի 11-ին։ Եվ, ուրեմն, ի՞նչն է խանգարում Վանաձորում ավագանու նիստ հրավիրելուն եւ համայնքի ղեկավար ընտրելուն։ Փորձեցինք պարզել «Ասլանյան դաշինքի» ավագանու անդամ Արթուր Օհանյանից։ Պարզվում է՝ վերաքննիչն իր որոշման մեջ ամրագրել է, որ ավագանու նիստ անցկացնելու արգելքի վերացման հարցով հունվարի 17-ին պետք է նիստ հրավիրի, սակայն նախատեսված նիստը չի կայացել՝ այն պատճառաբանությամբ, թե իբրեւ կողմերից մեկին չեն կարողացել ծանուցել: Նիստը տեղափոխվել է փետրվարի 3-ին։ Ակնհայտ է, որ ապօրինաբար ձգում են գործընթացը։

«Հունվարի 11-ին հայցի մերժման որոշման մեջ կա մի այսպիսի դիտարկում, որ ծանուցվելուց հետո հնգօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան, չբողոքարկվելու դեպքում նույն ժամկետում ուժի մեջ է մտնում։ Այստեղ հակասող բաներ կան, տարբեր իրավաբանների մեկնաբանությամբ՝ տարբեր․ որոշներն ասում են, որ հունվարի 17-ին այդ ժամկետն արդեն լրացել է, եւ հնարավոր է նիստ հրավիրել, մի մասն էլ համարում է, որ այդ ժամկետը չի լրացել՝ ոչ աշխատանքային օրեր կան եւ այլն։ Սակայն եթե նույնիսկ միայն աշխատանքային օրերն են հաշվում, որոշումն այլեւս ուժի մեջ պետք է մտներ՝ ըստ մեր դիրքորոշման։ Բայց իրենց մեկնաբանմամբ՝ այստեղ իբրեւ կա նաեւ ԴԱՀԿ-ի խնդիրը, որին պարտադրել էին արգելանք դնել։

ԴԱՀԿ-ն պետք է արգելանքից հանի, մինչդեռ մենք կարծում ենք, որ դա պետք է իմպերատիվ բնույթ կրեր, եթե ունենք վերաքննիչ դատարանի որոշում։ Դրանից բացի, նշվում է, որ ոչ բոլորն են ծանուցվել, օրինակ՝ ՀԱՍԿ-ը չի ծանուցվել, ուստի սա եւս թույլ չի տալիս, որ արգելանքը հանվի։ Մենք էլ ասում ենք, որ կարող է նպատակաուղղված չծանուցվի, ու Վանաձոր համայնքում ՏԻՄ լիազորություններ չիրականացվեն։ Դա դատարանի իրավասության հարցն է»,- ասաց Օհանյանը՝ հավելելով, որ իրականում ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է ժամանակ ձգել, որպեսզի իրավիճակն իր օգտին լուծի։

«Մենք քայլեր ենք ձեռնարկում, որ համայնքը դուրս բերենք այս ճգնաժամից»,- ասաց դաշինքի ներկայացուցիչը՝ չմանրամասնելով, թե ինչ քայլերի մասին է խոսքը։ «Ունենք կազուսային իրավիճակ, երբ Սահմանադրությամբ ՏԻՄ-երն օժտված են լիազորություններով եւ պարտականություններով, այսինքն՝ իշխանության թեւերից մեկն է, այս պահին վարչական դատարանի որոշմամբ ստացվում է, որ Վանաձոր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները կասեցվել են։ Սա նման է նրան, որ, ենթադրենք, ԱԺ պատգամավորներից մեկի՝ նախընտրական շրջանում ներկայացված փաստաթղթերում ընտրություններից հետո որոշ անճշտություններ գտնեն, ենթադրենք՝ տեսնեն, որ բուհի դիպլոմը կեղծ է, ու այդ մարդու պատգամավոր լինել-չլինելու հարցը վիճարկվի դատարանում, գուցե հետո որոշեն այլ մարդու փոխանցել մանդատը։ Հիմա պատկերացրեք, որ դատարանը որոշում կայացնի ԱԺ գործունեությունը դադարեցնել, մինչեւ այս հարցը չպատճառաբանվի։ Սա աբսուրդ է»։

Վանաձոր համայնքը ղեկավար չունենալու պատճառով հայտնվել է դժվարին կացության մեջ։ «Նոր խոշորացված համայնքի բյուջե չկա ձեւավորված, զարգացման ծրագիր չկա, գնումների ծրագիր, նոր հաստիքացուցակ, վարչական շրջանների ղեկավարներ չկան, թույլտվություններ չեն տրամադրվում, հետեւաբար՝ գումարներ չեն գանձվում, տուժում է համայնքի բյուջեն, այսպիսի բազում խնդիրներ։ Իսկ եթե հաշվի առնենք, որ Վանաձոր համայնքը հոկտեմբերի 10-ից ավագանի չունի՝ Սահմանադրությամբ պաշտոնավարման հինգ տարին լրանում էր այդ օրը, ապա պատկերացրեք, թե ինչ վիճակում է համայնքը»,- ասում է ավագանու անդամը։