Դե, եթե երկրի ղեկավարն ասում է, ուրեմն ինքը հիմնավոր բաներ ունի

Դե, եթե երկրի ղեկավարն ասում է, ուրեմն ինքը հիմնավոր բաներ ունի

Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստից ուղիղ 32 րոպե 10 վայրկյան նվիրեց պարեկային ոստիկանությանը՝ խոսելով այն մասին, թե որքան արդյունավետ էր պարեկային ոստիկանության ներդրումը, որքան լավ են աշխատում այսօր նրանք, ու բերեց մի շարք վիճակագրական թվեր, թե ինչ հրաշալի արդյունքներ են գրանցել պարեկները՝ ի տարբերություն ճանապարհային ոստիկանության աշխատակիցների։

Շարունակելով գովեստը պարեկային ոստիկանության մասին՝ Փաշինյանը նաեւ որոշ տեղեկություններ հաղորդեց, որ, օրինակ, ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան խախտում կատարելու համար տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք, հետո գնացել տուգանքը մուծել են, որ կարողանան մեքենան վերցնել։ Կողքից էկոնոմիկայի նախարար Քերոբյանը «գիծ մտավ», թե իր ընտանիքի անդամներն էլ են շփվել պարեկային ոստիկանության հետ եւ արձանագրել են «էական բարձր սպասարկման որակ»։ Փաշինյանը խոսեց նաեւ այն դեպքերի մասին, երբ պարեկային ոստիկանության ներկայացուցիչները մարդկանց բերման են ենթարկել՝ իրենց կաշառք առաջարկելու համար, ինչը կողքից հաստատեց ոստիկանապետ Վահե Ղազարյանը։

Նիկոլ Փաշինյանի այս բարձրագոչ համեմատությունների նպատակն այն էր, որ ցույց տար՝ նախկինների թվերից գործող ճանապարհային ոստիկանությունը լավ չէր աշխատում, արդյունավետ չէր գործում, իսկ իրենց ներդրած պարեկային ոստիկանությունը, որի ներդրումն իրականացվել է ԱՄՆ աջակցությամբ եւ սորոսական կազմակերպությունների ակտիվ մասնակցությամբ, ամեն ինչ եւ մի քանի անգամ ավելի լավ է անում։ Կամ, այլ կերպ ասած, նախկին «կոռումպացված, կաշառակեր գայիշնիկները» վատն էին, իսկ այս նոր, երիտասարդ, նորմալ բարձրագույն կրթություն չստացած, օրենքներին այնքան էլ լավ չտիրապետող եւ անգամ մեքենա վարել չիմացող պարեկները՝ լավը։

Մենք փորձեցինք կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների ու բերած վիճակագրական տվյալների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ճանապարհային ոստիկանության ներկայիս պետ Եգոր Կարապետյանից։ Ինքն ի՞նչ կարող է ասել այս առնչությամբ, իսկապե՞ս ՃՈ-ն պարեկային ոստիկանությունից ավելի պակաս արդյունավետ է աշխատել։ Բայց պարոն Կարապետյանը չցանկացավ առանց «02 լրատվականի» թույլտվության հարցազրույց տալ։ Նրանք էլ, բնականաբար, ավելի վերեւներից՝ ոստիկանապետից պիտի թույլտվություն ստանան, որ ՃՈ պետը մեզ հարցազրույց տա, ինչը, բնականաբար, մեկ օրվա բան չէ։ Ահա այսպիսի բյուրոկրատական միջավայր է ձեւավորել երիտասարդ հեղափոխականների իշխանությունը երկրում։

«Դուք իրենց հետ համաձայնացրեք, ես ուղղակի չեմ կարող ասել, էլի, լավը-վատը որն է։ Եթե երկրի վարչապետը բան է ասել, ուրեմն իր մոտ ինչ-որ թվեր կան»,- կցկտուր ասաց Եգոր Կարապետյանը։

- Նաեւ ասաց, որ ոստիկանապետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է տուգանային հրապարակ, Ձեր ղեկավարման տարիներին երբեւէ եղե՞լ է, որ ոստիկանապետի կամ որեւէ այլ բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամի մեքենան տանեն տուգանային հրապարակ։

- Ես նման բան չեմ կարող հիմա մտաբերել, էլի։ Կարող է եւ եղած լինի։

- Այնպիսի տպավորություն էր, թե վարչապետը փորձում էր թերագնահատել, եթե չասենք՝ սեւացնել ճանապարհային ոստիկանության աշխատանքը, ասում էր՝ տեսեք՝ պարեկային ոստիկանությունը շատ ավելի լավ է աշխատում։

- Դե, եթե երկրի ղեկավարն ասում է, ուրեմն ինքը հիմնավոր բաներ ունի, ի՞նչ կարող եմ ասել։

- Ի դեպ, որքա՞ն է մնացել Ձեր պաշտոնավարմանը։ Ժամկետ կա՞ Ձեր լիազորությունների ավարտին։

- Չէ, չկա։

- Իսկ երբ պարեկային ոստիկանությունն ամբողջությամբ ձեւավորվի եւ սկսի գործել հանրապետությունով մեկ, ճանապարհային ոստիկանության ճակատագիրն ի՞նչ է լինելու, լուծարվելո՞ւ է։

- Դե, ճանապարհային ոստիկանությունն ինքը լիքը ուրիշ ծառայություններ ունի, կարող է արդեն ուրիշ ծառայությունով զբաղվել։

- Ամեն դեպքում, այս պահին որեւէ որոշում չկա՞։

- Դեռեւս ոչ։