ԱՆԻՖ-ն ամեն գնով ուզում է «Հրապարակին» վնասել

ԱՆԻՖ-ն ամեն գնով ուզում է «Հրապարակին» վնասել

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն` ԱՆԻՖ-ը, «Հրապարակին» դատի է տվել: Ընդ որում` արդեն մի քանի հայց է ներկայացրել` որպես փոխհատուցում պահանջելով առավելագույն գումար: Մեր հիմնական «մեղքն» այն է, որ կասկածի տակ ենք դրել այս ֆոնդի գործունեության արդյունավետությունը, Հայաստան ներդրումներ բերելու կարողությունը, եւ, մասնավորապես, հետաքրքրվել ենք ֆոնդի ղեկավարության եւ աշխատակիցների աշխատավարձի չափով: Ֆոնդից հրաժարվել են պատասխանել մեր հարցերին, ընդամենը գրել են, որ 54 աշխատակից ունեն: Իսկ թե պետության կողմից ստեղծված հիմնադրամի 54 աշխատակիցներն ու տնօրենը ֆոնդի ստեղծման պահից` շուրջ 3 տարի, ամսական որքան գումար են ստացել, հրաժարվել են ասել:

Ինչեւէ, պետության հովանու տակ գտնվող ֆոնդը, որի խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն է, իսկ գործադիր տնօրենը՝ նախկին արտգործնախարար Վահան Փափազյանի որդին` Դավիթ Փափազյանը, իր առջեւ խնդիր է դրել ամեն գնով վնասել «Հրապարակի» գործունեությանը, ուստի անհիմն հայցերը դատարան մուտքագրելուց հետո մտածել են, թե ուրիշ ինչ միջոցներով է հնարավոր հասնել արագ արդյունքի` չէ՞ որ դատական պրոցեսը դեռ ամիսներ կձգվի, ուստի դիմել են, որպեսզի մեր դրամական միջոցների եւ գույքի վրա արգելանք դրվի:

Եթե հայցագնի չափով` 3 միլիոն դրամի արգելանք դրվի մեր հաշիվների վրա, ապա դա կնշանակի, որ մեր լրատվամիջոցը կդադարի գործել. աշխատավարձ չենք կարողանա վճարել, տպագրական եւ այլ ծախսեր չենք կարողանա հոգալ: Ընդ որում, տարիներ առաջ նման միջնորդություններ եղան ԶԼՄ-ների դեմ, եւ մեր բարձրացրած աղմուկից հետո դատարանները կայուն ավանդույթ ձեւավորեցին` մերժելով նման միջնորդությունները: Նման միջնորդությունների բավարարումը գնահատվեց որպես ազատ խոսքին, լրատվամիջոցների գործունեությանը լուրջ խոչընդոտ, որի մասին հստակ կարծիք արտահայտեցին նաեւ միջազգային կառույցները: Սա նշանակում է, որ ֆոնդի իրավաբանները լավ չեն տիրապետում դատական պրակտիկային կամ որոշել են այստեղ էլ հեծանիվ հորինել եւ մամուլի դեմ 2018 թվականից հետո ծավալված արշավը կատարելագործել:

Ինչեւէ, առաջին ատյանի դատարանը մերժեց մեր հաշիվների ու գույքի վրա արգելանք դնելու մասին ԱՆԻՖ-ի միջնորդությունը: Թվաց, թե Ավինյան-Փափազյան զույգը եւ նրանց ղեկավարած հիմնարկը կհասկանան, որ նման միջնորդություն ներկայացնելը ժամանակի անիմաստ վատնում է, բայց` ոչ: Նրանք դիմեցին վերաքննիչ դատարան` բողոքարկելով առաջին ատյանի կայացրած միջանկյալ ակտը: Պարզվեց` վերաքննիչ բողոքի մեջ տեխնիկական վրիպակ կար, եւ վերաքննիչ քաղաքացիական դատարանը հետ վերադարձրեց միջնորդությունը: Թվաց` գոնե այս անգամ կհասկանան ու ձեռք կքաշեն իրենց մտադրությունից: Բայց դարձյալ սխալվեցինք, պարզվեց` շատ համառ ու հետեւողական են իրենց գործողությունների մեջ: Ո՜ւր էր թե նույնքան համառ ու հետեւողական լինեին Հայաստան ներդրումներ բերելու հարցում:

Միջնորդության ուղղված տարբերակը ներկայացրին վերաքննիչ դատարան` ստիպելով, որ «հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը» գրավոր ընթացակարգով քննվի եւ մերժվի: Վերաքննիչ դատարանի երկու դատավոր` Հ. Ենոքյանը եւ Դ. Սերոբյանը, մերժել են ԱՆԻՖ-ի վերաքննիչ բողոքները եւ առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումները թողել ուժի մեջ: Եվ չնայած գրել են, որ «որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից եւ ենթակա չէ բողոքարկման», բայց վստահ չենք, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ ղեկավարությունը մի նոր ատյան չի գտնի` այն բողոքարկելու համար: Օրինակ, կարող են դիմել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, որ պաշտպանեն իրենց «ոտնահարված» իրավունքները եւ հրատապ լուծում տան այս հարցին` իրենց իրավունքները ոտնահարող «Հրապարակին» արգելելով տպագրվել, հեռարձակվել, համացանցում տեղեկատվություն տարածել եւ, առհասարակ` գոյություն ունենալ:

Մենք, իհարկե, կարեկցում ենք ԱՆԻՖ-ին մերժած դատավորներին, որոնք, անշուշտ, շատ կուզենային իշխանություններին հաճելի որոշում կայացնել` բավարարելով ԱՆԻՖ-ի միջնորդությունը, բայց որքան էլ Տիգրան Ավինյանի եւ Նիկոլ Փաշինյանի կամքն իրենց համար օրենք լինի, կան նաեւ այլ օրենքներ, որոնք հարկավոր է քիչ թե շատ պահպանել: Հուսով ենք, որ առաջիկայում էլ դատարանները կշարունակեն այս գործելաոճը: