Ռուս-թուրքական վանդա՞կ

Ռուս-թուրքական վանդա՞կ

«Հրապարակ»-ի խմբագրի առաջարկով մեկ-երկու օր առաջ հայկական հեռուստատեսային մի քննարկում դիտեցի: Անուններ չեմ տալիս թե՛ քննարկման մասնակիցներին և թե՛ հատկապես այդ հեռուստաընկերությունը չփիառելու նպատակով: Չնայած քննարկման թեման մշակույթն էր, սակայն այն աստիճանաբար վերածվեց քաղաքականի: Եվ թեև անցումը սահուն կատարվեց, սակայն այդ անցման պահին արդեն գիտեի, որ հաջորդ հարցը պետք է լիներ քաղաքական: Եվ այդպես էլ եղավ: Ընթացքում անդրադարձ կատարվեց նաև մշակութային արմատներին վերադարձին: Եվ այն ներկայացվեց որպես վերադարձ քրիստոնեական արժեքային համակարգին: Օգտվելով դրանից՝ որոշեցի ոմանց հիշեցնել, որ մեր պատմական արմատներն ամենևին էլ արևմուտքում չեն գտնվում: Մինչև 4-րդ դարասկիզբը հայությունը կրակապաշտ էր՝ ճիշտ այնպես, ինչպես մեր հարևան պարսիկները:

Հայերի աստվածային պանթեոնն էլ համարյա նույն էր, ինչ նրանցը: Եվ երբ Տիգրան Բ-ն հաղթական պատերազմներով բազմաթիվ տարածքներ գրավեց՝ նա մեծարվեց «արքայից արքա» տիտղոսով: Ինչը մինչ այդ կրում էին Աքեմենյան հարստության արքաները, սակայն Ալեքսանդր Մակեդոնացու կողմից պարտվելուց հետո այդ տիտղոսն անցավ Արշակունի պարթևներին: Տիգրան Բ-ն էլ այն ստացավ պարտված Գոդերձ (Գոդարզ) Պարթևի կողմից: Իսկ հունա-հռոմեական (այն ժամանակվա արևմտյան) քաղաքակրթությանը պատկանող երկրների թագավորները նման տիտղոս չեն կրել: 

Եվ եթե ասվածին գումարենք նաև գրաբարի (հին հայերենի) բառապաշարում օգտագործվող պարսկական և հունական փոխառությունների կատարման ժամանակահատվածը, քանակն ու բնույթը, ապա շատ ավելի պարզ կլինի, թե որոնք են մեր արմատները: Գրաբարը հունարենից կատարել է 918 փոխառություն՝ սկսած մ. թ. 3-4-րդ դարերից: Դա հիմնականում կատարվել է գրական ճանապարհով, գիտության, գրականության և եկեղեցու միջոցով: Իրանական լեզուններից փոխառնված բառերի քանակը 1400 է, դրանց ծագումը չափազանց հին է: Դրանք վերաբերում են մարդկային կյանքի ու գործունեության համարյա բոլոր ոլորտներին: Ժամանակակից հայերենում օգտագործվում է հունական փոխառնությունների մոտ 14 տոկոսը, իրանականից՝ 37 տոկոսը: Եվ այս պարագայում արմատներին վերադարձը կնշանակեր ոչ թե արևմտյան, այլ արևելյան ուղղությամբ:

Բայց քանի որ ավելի քան 1700 տարի հայությունն, այնուամենայնիվ, զարգացել կամ գոյատևել է քրիստոնեական մշակութային շրջանակում, ապա վերադարձը ստիպված ենք ընդունել հենց արևմտյան ուղղությամբ: Սակայն պարզվում է, որ այդ ուղղությամբ վերադարձը հակասում է հայության ազգային-պետական շահերին: Ինչը ներկայացնելու համար սկսենք Հայաստանի 3-րդ հանրապետության հիմնադրման պահից: Տարեցները կհիշեն, որ 1991-92 թվականներին ՀՀ գերագույն խորհրդի նախագահ, իսկ այնուհետև ՀՀ նախագահ ընտրված Լևոն Տեր-Պետրոսյանը կողմ էր ԼՂԻՄ-ն ինքնավարության կարգավիճակով Ադրբեջանի կազմում թողնելուն: Դա արտացոլվել է ռուսական կենտրոնական պարբերականներից մեկին տրված հարցազրույցում: Եվ ինձ միշտ թվացել է, որ նման մոտեցման պատճառ է եղել խորհրդային «Կալցո» ռազմական գործողությունն ու ընդհանրապես մեր դիրքերի թուլությունը սկսվող հայ-ադրբեջանական պատերազմում: Բայց ավելի ուշ՝ երբ մեր նահանջները վերածվեցին հաղթանակների, պարզվեց, որ դա չէր պատճառը: Հատկապես երբ նրա կողմից մեջտեղ բերվեց «ոչմիթիզականության» քննադատության ապազգային գաղափարը: Իսկ իմ ազգանվանակիցն էլ, որը նրա համախոհն էր, պատմական ու իրական հայրենիքի տարբերության գաղափարն էր շրջանառում: Ինչի շարունակությունն է, ի դեպ, Նիկոլի «հայրենիքը պետություն է» թեզը: Հետաքրքիր է, որ հայ ու որդի Ալիևները, չգիտես ինչու (լավ էլ գիտենք) չեն առաջնորդվել այդ թեզով: Ընդհակառակը, որդին Արցախը ձեռք բերելուց հետո աչքը տնկել է ՀՀ տարածքին՝ անվանելով այն Արևմտյան Ադրբեջան:   

Ինչևէ, «ոչմիթիզականության» ձեռառնոցին անհասկանալի էր՝ հաշվի առնելով, որ Տեր-Պետրոսյանի մակարդակի պատմաբանը պետք է գիտակցեր փոփոխությունների ժամանակաշրջանի օրինաչափությունը: Այն է՝ մեկի կողմից կատարվում և այլոց կողմից «մարսվում» են այնպիսի գործողություններ, որոնք այլ պայմաններում չէին արվի ընդհանրապես: Ու դրանք շրջադարձային նշանակություն են ունենում կատարող կամ դրանք «մարսող» ժողովուրդների պատմության մեջ: Այդպիսի դարաշրջան էր Խորհրդային Միության կազմաքանդումն ու ռուսական ժողովրդավարության դրոշակակիր Բորիս Ելցինի իշխանության գալը ՌԴ-ում: Դրան գումարվում էր մեր տարածաշրջանում Հայաստանի վերածվելը «ժողովրդավարության կղզյակի»: Ի հակադրություն Ադրբեջանում խորհրդային «կգբ-ական» անցյալով ղեկավարի «գահակալմանը»: Այսինքն, Հայաստանը որոշակիորեն ապահովագրված էր թե՛ Հյուսիսից և թե՛ Արևմուտքից: Ինչի վկայությունն էր նաև 1992 թ.-ի մայիսի 20-ին մարշալ Եվգենի Շապոշնիկովի կողմից Թուրքիային զգուշացնելը, որ նրա զորքերի կողմից ՀՀ սահմանն անցնելը կարող է հանգեցնել 3-րդ համաշխարհային պատերազմի սկսմանը: Դրան գումարենք կրակը դադարեցնելու առումով հայկական ուժերին (բայց ոչ ՀՀ-ին) ուղղված՝ ՄԱԿ-ի որոշումների հանգամանքը: Ավելացնելով, որ դրանք բանի տեղ չէին դրվում այդ ուժերի կողմից, սակայն ՀՀ-ի դեմ պատժամիջոցներ չէին կիրառվում:  

Նման պայմաններում անհասկանալի էր պարտվողականության գծի սպասարկումը ոչ միայն հատկապես Տեր-Պետրոսյանի, այլև նրա հաջորդների կողմից: Համեմատելով ՀՀ առաջին նախագահի և 2020 թվականի պատերազմից հետո Իլահամ Ալիևի վարքագծերը՝ հասկանում ես, թե ինչու Մեծ Հայքի 300 հազար քառ/կմ-անոց տարածքը երկու հազար տարվա ընթացքում 10 անգամ փոքրացավ, իսկ 100 տարվա ադրբեջանական պետության տարածքն, ընդհակառակը, շարունակ մեծանում է: Դա 44-օրյա պատերազմում մեր խայտառակ պարտության, այսպես ասած, սուբյեկտիվ գործոնն է: Իսկ ո՞րն է օբյեկտիվ կողմը՝ կհարցնեք դուք: Դա, որքան էլ այն զավեշտալի հնչի, հայության՝ արևմտյան քաղաքակրթության մաս լինելն է: Ինչը հենց վերը նշված հաղորդման լեյտմոտիվն (հիմնական դրույթ, սկզբունք և այլն) էր: Թեև այդ քննարկումն այնքան հեռուն չգնաց, որպեսզի քննարկվեր դեպի Արևմուտք ձգվող Նիկոլի վարչապետության ողբերգական հետևանքները: Եվ բավարարվեց ընդամենը շտամպային դարձած հակառուսականությամբ:  

Փորձեմ ավելի հստակեցնել. որպես քրիստոնյաներ մենք, ուզենք թե չուզենք, առաջնորդվում ենք արևմտյան արժեհամակարգով: Բայց ողջ խնդիրն այն է, որ Արևմուտքին ձեռք չէր տալիս ոչ միայն Ղարաբաղյան հակամարտության գոյությունը, այլև Արցախի հայկական լինելը: Որովհետև Բաքուն նավթի ու գազի շտեմարան էր, իսկ հայկական Արցախով Հայաստանը՝ դեպի արևմտյան երկրներ դրա փոխադրմանը խոչընդոտող հանգամանք: Խոչընդոտող, քանի որ Արցախյան առաջին պատերազմում պարտված Ադրբեջանի ղեկավարությունը կատեգորիկ դեմ էր Արցախի ու Հայաստանի վրայով խողովակաշարերի անցկացմանը, ինչն ավելի էժան տարբերակ էր, քանի Վրաստանի վրայով: Իսկ հանուն քրիստոնյա հայության Արևմուտքը, բնականաբար, խնդիրներ չէր ստեղծի մահմեդական Ադրբեջանի և դրա միջոցով ՆԱՏՕ-ական Թուրքիայի հետ: Հիշենք, որ Առաջին համաշխարհային պատերազմից հետո անգլիական կառավարությունը Բաքուն գրավեց ոչ թե, այսպես կոչված, կովկասյան թաթարներին (որ մի քանի տարի հետո բոլշևիկների կողմից անվանվելու էին ադրբեջանցիներ) քաղաքակրթելու, այլ նավթահանքերին տիրանալու նպատակով: Ի դեպ, նույն բանը, մինչև այդ աշխարհամարտում պարտություն կրելը, արել էին նաև թուրքերը: Սա «ընդդեմ Ադրբեջանի Արևմուտքը մեզ կօգնի» թյուրիմացության առումով:
Անցնենք Ռուսաստանին. այն, ինչ ձեռք չէր տալիս Արևմուտքին, բնականաբար ձեռք էր տալիս այդ երկրին: Եվ հակառակը: Այդպես է եղել վերջին երկու-երեք հարյուր տարում, երբ Պյոտր Մեծի Ռուսիան պատուհան բացեց դեպի Եվրոպա և դարձավ այդ աշխարհամասի մասը: Ու միաժամանակ աշխարհամասի երկրների կա՛մ դաշնակիցը և կա՛մ ախոյանը: Դա հատկապես վերաբերում էր թուրքական գործոնին. Օսմանյան կայսրության թուլացումից հետո ռուս-թուրքական պատերազմների ժամանակ Ռուսաստանը կա՛մ եվրոպական երկրներից մեկնումեկի (կամ միքանիսի) հետ էր կա՛մ դրա (կամ դրանց) դեմ: Դե, իսկ թուրքերին ընդդեմ ռուսների օժանդակում էր հիմնականում Մեծ Բրիտանիան՝ սպասարկելով սեփական ազգային-պետական շահերը: 

Այնպես որ, Ռուսաստանի հետ Հայաստանի մերձեցումն ուղղակի բնական անհրաժեշտություն էր: Դրան գումարած այն հանգամանքը, որ այս տարածքը, որում մենք ապրում ենք, պարսիկներից ձեռք է բերվել ռուսական սվինով: Եվ շուրջ երկու դար եղել է ռուսական կայսրության մասը. ի դեպ, մասը և ոչ թե գաղութը՝ ինչպես անում էին արևմտյան տերությունները: Հարավային Կովկասի հանրապետությունների անկախացումից հետո էլ վերածվել է ՌԴ ազդեցության գոտու: Իսկ թե ինչ է նշանակում լինել որևէ գերտերության ազդեցության գոտի, կարող եք պատկերացում կազմել՝ տեղեկանալով Չիլիի ընտրյալ նախագահ Սալվադոր Ալյենդեի սպանությանը: Կամ Կուբայի հեղափոխական առաջնորդ Ֆիդել Կասրոյի նկատմամբ իրականացված բազմաթիվ մահափորձերին: Ինչպես նաև 1961-ին իրականացված ռազմական անհաջող ներխուժմանը, իսկ 1962-ից Կուբայի նկատմամբ կիրառված համարյա ամբողջական տնտեսական էմբարգոյին (արտահանման և ներմուծման արգելքին):

Որպես վերջաբան ռուսատյացներին ի գիտություն նշեմ, որ մինչև 2020 թվականի պատերազմը՝ շուրջ քառորդ դար, թե՛ որպես լրագրող և թե՛ որպես ակտիվ քաղաքացի պայքարել եմ մեր երկրում արևմտյան արժեքների արմատավորման համար: Եվ հենց այդ պրիզմայով եմ առաջնորդվել՝ ողջունելով 2018 թվականի ապրիլյան իրադարձությունները: Բայց թե՛ երբեմնի «դուխով» Նիկոլի և թե՛ 44-օրյա պատերազմում Արևմուտքի հակահայկական դիրքորոշումները ինձ ստիպեցին վերանայել իմ սեփական դիրքորոշումը: Իսկ Արցախի կորստի հետ կապված իրադարձություններն էլ համոզեցին, որ ի դեմս Արևմուտքի մենք ընդամենը կեղծ բարեկամություն ենք շահում: Չնայած ստի ու կեղծիքի վրա հիմնված իշխանության պարագայում խիստ ներդաշնակ է հնչում հենց կեղծ բարեկամություն շահելը: