Պատշաճ ծանուցիր

Պատշաճ ծանուցիր

Եթե հետևյալ գրառման հեղինակը փաստաբան Վարազդատ Հարությունյանը չլիներ, ես հաստատ կմտածեի, որ կառավարությունը որոշել է ստուգել իրական Հայաստանի քաղաքացիների հումորի զգացումը: Հարգարժան փաստաբանը գրել է.

«Սրանց իրավական մտքի հերթական գոհարը.

Վարժական հավաքի ներկայանալու անհատական ծանուցումը www.azdarar.am-ում տեղադրելը համարել պատշաճ ծանուցում և ուշադրություն` այդ եղանակով «պատշաճ» ծանուցված քաղաքացու չներկայանալու դեպքում վերջինին ենթարկել քրեական պատասխանատվության:
Անձին պատասխանատվության կարելի է ենթարկել միայն ՄԵՂՔԻ առկայության պայմաններում: Այսինքն, azdarar-ում դրած ծանուցումն ընդամենը ձևական(ֆիկտիվ) առումով է համարվում պատշաճ ծանուցում և դրա հիմքով հավաքին չներկայացած քաղաքացուն քրեական պատասխանատվության ենթարկելը կլինի օբյեկտիվ մեղսայնացում, ինչն արգելված է:

Ամեն դեպքում` նոր կարգավորումներն ընդունվելուց հետո օրը մի 3 անգամ Azdarar ստուգեք` շառից հեռու»:

Մասնավորապես վարչապետ Փաշինյանին մի քանի հարց ունեմ այս կապակցությամբ: Բանն այն է, որ www.azdarar.am կայքին հետևել-չհետևելն ու այդ կայքն այցելել-չայցելելը գուցե մեր սահմանադրական իրավունքն է, բայց ոչ երբեք  պարտավորությունը: Անձամբ ես չգիտեմ, որ այդպիսի պարտականություն ունեմ: Իսկ գուցե դա նոր պարտականություն է, որ առաջացել է իրական Հայաստամո՞ւմ: Չգիտեմ: Բայց մի՞թե www.azdarar.am -ը վիրտուալ տիրույթի հարթակ չէ: Եվ ուրեմն ինչո՞ւ պետք է իրական Հայաստանի իրական քաղաքացին «չերեզ ինտերնետային սայթ» իմանա, որ իրեն տանում են ուսումնա-վարժական հավաքի:

Պարոն Փաշինյան, դեռ գործը հունի մեջ չգցած՝ իրական Հայաստանի իրական քաղաքացուն սպառնում եք քրեական հետապնդմամբ, թե բա՝ քրեական պատասխանատվության կենթարկենք, եթե չգաս հավաքին: Բարի եղեք նախ՝ պատշաճ ծանուցել մարդուն այդ մասին: Զինկոմիսարիատների գործի անունն ի՞նչ է: Մյուս կողմից էլ՝ հավաքի «հրավիրվողները» հիմնականում աշխատող, ընտանիքի հոգսը հոգացող մարդիկ են, հաճախ՝ մի քանի տեղ աշխատող: Նրանք, ինչ է, ամեն վայրկյան գործը պիտի թողնեն ու մտնեն www.azdarar.am կայք, որ տեսնեն իրենց հավաքի են հրավիրել, թե ո՞չ:

Ոստիկանությունը որ ոստիկանություն է, վարորդներին առձեռն նամակ է հանձնում կատարված խախտումների մասին ու չի ասում կգնաս, կմտնես այսինչ կայքը, որ տեսնես խախտումդ ու տուգանքդ: Ավելին ասեմ, եթե վարդներն անգամ պատշաճ ծանուցվելուց հետո էլ ուշացնում են վճարումը, նրանց քրեական պատասխանատվության չեն ենթարկում: Չէի ասի՝ ոստիկանությունը խղճում է իրական Հայաստանի իրական վարորդներին, բայց, ամեն դեպքում չորագլուխ կառավարության նման հաթաթա էլ չի տալիս, թե կբռնեմ, սենց կանեմ, նենց կանեմ, կշինեմ, կփռեմ ասֆալտին, կծեփեմ պատին…

Թվում է մի հասարակ գործ է՝ քաղաքացուն հրավիրել ուսումնավարժական հավաքի: 25 օրով՝ կարծեմ: Այս հասարակ գործն էլ չեք կարողանում նորմալ կազմակերպել: Զորակոչի մասով էլ նույն հիմար վիճակում էիք: Վերջը՝ օրենք բստրեցիք, որ մարդիկ փողը տան և ազատվեն թե ժամկետային ծառայությունից, թե քրեական պատասխանատվությունից: Հիմա ի՞նչ է պատահել, որ հակառակ կողմից եք մոտենում հարցին, այսինքն՝ քամակից: Միանգամից՝ քրեական պատասխանատվություն՝ հայ, հայ, հայ… Չեք կարո՞ղ օրենք ընդունել, որ քաղաքացուն իրավունք տա խուսափել դատվելուց՝ նախապես որոշակի գումար վճարելով:

Ու մեկ էլ, եթե հնարավոր է, ասեք՝ իրական Հայաստանի իրական քաղաքացին չի՞ կարող, արդյոք, այդ ուսումնավարժական հավաքներին մասնակցել տնից՝ համակարգչի միջոցով: Դուք այդ ի՞նչ եք ուսուցանում հավաքների ժամանակ, որ մարդը գործը թողնի, տնից-տեղից կտրվի ու վազ տա ձեզ մոտ: