Ավանդական արժեքներով մրցույթի նպատակը բացարձակ ռեկրուտը չէ

Ավանդական արժեքներով մրցույթի նպատակը բացարձակ ռեկրուտը չէ

Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունն օրերս հայտարարել էր ներկուսակցական դրամաշնորհների մրցույթ՝  3-5 հոգուց բաղկացած նախաձեռնող խմբերի համար, որոնց բոլոր անդամների համար պարտադիր պայմաններն են տարիքը՝ 18-35 տարեկան, և անդամությունը Հայաստանի հանրապետական կուսակցությանը։

Մրցույթը մինչև 500 հազար դրամի չափով է, ծրագրերի ոլորտային ուղղվածությունը չի սահմանափակվում, սակայն առաջնահերթություն կտրվի ազգային պահպանողական արժեքների քարոզմանն ուղղված ծրագրերին։ Ակնհայտ է, որ հանրապետականների երիտասարդական թևի հայտարարած այս ակցիան քաղաքական նպատակ է հետապնդում՝ ևս մի անգամ ի ցույց դնել, որ իրենք ավանդական արժեքների կրողներն են, Հայաստանի նոր իշխանությունները՝ ոչ։ 

Հայկ Մամիջանյանից հարցրինք, թե ինչու է դրամաշնորհը միայն հանրապետականների համար, արդյոք չե՞ն ցանկանում արհեստական լրացնել կուսակցության շարքերը։ Հանրապետականների երիտթևի ղեկավարն
ասաց, որ խոսքը ներկուսակցական դրամաշնորհի մասին է, և բացարձակ ռեկրուտի նպատակ չունի, պարզապես ուզում են ուժեղացնել հորիզոնական կապերը։ «Որովհետև կուսակցական ստորաբաժանումների միջոցով առաջարկվող ստորաբաժանումների կողմից էլ կան, բայց ավելի հետաքրքիր են հորիզոնական կապերով ծրագրերը։ Նորից եմ ասում՝ սա բացարձակ ռեկրուտի նպատակ չի հետապնդում, պարզապես հետաքրքիր է, թե ինչ ծրագրեր կառաջարկեն։ Եվ խոսքը միայն ազգային արժեքի քարոզի ծրագրերի մասին չէ, պարզապես դա մրցույթի առաջանահերթությունն է՝ լինելով մեր կուսակցության գաղափարային առանցքը։ Մեր հայտարարած մրցույթները պետք է բխեն մեր կուսակցության գաղափարական հենքից»։

Հարցին, թե նախագծերն ինչ ձևաչափերով են ակնկալում, Մամիջանյանը պատասխանեց՝ սա ամբողջությամբ թողնված է երիտասարդների ստեղծարար մտքին։

«Եթե երիտասարդները որևէ լավ գործիք գտնեն ազգային արժեքների կամ գաղափարախոսությա,ն կամ այլ արժեքների ավանդման համար, ֆլեշմոբից մինչև դասական համերգ, յուրաքանչյուր տարբերակը կդիտարկվի, որևէ սահմանափակում չի դրվի»։

Նախագծերի ընտրության մրցութային հանձնաժողովում լինելու են նաև կուսակցական ղեկավարությունից դեմքեր։ Երիտասարդական թևի ներկայացուցչին հարցրինք՝ լինելո՞ւ է նաև Սերժ Սարգսյանը։ Ասաց՝ կուսակցության ղեկավարությունից ներգրավված են, անուններ չի տալիս։