Ինչու Հայաստանը հանդես չեկավ Շուշիի հռչակագիրը դատապարտող հայտարարությամբ

Ինչու Հայաստանը հանդես չեկավ Շուշիի հռչակագիրը դատապարտող հայտարարությամբ

Ռուս-ուկրաինական պատերազմի նախօրեին և Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման հենց հաջորդ օրը Ռուսաստանը Ադրբեջանի հետ կնքեց հռչակագիր:

Թե որքանով է կապված ռուս-ադրբեջանական հռչակագիրը Հայաստանի հետ, զրուցել ենք ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ:

«ՌԴ-ի և Ադրբեջանի դաշնակցային փոխգործակցության մասին 43 կետանոց հռչակագիրը ներառում է համագործակցության և հարաբերությունների զարգացման մի քանի կարևոր ոլորտներ: Պուտինի և Ալիևի բանավոր խոսքից ակնհայտ էր, որ այդ հռչակագրի վրա աշխատանք է տարվել մոտ մեկ տարի: Մի կողմից, սա դիտարկվում է որպես բալանսավորող պայմանավորվածություն և հակակշիռ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից անցած տարվա ամռանը կնքված Շուշիի հռչակագրին, մյուս կողմից՝ սա նաև ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորացման մասին է փաստում: Բնական է, որ Ռուսաստանը ցանկանում է պահել Ադրբեջանի նկատմամբ ունեցած իր վերահսկողական մեխանիզմները, քանի որ Ադրբեջանի կողմից սանձազերծած 44-օրյա պատերազմի ժամանակ և պատերազմից հետո ադրբեջանա-թուրքական տանդեմը բավականին ակտիվ է դարձել տարածաշրջանում: Ռուսաստանը մեր տարածաշրջանում միաժամանակ մի քանի դեր է ստանձնել՝ մեզ համար ռազմավարական դաշնակից է, Ադրբեջանի համար՝ դաշնակցային գործընկեր, իսկ տարածաշրջանում՝ հիմնական դերակատար և միջնորդ»: 

Ադրբեջանագետն ընդգծեց նաև, որ այս դերերը երբեմն հակասում են միմյանց և դրանով իսկ պայմանավորված մեր հանրության ներսում արդարացիորեն հարցեր են առաջանում մեր ռազմավարական գործընկերոջ դիրքորոշումների և քայլերի մասին: 

«Հայաստանի առնչությամբ կարող եմ ասել, որ մտահոգիչ էր, որ հռչակագրի տեքստում իսպառ բացակայում էր «Լեռնային Ղարաբաղ» տերմինը, թեև կար հղում Մոսկվա–Բաքու–Երևան եռակողմ պայմանավորվածությունների վերաբերյալ: Վստահ եմ, որ դա արվել է ադրբեջանական կողմի պնդմամբ: Բաքու–Մոսկվա հարաբերությունների խորացումը չի կարող անհանգստություններ չառաջացնել Երևանում: Մյուս կողմից էլ՝ Ռուսաստանը առաջնորդվում է տարածաշրջանում իր անվտանգային և ռազմավարական շահերով, որոնք միշտ չէ, որ համընկնում են մեր մոտեցումների հետ: Կարող եմ ասել, որ թե՛ ռազմավարական գործընկերոջ, և թե՛ մյուս դաշնակից երկրների, օրինակ՝ Իրանի, Հնդկաստանի և այլ պետությունների հետ առկա են թերացումներ՝ բովանդակային խոսակցության, համատեղ ծրագրերի և աշխատանքի հարցում: Ընդհանուր առմամբ, մենք ունենք բովանդակային դիրքորոշումների, տեսլականի, կարմիր գծերի և պետության շահերին համահունչ կազմակերպված գործողությունների անհրաժեշտություն»,-ասաց ադրբեջանագետը:

Մեր այն հարցին, թե  ինչու այս հռչակագիրը ստորագրվեց հենց ռուս-ուկրաինական պատերազմից մեկ օր առաջ, ադրբեջանագետը մանրամասնեց. 

«Ինձ համար ուշագրավ է այս հռչակագրում ամրագրված տնտեսական բաղադրիչի մասին դրույթը: Հռչակագրի 25-րդ կետում նշված է. «Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը ձեռնպահ կմնան ցանկացած տնտեսական գործունեություն իրականացնելուց, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վնաս է հասցնում մյուս կողմի շահերին»: Իմ դիտարկմամբ, այս դրույթը պատահական չէ վերջերս ակտիվացած այն խոսակցությունների ֆոնին, թե Ադրբեջանը կարող է դիտվել Եվրոպայի համար գազի այլընտրանքային մատակարար: Հիշեցնեմ, որ փետրվարի սկզբին ԵՄ–ի Էներգետիկայի հարցերով Եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը Բաքվում մասնակցում էր Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի 8-րդ նախարարական հանդիպմանը: Սիմսոնը դեռ հունվար ամսին հայտարարել էր, որ մտադիր է փետրվարի սկզբին բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, որպեսզի քննարկի Եվրոպա գազի մատակարարումների ավելացման հնարավորությունը: Այդ ֆոնին ԵՄ–ն որոշեց Բաքվին հավելյալ 2 միլիարդ դոլար եվրոյի օժանդակցություն տրամադրել՝ չհստակեցնելով նպատակն ու ոլորտները»,- ասաց ադրբեջանագետը: 

Հայրապետյանը ուշագրավ է համարում այն, որ ռուս–ադրբեջանական հռչակագրի կնքումից հետո ռուս լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ալիևը, խոսելով դեպի Եվրոպա գազի ծավալների մեծացման մասին, նշել էր, որ դա պետք է արվի ռուսական կողմի հետ կոորդինացված, հավելելով, որ իրենց հիմնական շուկան Թուրքիան է: 

«Իմ տպավորությամբ, Ռուսաստանը նաև փորձում է սահմանափակել Ադրբեջանի տնտեսական հնարավոր գործողությունները այս պատերազմի հետևանքով աճող Ռուսաստան–Արևմուտք լարվածության ֆոնին»,- ասաց Տաթևիկ Հայրապետյանը:

Մեզ հետաքրքրեց նաև ադրբեջանագետի դիրքորոշումը Շուշիի հռչակագրի վերաբերյալ և կարծիքն այն մասին,  թե ինչու Հայաստանը դատապարտող հայտարարությամբ հանդես չեկավ:

«Դեռևս անցած տարվա հունիսին ՀՀ ԱԳՆ-ն դատապարտող հայտարարությամբ էր հանդես եկել: Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների կողմից հռչակագրի վավերացումից հետո Ազգային Ժողովի ընդդիմությունը փորձեց նաև դա քննադատող նախագծի տեքստ անցկացնել արդեն օրենսդիր մարմնի կողմից, ինչը տապալվեց իշխող խմբակցության կողմից: Ցանկացած ՀՀ քաղաքացի, ով կարդա այդ հռչակագրի բովանդակությունն ամբողջությամբ պարզ կտեսնի, որ դա փաստացի ռազմաքաղաքական պակտ է՝ ուղղված նախևառաջ Հայաստանի ու Արցախի դեմ: Երկարաժամկետ առումով, ըստ իս, թուրք–ադրբեջանական տանդեմը թիրախավորելու է նաև Իրանն ու Ռուսաստանը այս տարածաշրջանում: Իմ համոզմամբ, պետական շահի գիտակցման դեպքում սա չպետք է դառնար ներքաղաքական գզվռտոցի թեմա, այլ պետք է լիներ հստակ կազմակերպված միասնական դիրքորոշում:

Ընդդիմությունը կարող էր փորձել նախապես քննարկումներ վարել իշխանական կողմի հետ, քանի որ տապալումը ԱԺ–ում որևէ դրական տպավորություն չթողեց: Այդուհանդերձ, միայն դատապարտող տեքստերն էլ բավարար չեն, եթե տեքստերին չեն հաջորդում գործողությունները, դիվանագիտական աշխատանք և չեն ստեղծում անվտանգության հավելյալ բարձիկները, ապա այդ տեքստերը մեծ նշանակություն չունեն»,-ասաց զրուցակիցս: