Հայերին զանգվածային արտագաղթի դրդելն ավելի թանկ կարժենար. գործի է դրվել դանդաղ գործողության ռումբը

Հայերին զանգվածային արտագաղթի դրդելն ավելի թանկ կարժենար. գործի է դրվել դանդաղ գործողության ռումբը

Դեկտեմբերի 10-ին Բաքվում անցկացված զորահանդեսի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանն իր ելույթում նշել է. «…տարածաշրջանում նոր դարաշրջան կսկսվի, եթե Հայաստանում մարդիկ դասեր քաղեն տեղի ունեցածից»: 

Ի դժբախտություն Ձեզ, մեծարգո նախագահ, «Հայաստանում մարդիկ դասեր չեն քաղել տեղի ունեցածից»:

Այժմ արդեն պարզորոշ ուրվագծվում են տարածաշրջանային հետագա զարգացումները: Դեռեւս դասեր չքաղած հայերին «նոր դարաշրջանի» մասին իրազեկելու նպատակով Հայաստան եվրոպական միսիոներների այցերի պակաս այլեւս չի զգացվելու:

Նշանավոր այցերից առաջինը, գուցե՝ ամենակարեւորը, Եվրահանձնաժողովի ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի այցն էր, ով հայտարարեց Հայաստանին 2.6 միլիարդ դոլար հատկացնելու մասին: Հայ բարձրաստիճան պաշտոնյաները դեռ չէին հասցրել փակել իրենց՝ մինչեւ ականջները բացված բերանները, երբ Հայաստան ժամանեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Լրահոսից տեղեկանում ենք, որ քննարկման առանցքում է եղել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների լայն օրակարգը, ինչը տարակուսանք է առաջացնում. աշխարհի ժողովրդավարության բաստիոնից վեր մեկ էլ Աստվածն է՝ իր արդար դատաստանով: Դե, գիտեք, որպես եվրոպացի բարեկիրթ անձնավորություն՝ նա չէր կարող ասել, թե այդ միլիարդները տալիս ենք, որպեսզի «երաժշտությունը մենք պատվիրենք»: 

Սպասվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Հայաստան: Ո՞վ կլինի հաջորդը: Հաջորդը կլինեն ավելի ցածր կարգավիճակի պաշտոնյաներ, ովքեր կտեղեկացնեն, թե ինչ երաժշտություն եւ ինչ գործիքավորում է պահանջվում: Այնուհետեւ կխոսեն ճանապարհային քարտեզների մասին…

Նույն իրավիճակը, ինչ հայոց ցեղասպանության ժամանակ է եղել. բարբարոսներին ռազմական ներգործությամբ պատժելու փոխարեն միսիոներներ էին ուղարկում՝ կիսելու հայ ժողովրդի աննկարագրելի ողբերգության վիշտը: Անշուշտ, չի կարելի ուրանալ նաեւ իսկապես մեծ մարդասերներին, նաեւ առանձին պետությունների մարդասիրական օգնությունը: 
Վերնագրից մի փոքր շեղվեցինք: Սիրիական ճգնաժամի ժամանակ մոտ 3 միլիոն սիրիացի փախստականներ հայտնվեցին Թուրքիայում: Իհարկե, նրանք իրենք իրենց չհայտնվեցին, այլ նրանց «օգնեցին»: Նրանց հոգսերը հոգալու համար Թուրքիան պահանջեց 6 միլիարդ եվրո, գուցե ստացավ ավելին: Այսինքն, յուրա-քանչյուր փախստականի հաշվով՝ 2000 եվրո: Կոպիտ ասած, 1 սիրիացին Եվրոպայի վրա «նստեց» այդքան: 

Հարավային Կովկասում նույն կարգի աշխարհաքաղաքական խնդիր է: 3 միլիոն հայերին փախստական դարձնելն ավելի դյուրին էր, բայց դրան չգնացին. թանկ է: Այնպես չէ, որ նախատեսված 2.6 միլիարդ դոլարն ամբողջությամբ ուղղվելու է հումանիտար ճգնաժամը հաղթահարելուն: Բայց եթե նույնիսկ այդպես է, ապա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հաշվով տրամադրվելու է 866.6 եվրո: Այսինքն, սիրիացի փախստականը 2.3 անգամ ավելի բարձր է «գնահատվել», քան իր պատմական հայրենիքում նվաստացման ենթարկված հայը: Այդպիսին է նվաստացվածների միջազգային «գինը»: Բացի դրանից, միանգամից դատարկել, այդուհանդերձ, պետություն համարվող տարածքը կարող է խղճի խայթ առաջացնել, բայց չհարուցել, այսպես կոչված, համաշխարհային հանրության զայրույթը: Ի վերջո, աշ-խարհաքաղաքական բեմադրությունների սցենարիստները եւ ռեժիսորները սովո-րական մահկանացուներ են. այցելում են եկեղեցիներ, մզկիթներ ու նման այլ վայրեր, հաղորդակցվում բարձրյալի հետ…

Սահմանային միջադեպերը մշտական լարվածության մեջ կպահեն ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, որոնք երկար ժամանակ չեն կարող դիմանալ: Նրանք կլքեն իրենց բնակավայրերը՝ հանգրվանելով երկրի խորքերում կամ արտագաղթելով այլ երկրներ: Չարաբաստիկ միջանցքները կհայաթափեն ՀՀ հարավը: ՀՀ մնացած ինքնիշխան տարածքը կդառնա էլ ավելի պակաս կենսական, կուժգնանա արտագաղթը: Եթե այս ամենին գումարվի նաեւ բնակչության բնական աճի ցածր ցուցանիշը, ապա ակնհայտ է, թե ժողովրդագրական ինչ պատկեր կստաց-վի առաջիկա 20-30 տարիներին, գուցե՝ ավելի շուտ: Մոտավորապես այսպիսին է Հայաստանի Հանրապետության «տակ դրված» դանդաղ գործողության «ռումբի» գործողության մեխանիզմը:

Գագիկ Վարդանյան