Մեր օլիմպիական ոսկեզարդը

Մեր օլիմպիական ոսկեզարդը

Ստացվեց այնպես, որ, ինչպես ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, իրավամբ մարզական ամենամեծ հեղինակություն վայելող խոշորագույն ստուգատեսը` թվով 32-րդ օլիմպիական խաղերն էլ հարկ եղավ մեկ տարով հետաձգել նույն կորոնավիրուսի պատճառով (ի դեպ, օլիմպիադաները ստիպված են եղել հետաձգել եւս 3 անգամ` 1916, 1940, 1944 թվականներին, հասկանալի է՝ աշխարհամարտերի հետ կապված)։ Եվ ահա, վերջապես, հաստատվեց, որ այդ մրցումների հանդիսավոր բացումը Տոկիոյում տեղի կունենա հուլիսի 23- ին եւ շարունակվելու է մինչեւ օգոստոսի 8-ը։ Ինչու վերջապե՞ս։ Բանն այն է, որ նույնիսկ Ճապոնիայի իշխանությունները համառորեն պահանջում էին կրկին հետաձգել մրցումները, իսկ Միջազգային օլիմպիական կոմիտեն ոչ պակաս սկզբունքային գտնվեց եւ հասավ իր նպատակին։

Հարկ է նկատել, որ ՄՕԿ-ն ընդհանրապես իր իրավունքների շրջանակներում մշտապես հաստատակամ է գտնվել՝ հատկապես անզիջում պայքար մղելով մարզիկների կողմից թմրադեղերի օգտագործման հարցում։ Եվ դրանից վերջին շրջանում առավել շատ է տուժել Ռուսաստանը` պատժվել են ոչ միայն կարգ խախտած մարզիկները, այդ երկրին ընդհանրապես արգելվել է մինչեւ 2022 թ. դեկտեմբերը խոշոր մրցումներում հանդես գալ ազգային դրոշի ներքո, օգտագործել պետական օրհներգը, այլեւ պարտադրվել է, որ մարզաշապիկներին խորհրդանիշներ չերեւան։ Ավելին, երբ զուտ մարդկային մոտեցում դրսեւորելու հույսով ռուսները խնդրանքով դիմեցին՝ հանդիսավոր իրավիճակներում թույլ տալ օգտագործել գոնե լայն ժողովրդականություն վայելող «Կատյուշա» երգը, այդ համեստ խնդրանքն էլ ստացավ կոշտ մերժում...

Օլիմպիադայի օրերին Տոկիոն հյուրընկալելու է աշխարհի 200 երկրներ ներկայացնող շուրջ 70 հազար մարզիկի։ Իսկ Հայաստանի պատվիրակության կազմում կլինեն 17 մարզիկներ, այդ թվում, ինչը բավականին ուրախացնող փաստ է` նաեւ լողորդներ։ Ամենապատկառելի կազմը կներկայացնեն ամերիկացիները` 605 մասնակից, հաջորդը ճապոնացիներն են` 495, եւ ավստրալացիները` 449։ Մրցումները կանցկացվեն 33 մարզաձեւից։ Հետաքրքիր է, որ հանդիսավոր բացմանը մասնակցելու են նաեւ ռոբոտներ։ Հատկանշական է, որ մրցասպարեզներում հանդիսականներ (10 հազարից ոչ ավելի) կլինեն բացառապես տեղացիները։

Իսկ մեր մարզիկների, ինչպեսեւ ամբողջ խորհրդային պատվիրակության օլիմպիական նորամուտը նշվել է 1952 թվականին՝ Հելսինկիում։ Հենց այստեղ Հայաստանին անդրանիկ ոսկե մրցանակը պարգեւեց մարմնամարզիկ Հրանտ Շահինյանը։

Միլիոնավոր մարդկանց միշտ հիացմունք ու հրճվանք են պատճառում բացառիկ ունակությունների տեր, համաշխարհային պատվավոր տիտղոսների արժանացած անվանի մարզիկների աներեւակայելի ձիրքն ու վարպետությունը։ Նման իրավիճակում, մանավանդ երբ մեր հայրենակիցն է հայտնվում պատվո պատվանդանին, հպարտության զգացումը կրկնապատկվում է։ Այդպիսին էր մթնոլորտը, երբ չեմպիոնի ոսկե մեդալը ստանալու հրավիրվեց Հրանտ Շահինյանը, մարդ, ով մինչ այդ մասնակցել էր Երկրորդ աշխարհամարտին, վիրավորված տուն վերադարձել եւ, այնուամենայնիվ, իր մեջ անասելի ուժ ու կամք գտնելով՝ հաղթահարել մեծ սպորտի վարպետության բարձունքները ու հաստատվել ԽՍՀՄ հավաքականում։ Այն էլ հիշեցնենք, որ մեր առաջնեկը կարողացավ շահել 2 ոսկե մեդալ` ե՛ւ անհատական, ե՛ւ թիմային մրցավեճում դրսեւորելով բացառիկ հմտություններ։

Իսկ բոլորից շատ` 3 նման պարգեւի է արժանացել մեր մարմնամարզության հաջորդ սերնդի հսկան` 2 օլիմպիադաների մասնակից Ալբերտ Ազարյանը։ Ինչպես չնշել, որ 3 թիվը որոշ ժամանակ անց ավելացրեց՝ 4-ի հասցրեց ազարյանական հաղթարշավը հիանալի շարունակած Ալբերտի որդին` Էդուարդը։ Ընդհանրապես, Հայաստանի լավագույն մարզիկներից 14 առավել աչքի ընկածների պատվին է հնչել օրհներգը։ Ափսոս միայն, որ 21- րդ դարում առայժմ նման հաջողություն է գրանցվել միայն մեկ անգամ՝ 2016 թվականին, երբ Ռիո դե Ժանեյրոյում կայացած օլիմպիադայում փայլեց հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը։ Հուսով ենք, որ Տոկիոյում բարի ավանդույթները նոր թափ կստանան...

Անկարելի է չհիշատակել մեր եւս մեկ հայրենակցի` սուսերամարտիկ Յանա Եգորյանին։ Բացառիկ ունակությունների տեր մոսկվացի այս աղջկան կարելի է ընդհանրապես համարել Ռիոյի օլիմպիադայում բոլորին հիացրած հրաշագործ։ Նա ոչ միայն անհատական մենամարտում, այլեւ թիմային մրցելույթների ժամանակ ապշեցուցիչ հմտություններ դրսեւորեց՝ վստահ ու համոզիչ առավելության հասնելով իր բոլոր ախոյանների նկատմամբ, ըստ արժանվույն շահելով չեմպիոնական 2 մեդալ։

Այսօր հարմար առիթ է ներկայացնելու օլիմպիական մեր չեմպիոնների ամբողջ ոսկեզարդը.
Հայաստան։ 1952 թ. - Հրանտ Շահինյան, մարմնամարզություն
1956 թ. - Ալբերտ Ազարյան, մարմնամարզություն
Վլադիմիր Ենգիբարյան, բռնցքամարտ
Իգոր Նովիկով, հնգամարտ
1960 թ. - Ալբերտ Ազարյան
1964 թ. - Իգոր Նովիկով
1972 թ. - Ֆաինա Մելնիկ, թեթեւ աթլետիկա
1980 թ. - Յուրի Վարդանյան, ծանրամարտ
Էդուարդ Ազարյան, մարմնամարզություն
1988 թ. - Օգսեն Միրզոյան, ծանրամարտ
Լեւոն Ջուլֆալակյան, ըմբշամարտ
1992 թ. - Իսրայել Միլիտոսյան, ծանրամարտ
Մնացական Իսկանդարյան, ըմբշամարտ
Հրաչյա Պետիկյան, հրաձգության
1996 թ. - Արմեն Նազարյան, ըմբշամարտ
2016 թ. - Արթուր Ալեքսանյան, ըմբշամարտ
Սփյուռք։ 1952 թ. - Ռաֆայել Չմշկյան, ծանրամարտ, Վրաստան
1956 թ. - Նիկիտա Սիմոնյան, ֆուտբոլ, Ռուսաստան
1972 թ. - Նորայր Նուրիկյան, ծանրամարտ, Բուլղարիա
1976 թ. - Նորայր Նուրիկյան
Սուրեն Նալբանդյան, ըմբշամարտ, Ռուսաստան
1980 թ. - Սանասար Հովհաննիսյան, ըմբշամարտ, Ռուսաստան
1992 թ. - Ելենա Բունիաթյան, բասկետբոլ, Ռուսաստան
Գեորգի Պողոսով, սուսերամարտ, Ուկրաինա
1996 թ. - Անդրե Աղասի, թենիս, ԱՄՆ
Պավել Սուքիասյան, ձեռքի գնդակ, Ուկրաինա
2000 թ. - Արմեն Նազարյան, ըմբշամարտ, Բուլղարիա
Վարդերես Սամուրղաշեւ, ըմբշամարտ, Ռուսաստան
Կարինե Ազնավուրյան, սուսերամարտ, Ռուսաստան
2004 թ. - Կարինե Ազնավուրյան
2008 թ. - Արթուր Այվազյան, հրաձգություն, Ուկրաինա
Բյուրակն Հախվերդյան, ջրագնդակ, Նիդերլանդներ
2016 թ. - Յանա Եգորյան, սուսերամարտ, Ռուսաստան