Ֆեյքերը բանակ էլ են մտել

Ֆեյքերը բանակ էլ են մտել

Մեզանում ընդունված չէ բանակում տիրող վիճակի, խնդիրների մասին բարձրաձայնելը։ Դրանց մասին խոսելիս մենք անմիջապես հիշում ենք, որ պատերազմող երկիր ենք եւ չպետք է «թշնամուն ուրախացնենք»։ Բայց բանակն իր գոյության մասին մեզ ամեն օր զգացնել է տալիս։ Բանակում զինծառայող ունեցող ընտանիքներին, կամա թե ակամա, պարզ է պատկերը, թե ինչ է կատարվում բանակում։ Նրանք շատ լավ գիտեն, որ բանակը դա «մայկա-տռուսիկը» չէ, առավել եւս, որ ներքնաշորերի հարցն էլ չի լուծվել բանակում, եւ իրենք շարունակում են ապահովել իրենց զավակներին ե՛ւ ներքնահագուստով ու գուլպաներով, ե՛ւ ձեռքի ծախսի փող են ուղարկում, ե՛ւ հազար կիլոմետր անցնում են՝ որդիներին այցելության գնալու համար։ Բանակն անգամ սնունդը չէ, չնայած այն զորամասերում, որտեղ սննդի նոր մատակարարման են անցել, շատ գոհ են սննդից եւ սնվելու համար տնից այլեւս հսկայական գումարներ չեն ուղարկում։ Բանակն ավելի շուտ այն մթնոլորտն է, բարոյահոգեբանական վիճակը, որ տիրում է զորամասերում, եւ որոնց մասին՝ ուզես, թե չուզես, տեղեկություններ տարածվելու են, եւ հանրությունը չի կարող անտեղյակ ձեւանալ ու չմտածել դրա մասին։ 

Բանակն առաջին հերթին հրամանատարներ-շարքային զինծառայողներ փոխհարաբերություններն են, որը շատ զորամասերում ավելի թշնամական է, քան իշխանություն-ընդդիմություն հարաբերություններն են։ Եվ ուշագրավ է, որ ինչքան դժգոհություններ ունեն ժամկետային զինծառայողները, նույնքան էլ ունի հրամանատարական կազմը։ 

Մեզ հետ կապվեց զորամասերից մեկի միջին կոչում ունեցող զինվորականը եւ պատմում էր, որ ահավոր բարդացել է կարգուկանոն հաստատելը։ Ցանկացած խստություն, պահանջկոտություն կարող է պատճառ դառնալ, որ հաջորդ օրը քննիչը մտնի զորամաս եւ հրամանատարից հաշիվ պահանջի՝ ինչու եք նեղել զինծառայողին։ Զինծառայողները, նրա խոսքով, այլեւս չեն խորշում «գործ տալուց» եւ մանավանդ հեղափոխությունից հետո ուզում են իրենց քեֆին ման գալ, զինվորական կարգուկանոնի վրա թքած ունեն։ Նա պատմում էր, որ շատ դժվարացել է հրամանատարի հեղինակությունը բարձր պահելը։ Պատմում էր․ «Մտնում ես զորանոց, տեսնում ես՝ պատին մեծ տառերով քեզ մայր են քրֆել։ Անանուն հայհոյանքն ու ատելության խոսքը հո միայն Ֆեյսբուքում չի՞, ամեն տեղ է։ Իսկ բանակում դա արհավիրք է։ Երկաթի նյարդեր պետք է ունենաս, որ դիմանաս էդ մթնոլորտում, դու էլ չհայհոյես, չխփես, չպատժես»։

Իսկ ինչո՞վ է բացատրվում զոհերի քանակի աճը բանակում՝ խաղաղ պայմաններում։ Հունվարին դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վիճակագրություն էր ներկայացնում, թե անցած տարի բանակում զոհերի ամենացածր ցուցանիշն է եղել պատմության մեջ։ Իհարկե, այդ փաստը հերքվեց, բայց որ զոհերի քանակը շատ բարձր չէր անցած տարի, փաստ է։ Այս տարի՝ հունվարից սկսած, 12 զոհ ենք ունեցել բանակում։ Մեր զրուցակիցը դա բացատրում է բանակի, պաշտպանության նախարարության վատ աշխատանքով, վատ փոխհարաբերություններով։ Դավիթ Տոնոյանն այդպես էլ պաշտպանության լիարժեք նախարար չդարձավ, բանակը նրա կողմից գրեթե չի կառավարվում։ Նրան հատկապես «հետաքրքրում են» բանակի գնումները եւ ֆինանսները։ Նաեւ դրսի հետ կապերով է զբաղվում։ 

Արտակ Դավթյանն էլ՝ Գլխավոր շտաբի պետը, իրեն շրջապատել է իր ընկերներով, բայց ճկուն չէ, գրագետ զինվորական չէ, նրբությունների մեջ շատ չի խորանում։ Եվ ամենակարեւորը՝ երկրում ընդհանուր մթնոլորտն է կազմալուծող, եւ դա բանակում տիրող բարոյահոգեբանական վիճակի վրա ծանր է անդրադառնում։ Բոլոր համակարգերում է անկազմակերպ ու անաշխատունակ վիճակ, իսկ բանակը չի կարող այդ ամենից դուրս լինել եւ քաղաքացիական կյանքի կնիքն իր վրա չկրել։

Հրայր ԳՐԻԳՈՐՅԱՆ