«Հրապարակ». Սա գործիք է՝ ըմբոստ, համարձակ մարդկանց հետապնդելու համար

«Հրապարակ». Սա գործիք է՝ ըմբոստ, համարձակ մարդկանց հետապնդելու համար

Եկամուտների համընդհանուր հայտարարագրման մասին զրուցել ենք տնտեսագետ, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ:

- Համընդհանուր հայտարարագրման նախագիծը բե՞ռ է դառնալու ՀՀ հասարակ քաղաքացու ուսերին, ինչպե՞ս եք տեսնում այն:

- Ցանկացած հարկային բեռ կամ մեծամասշտաբ փոփոխություններ իրականացվում են փուլային տարբերակով: Լինելու է հետեւյալ կերպ․ մինչեւ 2026-ը ամբողջ բնակչությանը, որոշակի փուլերով, կներգրավեն այս համակարգի մեջ, եկամուտների հաշվառումից հետո արդեն որոշում կկայացնեն՝ ֆիզիկական անձանց հարկման: Որովհետեւ այժմ բոլորը միաբերան հայտարարում են, որ նոր հարկում կամ հարկադրույքների բարձրացում չի ենթադրվում: Բայց խորապես համոզված եմ, որ ինքնանպատակ չէ եկամուտների հայտարարագրումը, ցանկանում են մշակույթը ներդնել մարդկանց շրջանում՝ նոր փոփոխությունների գրգռվածությունը մարել, հետո անմիջապես հարկելու պրոցեսն է սկսվելու: 

- Խոսվում է հավելյալ եկամուտների 10 տոկոսի հարկման մասին: 

- Դա գործում է վարձակալությունների պարագայում, երբ անձինք բնակարանները կամ այլ հասարակական տարածքներ տրամադրում են վարձակալության, իսկ 58 միլիոնը գերազանցող եկամուտների դեպքում հավելյալ 10 տոկոս եկամուտների հարկ են գանձում: Դա այժմ էլ գոյություն ունի, շատ հաճախ կառավարության ներկայացուցիչներն ասում են, որ հարկային մարմինները չեն կարողանում բացահայտել այդ եկամուտները, որպեսզի բերեն հարկային դաշտ: Խոսում են խոսելու համար, որովհետեւ այս պահի դրությամբ գործիքակազմը բավարարում է, որպեսզի հարկային մարմինները կարողանան թաքցված եկամուտները բացահայտել եւ հարկերը ստիպեն վճարել, ընդ որում՝ հատկանշական է նաեւ, որ այս համակարգի ներդրումը վարչարարական որեւէ գործիքակազմ չի ավելացնում: Այսինքն՝ եթե այս պահին չեն կարողանում վարչարարություն իրականացնել եւ բացահայտել, համակարգի ներդրումով առավել եւս չեն կարողանալու:

- Վերահսկողությունն ինչպե՞ս է իրականացվելու, ենթադրենք՝ հավելյալ եկամուտների որոշ մասը թաքցնում է քաղաքացին: 

- Համատարած վերահսկողություն չի կարող իրականացվել՝ սա բացառում ենք, վերահսկողություն կիրականացնեն, օրինակ, ձեր, իմ եւ այնպիսի մարդկանց նկատմամբ, ովքեր քննադատում են իշխանություններին, ու կարող են սա մահակ սարքել իրենց ձեռքին եւ բոլոր ըմբոստ, ընդդիմադիր կեցվածք ունեցող, քննադատող անձանց համար սա դարձնել ուղղակի չարիք՝ հետապնդելու համար:

- Այսինքն՝ պատժիչ մահա՞կ:

- Միանշանակ: Վաղը, մյուս օրը, կտեսնեք, կանցնի որոշ ժամանակ, համակարգը կսկսի գործել, կհիշեք՝ ինչ տեղի ունեցավ: Մարդկանց կանչելու են, ասեն՝ այս եկամուտները ձեզ որտեղի՞ց: Կարող է լինել չհարկվող եկամուտ, որի օրինակ է գյուղատնտեսական արտադրանքի իրացումից կամ բաժնետոմսերի վաճառքից ստացված եկամուտը, եւ ինչպես բերեցին, ապօրինի հարստացման օրինագիծն անցկացրին՝ հակասահմանադրական, լուրջ խախտումներով, նույնկերպ սրա հետ են վարվելու: Ի՞նչ են անելու՝ մեղավորության կանխավարկածով առաջնորդվելու են եւ ասելու են՝ հիմնավորի, ֆիզիկական անձ, որ այս եկամուտը չհարկվող եկամուտ է, ոչ թե իրենք են հիմնավորելու, որ դա հարկվող է, այլ հակառակը՝ ֆիզիկական անձի վրա ճնշումներ են գործադրելու, որ նա հիմնավորի: Այստեղ առաջանալու են կոռուպցիոն ռիսկեր, որովհետեւ ոչ միայն ֆիզիկական անձինք են միմյանց հետ գնալու պայմանավորվածությունների, այլեւ ֆիզիկական անձ եւ պետական մարմիններ փոխհարաբերություններում տեղի է ունենալու պայմանավորվածություն: Երկրորդ խնդիրը՝ անմեղ մարդկանց, զուտ նրա համար, որ ունեն ընդդիմադիր կեցվածք կամ ավելի ըմբոստ են, այդ մարդկանց լռեցնելու եւս մեկ գործիք է լինելու:

- Իսկ անկանխիկ գործարքների համակարգը հիմնավորվա՞ծ է:

- Գիտե՞ք ինչքան ծիծաղելի է կառավարության հիմնավորումը: Գրված է՝ օրենքի ընդունման նպատակը համատարած հայտարարագրումն է: Աբսուրդային ձեւակերպում, այսինքն՝ ոնց որ ասեն՝ երեխա ունենալու նպատակը երեխա ունենալն է, ոչ թե սերնդի շարունակությունը, կամ՝ հագուստ կրելու նպատակը հագուստ կրելն է, ոչ թե ցրտից պաշտպանվելը: Այսպիսի հիմար ձեւակերպումը գիտե՞ք ինչի մասին է խոսում, որ չունեն նպատակ։ Այսինքն՝ մենք չգիտենք, թե ինչի համար ենք այս համակարգը ներդնում, կամ՝ ունենք քողարկված նպատակ, որի մասին այս պահին չի կարելի բարձրաձայնել: Այստեղ 2 դրդապատճառ կարող է լինել: Առաջինը՝ դա եղել է միջազգային կազմակերպություններից գրանտների ստացում, գրանտները, բնականաբար, գրպանվել են, եւ ստիպված են ներդնել այս համակարգը։ Երկրորդը․ սա մահակ է ծառայելու, եւ իրենք եւս շահագրգռված են այս համակարգի ներդրմամբ: Նման էքսպերիմենտալ օրինագծերը փոքր երկրներում սովորաբար ներդնում են կա՛մ խոշոր երկրները, կա՛մ խոշոր միջազգային կազմակերպությունները, արդյունքը տեսնում են՝ դրական, բացասական կողմերը գույքագրում են, դրանից հետո կա՛մ փոփոխություն են անում, կա՛մ ընդհանրապես չեն իրականացնում եւ որոշում են՝ արժե՞ իրենց երկրներում ներդնել, թե՞ ոչ: Այն, որ այս փոփոխության համար գրանտ է ստացվել՝ սա միանշանակ է, ու այդ գրանտներից վաղուց օգտվել են: Օրինակ, կարող է թուրքական կողմից կամ թուրքական լոբբինգի արդյունքում տրամադրվի՝ Հայաստանն ուղղակի ներսից կործանելու համար։ Սա եւս չի կարելի բացառել:

- Նախագծի ամենավտանգավոր կողմերը որո՞նք են:

- Եկեք շերտավորենք․ բիզնեսի համար հետեւյալն է՝ մարդը չի ցանկանում իր իրական եկամուտներն ու ունեցվածքը հայտարարի ի լուր աշխարհի, այսինքն՝ չի ցանկանում, որ իմանան: Նմանատիպ դեպքերում, որպես կանոն, կապիտալն արտահոսում է երկրից․ սա պարտադիր բան է: Ի՞նչ կանեն սեփականատերերը, ոչ թե կթողնեն իրենց անունները գրանցված որպես բաժնետեր, այլ կբացեն օֆշորային ընկերություններ, որտեղ մարդու ունեցվածքի գաղտնիությունը երաշխավորված է, դիվիդենտները կտեղափոխեն այլ երկրներ։ Դուրս եկավ, որ եւս մեկ գործիքով նպաստեցինք Հայաստանից կապիտալի արտահոսքին: Հաջորդ կարեւորագույն խնդիրը պոտենցիալ կապիտալի ներհոսքի խոչընդոտումն է: Օրինակ, եթե պետք է չարչարվենք, յուրաքանչյուրս մեր ծանոթների կամ պարտնյորների միջոցով փորձենք լրացուցիչ ներդրումներ ներգրավել Հայաստան, գիտեք, այդ անձինք հետաքրքրված են տարածաշրջանով՝ որտեղ է քո երկիրը տեղակայված, ինչ ճանապարհներ ունի, ինչ պոտենցիալ, աշխատանքային, հարկային, բանկային դաշտ եւ այլն: Եվ երբ նրանք ուսումնասիրեն Հայաստանը եւ Վրաստանը, միանշանակ, որոշումը կայացնելու են Վրաստանում ներդրում կատարելու օգտին։ Այսինքն, Հայաստան մարդ չի գալու, որ մի հատ էլ վերահսկվեն, թե ինչ ունեցվածք ունեն: Սա մակրո առումով պետությանը լուրջ վնաս է, որը կանխատեսում ենք:

- Միկրո առումով վնասները որո՞նք կարող են լինել:

- Յուրաքանչյուր բնակչին սա տալու է ֆինանսական վնաս: Նախ, նրանք ինքնուրույն չեն կարողանալու լրացնել այդ հաշվետվությունները եւ պետք է դիմեն մասնագիտացված կազմակերպություններին։ Սա՝ մեկ ծախս աղքատ բնակչության համար։ Երկրորդ ծախսը՝ պարտադիր մոռանալու են: Գիտեք, սովորական գյուղացին իր առօրյա հոգսերով որ չարչարվում է՝ իր ընտանիքի գոյությունը պահպանելու համար, չի հիշելու, որ յուրաքանչյուր տարի մինչեւ ապրիլի 20-ը պետք է հաշվետվություն ներկայացնի: 50 հազար դրամ վարչական է տուգանվելու, ինչպես են ավտոտեսչության տուգանքները մտնում հարկադիր ու դառնում բեռ մարդկանց համար: Հաջորդը մարդկանց ավելի կառավարելի դարձնելն է, թեկուզ հասարակ մարդկանց եկամուտները տեսնելն է, թեկուզ նույն հասարակ, բայց ըմբոստ քաղաքացուն ճնշումների ենթարկելը: Կարող է, օրինակ, ոստիկանության աշխատակիցը հարկային մարմիններից տեղեկատվություն վերցնի եւ կանչի ինչ-որ գյուղացի մարդու, որի հետ նրանք կարող է ունենան անձնական խնդիրներ, այդ մարդուն ասի՝ գիտես, գործ կսարքեմ, հասարակ քաղաքացիներն էլ սովորաբար օրենքներից շատ քաջատեղյակ չեն, արդյունքում ծնվում են վախի մթնոլորտ, նոր կաշառակերության դեպքեր եւ այլ հետեւանքներ: