Պալատական ցինիզմ

Պալատական ցինիզմ

Իշխանությունը նենգ բան է՝ համեստ, զուսպ ու ժուժկալ մարդուն այն արագորեն փչացնում է, դարձնում մեծամիտ, ագահ, վատնող, ամենակարեւորը՝ նրան կտրում է իրականությունից, եւ նա աշխարհին սկսում է, այսպես ասած, «Հայլուրի» աչքերով նայել։

Կարծում է, թե մեծ երջանկություն է պարգեւել թոշակառուներին՝ 2 հազար դրամ թոշակ բարձրացնելով, երեխաներին՝ հրապարակը լուսավորելով, զոհվածների ծնողներին՝ Եռաբլուրում նրանց որդիների գերեզմանները սարքելով։

Բոլոր իշխանավորները, եթե անգամ երբեւէ քայլում են փողոցներում, ոչ թե մեզ նման քաղաքի աղբն ու ամեն օր ծլող անճոռնի շինություններն են տեսնում, ոչ թե ժամերով սպասում են կանգառներում եւ հետո լեփլեցուն տրանսպորտով երթեւեկում, ոչ թե խանութներում ամեն օր աճող գներին են սարսափով հետեւում, այլ հիանում են Երեւանում ընթացող բնակարանաշինությամբ, ճանապարհի մի մասում արված ասֆալտով, որեւէ փողոցում կախված գովազդային նոր վահանակով։ Նկատում են, որ համերգներ ու լավ կատարողներ են Հայաստան գալիս, մեծ թվով ինքնաթիռներ են իջնում «Զվարթնոց» օդանավակայանում, բայց չեն նկատում, որ մեր փողոցներում գեթ մեկ ժպտացող մարդ չես տեսնի, որ մարդկանց հագին հնամաշ շորեր են, որ նրանց կյանքն անուրախ է, առօրյան՝ հոգսաշատ։

Բայց իշխանության մեջ հայտնվածների արագ տրանսֆորմացիայի մեղավորը միայն իրենք չեն, այլ նաեւ մենք ենք՝ շարքային քաղաքացիներս։ Այն ժպիտներն ու քծնանքը, որ շարքային մարդիկ առիթի դեպքում ուղղում են պաշտոնյաներին։ Պաշտոնյաներին անհանգստություն չպատճառելու ստրկամտությունը, չպահանջված ծառայություններ մատուցելու ջերմեռանդությունը փչացնում է նրանց։ Դարձնում անտարբեր, անզգա ու ցինիկ։ «Հաց չկա՝ թող գաթա ուտեն»,- ասում էր հայտնի թագուհին, եւ այս պալատական ցինիզմը հավերժ է։