Քուրի՛կ, անունդ ո՞նց էր

Քուրի՛կ, անունդ ո՞նց էր

- Քուրիկ, անունդ ո՞նց էր,- այս հարցը հնչեց ՀՀ պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» հանդեսի գլխավոր խմբագիր Սամվել Հարությունյանից՝ իմ ու նրա հեռախոսային երկրորդ զրույցի ավարտին:

Ոչի՛նչ, որ արդեն ներկայացել էի առաջին զրույցի ընթացքում ու թվով երրորդ նամակն ուղարկել խմբագրության էլեկտրոնային հասցեով՝ անպատասխան: 

Անունս, կարծում եմ, լավ է կամ՝ երեւի լավն է, բայց ե՛ս լավ չեմ, լավ չեն այն հազարավոր ծնողները, հարազատներն ու սիրելիները, անհայր մանուկները, որոնք լույս նահատակներ տվեցին 44 օր տեւած ու մինչ օրս չվերջացած պատերազմին: Նրանք երբե՛ք էլ լավ չեն լինի:  Տեսնելով, թե ինչպես են նրանց հարազատները, հայրերը, մայրերը խնդրում, որ ինչ-որ կերպ բոլորն իմանան իրենց որդու, եղբոր գերմարդկային սխրանքների մասին՝ հաճախ ուղիղ գրառմամբ, հաճախ՝ ուղղակի, վիրավորական, սրտակեղեք շարադրանքներ թողնելով սոցիալական ցանցերում, հանդես եկա պարզ նախաձեռնությամբ: Համարելով, որ իմ «փեշակը» գրելն է, քանի որ չեմ կարողացել այդ օրերին փխրուն ուսիցս կախել զենքն ու գնալ կռվելու, հասկացա, որ պարտավոր եմ ուղղակի անշահախնդրորեն ծառայել հայրենակիցներիս:  Փոքրիկ հայտարարություն թողեցի ֆեյսբուքյան իմ էջում՝ առ այն, որ պատրաստ եմ լուսաբանել բոլոր նահատակների մասին, փաստագրել այն ամենը, ինչպես եղել է, խոսել ՀԵՐՈՍՆԵՐԻ ոչ երկար կենսագրության ընթացքում կատարած բարի գործերի, նրանց տաղանդի ու մարդկային առաքինությունների մասին: Մի քանի ժամ անց չէի հասցնում արդեն պատասխանել հարազատների նամակներին, որոնք մինչ օրս չեն դադարել, որոնց հետ անգամ մտերմացել ենք՝ փորձելով թեթեւացնել ցավը պարզ, մարդկային փոխադարձ ջերմությամբ: 

Երբ պատրաստ էր արդեն 13 պատմություն, դիմեցի «Հայ զինվոր» հանդեսի խմբագրություն: Առանց ճանաչելու խմբագրությունում աշխատող որեւէ մեկին, շարադրեցի ազնիվ՝ ինձ համար աշխատատար նախաձեռնության մասին ու խնդրեցի տպագրել փոքրիկ անդրադարձները նաեւ իրենց կայքէջում: 

«Հայ զինվոր» հանդեսի գլխավոր խմբագիր Սամվել Հարությունյանն անմիջապես պատասխանեց ու թողեց հեռախոսահամար՝ այլ մանրամասների շուրջ զրուցելու եւ առարկայական քննարկելու համար: 

Խոսեցինք հեռախոսով, հասկացա, որ պարոնը զբաղված է, ամեն դեպքում եւս մեկ անգամ սիրալիր ասաց, որ ուղարկեմ պատմությունները, որոնք գրվել են հարազատների ուղարկած տեղեկատվության հիման վրա:

Երկու պատմություն ուղարկեցի՝ խնդրելով, որ կարդալուց հետո արձագանքի, եթե հարկավոր է՝ փոխել ձեւաչափը կամ ծավալը, բայց վստահ էի, որ այդկերպ հարազատների մրմռացող սրտերը մի քիչ կուռչեին հպարտությունից, կջերմանային, քավ լիցի՝ իմ համեստ անունը ոչ մի կայքէջում հանրայնացնելու խնդիր երբեք չեմ ունեցել: 15 ու ավելի օրերի լռությունից հետո նորից զանգահարեցի պարոն Հարությունյանին:

 Ինձ ուղղված կցկտուր հարցերից եւ «քուրիկ» դիմելաձեւից հասկացա, որ մարդն ուղղակի մոռացել է, մոռացել է ոչ միայն անունս, մոռացել է, թե ինչ եմ ուղարկել կամ ինչու եմ ուղարկել, փաստեմ ամենադաժանը․ կարծում եմ՝ անգամ մոռացել է արդեն ՊԱՏԵՐԱԶՄԻ մասին:
Խիղճս հանգիստ գրեցի այն ամենը, ինչ կարդացիք, որովհետեւ հասկացա նաեւ, որ հարազատներից հավաքագրած ֆեյսբուքյան իմ բոլոր փաստագրական ակնարկներում հստակ երեւում են մեր եղբայրների մահվան բոլոր դրդապատճառներն ու հանգամանքները: Դատողությունները ձեզ եմ թողնում, սիրելի՛ ընթերցողներ:

- Պարոն Սամվել Հարությունյան, անունդ ո՞նց է հիմա, որ նորից մի քանի անգամ փորձեցիր կապ հաստատել ինձ հետ, բայց ես այլեւս չպատասխանեցի՝ «դու»-ով եմ դիմում արդեն, ելք չթողեցիր:
Մոռացա՞ր, թե՞ չուզեցիր, որ բարձրաձայնվի իրականությունը, ինձ մեղսակից չդարձար, որ ձեռքերդ «մաքուր» մնան, դու էլ՝ խմբագրի քո պուճուր աթոռին:

Արուս ՍՈՒՐԵՆ
բանաստեղծուհի, ՀԳՄ անդամ