«Իսկանդեր». ինչպես է ստեղծվել եւ ինչի համար

«Իսկանդեր». ինչպես է ստեղծվել եւ ինչի համար

Թեպետ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային հա­մալիր­ների (ՕՄՀՀ) վերաբերյալ համացանցում բավական ընդարձակ տեղե­կատվութ­յուն կարելի է գտնել, այդուհանդերձ, վերջերս թյուր կարծիք ձեւավորվեց այդ հզոր համալիրի մասին: Եղան շահարկումներ, ընդհուպ նշվեց, որ դա 1980-ական թվականների զինատեսակ է: Այստեղ ճշմարիտն այն է, որ «Իսկանդեր» ՕՄՀՀ-ի մշակումը սկսվել է ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեի եւ ԽՍՀՄ նախարարների խորհրդի ««Իսկանդեր» ՕՄՀՀ-ի ստեղծման փորձարարա-կոնստրուկտորական աշխատանքները սկսելու մասին» 1988 թ. դեկտեմբերի 21-ի № 1452-294 որոշման համաձայն: Դրա համար անձնական ջանքեր է գործադրել գլխավոր կոնստրուկտոր Ս. Պ. Նեպոբեդիմին, ով Ռազմարդյունաբերական հանձնաժողովին ապացուցել է, որ «Իսկանդերը» կարող է լինել որպես «Օկա» ՕՄՀՀ-ի փոխարինող, որը չի ընկնի ԽՍՀՄ եւ ԱՄՆ միջեւ 1987-ին կնքված եւ 1988-ի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած պայմանագրի ազդեցության տակ, որով նախատեսված էր վերացնել վերգետնյա բազավորման միջին (1000-500 կմ) եւ փոքր (500-1000 կմ) հեռահարության բալիստիկ եւ թեւավոր հրթիռների համալիրները:

Առաջին անգամ «Իսկանդերը» ներկայացվել է 1999 թ․ օգոստոսին՝ Մոսկվայի մարզի Ժուկովսկի քաղաքում Միջազգային ավիատիեզերական սրահում (МАКС): Ռուսաստանի ԶՈՒ-ում «Իսկանդերը» սպառազինության է ընդունվել 2006-ին: Այսինքն, 1999-ից հետո այն մի քանի տարի ենթարկվել է լրամշակ­ման, բարելավման: Հետեւաբար, այդ համալիրը, կարելի է ասել, 2000-ականների սկզբի մշակում է: «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային հա­մալիրների ընտա­նիքներից է եւ ներառում է մի քանի մոդիֆիկացիաներ. «Իսկանդեր», «Իսկանդեր-M», «Իսկանդեր- K», «Իսկանդեր-Э»:

Հրթիռի մեկնարկային զանգվածը 3800 կգ է, մարտական մասինը՝ 480 կգ: «Իսկանդեր» հրթիռային համալիրների հիմնական նշանակումն է՝ հակա­ռակորդի հակօդային պաշտպանության (ՀՕՊ) եւ հակահրթիռային պաշտպա­նութ­յան (ՀՀՊ) համակարգերի, ինչպես նաեւ դրանցով պաշտպանվող կարեւո­րագույն օբյեկտների ոչնչացումը՝ մինչեւ 500 կմ հեռավորությամբ: Արտահանման համար նախատեսված է «Իսկանդեր-Կ»-ն՝ 280 կմ հեռահարությամբ: Ամբողջ աշխարհում հիմնական շահագործողն է Ռուսաստանի Դաշնությունը, «այլ շահագործողներ»՝ Հայաստանի Հանրապետություն:

Ըստ արեւմտյան վերլուծաբանների՝ «Իսկանդեր» ՕՄՀՀ-ն, С-400-ի եւ «Բաստիոնի» (հակառազմանավային համալիր) հետ միասին, առանցքային դեր է խաղում Ռուսաստանի ԶՈՒ-ի հայեցակարգում, որն Արեւմուտքում հայտնի է որպես «արգելված գոտի» (Anti-Access/Area Denial, A2/AD), ինչը նշանակում է, որ ՆԱՏՕ-ի զորքերը չեն կարող գտնվել եւ տեղաշարժվել համակարգերի գործողության A2/AD արգելված գոտու շառավիղում՝ առանց անընդունելի վնասի ռիսկի: 

Ըստ «The National Interest»-ի, «Իսկանդերը» ՌԴ ԶՈՒ-ի ամենավտանգավոր զենքն է, քանի որ ունի ոչ միջուկային կիրառման շատ ցածր բարիեր, իսկ հրթիռ­ների հեռա­հարութ­յունը եւ ՀՕՊ-ը հաղթահարելու հնարավորությունը կարող է հան­գեցնել հսկայական վնասի՝ «Իսկանդերով» օդանավակայաններին, լոգիստիկ կենտ­րոններին եւ նմա­նատիպ օբյեկտներին հարվածելու դեպքում: Փորձագետները «Իսկանդեր» ՕՄՀՀ-ի զանգվածային կիրառությունը, ըստ վնասի մասշտաբի, համե­մատում են ՆԱՏՕ-ի ավիացիայի ռմբակոծությունների հետեւանքների հետ:

Վերլուծաբանները, որոնք դիտարկում են թույլ բանակներով երկրների հետ Ռուսաստանի լոկալ կոնֆլիկտների սցենարները, նշում են, որ «Իսկանդերը» կարող է արագ լուծել լոկալ պատերազմի ելքը հենց սկզբում, որովհետեւ  հնարավորություն է ընձեռում սկսել զանգվածային ռմբակոծություններ Սու-34-ով եւ Սու-24-ով: Բացի դրանից, «Իսկանդեր»-ներով օդանավակայանների, հրամանա­տա­րական կենտրոնների, պահեստների, զորանոցների եւ բազաներում տեխնի­կայով անգարների ոչնչացումը կանոնավոր բանակը վերածում է անկազմակերպ ուժի՝ առանց կենտրոնացված մատակարարման եւ կառավարման՝ կոնֆլիկտը սկսվելու առաջին րոպեներին: Կամուրջների ոչնչացումը «Իսկանդեր»-ներով եւ երթի մեջ գտնվող զորքերին հարվածելու ռիսկը սահմանափակում է ինչպես մանեւրելու, այնպես էլ ճեղքման տեղամասերում համալրման ժամանման հնարավորությունը:

Ընդհանուր առմամբ, ինչպես նշում են արեւմտյան հեղինակ­ները, «Իսկանդեր»-ների կիրառման սցենարները նման են ՆԱՏՕ-ի թեւավոր հրթիռ­ների զանգվածային կիրառմանը՝ թույլ բանակների հարձակման ժամանակ, սակայն թեւավոր հրթիռները կարող են ոչնչացվել զարգացած ՀՕՊ-ով, այն դեպքում, երբ «Իսկանդերն» ինքն է հանդիսանում ՀՕՊ խոցելու միջոց:

Ի դեպ, Military Balance-ի 2017թ․ թողարկման մեջ կատարվել է համեմատություն ԱՄՆ ՕՄՀՀ-ի եւ «Իսկանդերի» միջեւ, որտեղ ասված է «Իսկանդերի» առավելության (հեռահար գործողության առումով) եւ ԱՄՆ սպառազինության մեջ LRPF հրթիռներ («Իսկանդերի» նման 500 կմ հեռահարությամբ) ներառելու մասին, ինչը պլանա­վորվում է 2027 թվա­կանին:

Գագիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր