Քոչարյանը` կշեռքի երրորդ նժար

Քոչարյանը` կշեռքի երրորդ նժար

Ադրբեջանը Սյունիքում խրամատ է փորում, ինժեներական կառույցներ ամրացնում, իսկ մեր Ազգային ժողովում ԲԴԽ նախագահին բզկտելով են զբաղված: Թուրքիան եւ Ադրբեջանը պատրաստվում են կրկին համատեղ զորավարժություններ անցկացնել, իսկ մենք ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից հեռացնելու գործընթացն ենք փորձում ավարտին հասցնել: Տպավորություն է ստեղծվում, որ մենք Թուրքիա եւ Ադրբեջան հարեւաններ ունեցող Հայաստանում չենք, կամ Հայաստանը մերը չէ` Թուրքիա եւ Ադրբեջան հարեւաններով: Որ մեր իշխանությունները կապ չունեն մեր երկրի սահմանների հետ, սպառնացող պատերազմի հետ:

Կարծես Արցախը հանձնելուց հետո հանձնել ենք նաեւ Հայաստանը, եւ թշնամին ինչպես ցանկանում, այնպես էլ վարվում է մեզ հետ, իր խղճին է: Իսկ մեր թշնամին, գիտենք, որ խիղճ չունի: Մեր կյանքի այս անհասկանալի պատկերի վրա է հարցազրույց տալիս Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցներին` կրկին հաստատելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վճռականությունը, որ պատասխան էր արտահերթը վերստին շրջանառության մեջ դնելու Նիկոլի հայտարարությանը: Իսկ ռուսական լրատվամիջոցների հետաքրքրությունն ու մասնակցությունը հարցուպատասխանին ծավալային ընդգրկումով աննախադեպ էր: Սա վկայում է այն մասին, որ Ռուսաստանը զգայուն եւ ուշադիր է ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ եւ անտարբեր չէ նրա վերադարձով պայմանավորված քաղաքական զարգացումներին: Ինչը հաստատում է նաեւ Պեսկովի հայտարարությունը, որ Ռոբերտ Սեդրակովիչը Ռուսաստանի բարեկամ գործիչներից է, եւ սա ասվում է ՌԴ առաջին դեմքի խոսնակի շուրթերով: 

Քոչարյանի այս հարցուպատասխանն օրվա մեջ մոռացնել տվեց իշխանության եւ ընդդիմության ելույթները` հասարակության ուշադրությունն ուղղելով իր կողմը, որ կշեռքի երրորդ նժարն է քաղաքական գործընթացներում: Փորձենք որոշ դիտարկումներ առանձնացնել: Քոչարյանն ասում է, որ երեք միլիարդ է անհրաժեշտ բանակը վերազինելու համար, եւ դա հնարավոր է անել Ռուսաստանի հետ ճիշտ հարաբերություններ ունենալու միջոցով: Ընդգծում է, որ Արցախի խնդիրը վերջնականապես լուծված չէ, ինչպես Ադրբեջանն է կարծում: Այստեղ չի ասում, որ լուծվելու է Ռուսաստանի հետ ճիշտ հարաբերություններ կառուցելու շնորհիվ: Բայց փոխարենը նկատում է, որ Ադրբեջանը Թուրքիայի ռազմավարական գործընկերն է եւ հաղթեց այս պատերազմում, իսկ մենք Ռուսաստանի ռազմավարական գործընկերն ենք եւ պարտվեցինք այս պատերազմը, ինչը հաճելի չէ: Ի վերջո, վրեժը համարում է թույն, որ սպանում է խմողին, բայց նկատում է, որ բարոյականություն ունեցողը նոյեմբերի 10-ին ներողություն կխնդրեր ժողովրդից եւ ինքնասպան կլիներ: 
Նիկոլն ասում է այն, ինչ լսում ենք երեք տարի շարունակ` նախկինները:

Ընդդիմությունն այդ առումով դեռ չի բոլորել չորս ամիսը, բայց խոսքի տիրույթում մենիշխանություն է` դավաճանը պետք է հեռանա: Քոչարյանն ասում է իրատեսական, նոր բան, ոչ այնքան հետաքրքիր, որքան՝ ուշագրավ, որ ծանրանում է հարցազրույցից հարցազրույց որպես կշեռքի երրորդ նժար: Վերջապես, գուցե ամենակարեւորը. Քոչարյանին նրբորեն սատարում է Ռուսաստանի Դաշնությունը, Նիկոլին բացահայտ պաշտպանում են Թուրքիան եւ Ադրբեջանը: ՀՀ քաղաքացին` ընտրողը, ընտրություն է կատարելու Ռուսաստանի եւ թուրք-ադրբեջանական եղբայրության միջեւ:

Հուսիկ Արա