Փաշինյանը չունի ո՛չ տեսլական, ո՛չ քաղաքականություն, ո՛չ կամք եւ ո՛չ էլ պատկերացում, թե ինչպես խնդիրներին լուծում տա
«Հրապարակի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը:
- Առավոտյան թշնամին Արցախի ուղղությամբ կրակ է բացել, անգամ տեղեկություններ կան, որ Սյունիքի սահմաններին կուտակումներ են: Սա ի՞նչ է նշանակում:
- Ինչ տեղի է ունենում, լրիվ նորմալ է ու տրամաբանական:
- Նոր պատերազմի վտանգ այս պահին կա՞:
- Չի բացառվում, բացարձակապես չի բացառվում, հատկապես այն դեպքում, երբ ՀՀ ղեկավարությունը զերծ է մնում մեկնաբանություններից: Այսինքն` մեր ղեկավարությունը գիտի, որ կա լարվածություն, սակայն որոշել են պահպանել լռություն: Դա իրենց խաղաղության դարաշրջանի գինն ու արժեքն է ցույց տալիս:
- Այսինքն` թշնամին, օգտվելով առիթից, կարո՞ղ է առաջ գալ:
- Թշնամին քարտ-բլանշ է ստացել Հայաստանի իշխանություններից: Իհարկե, նա կարող է առաջ գալ, ինչո՞ւ չէ, երբ լռություն է, երբ մարդիկ չեն մեկնաբանում իրավիճակը, երբ սահմանները պաշտպանելու փոխարեն արտաքին գործերի նախարար են ուղարկում Թուրքիա, այսինքն` դուք ուրիշ ի՞նչ զարգացում կարող եք ակնկալել:
- Ձեր կարծիքով, Արարատ Միրզոյանն ինչ-որ հատուկ նպատակո՞վ է մեկնում Թուրքիա՝ մարտի 11-13-ը Անթալիայի ֆորումին մասնակցելու:
- Ես դրական ազդակ չեմ կարող տեսնել ո՛չ Թուրքիայից, ո՛չ Ադրբեջանից, ո՛չ էլ առավել եւս նրանց ծառայող գործող իշխանություններից, ի դեմս` Նիկոլ Փաշինյանի: Ես նրանցից ոչ մի դրական ազդակ չեմ կարող սպասել: Իսկ թե ինչու է Արարատ Միրզոյանը գնացել Թուրքիա, ես չգիտեմ: Հրամայել են՝ գնացել է: Ասել են՝ կներկայանաս, ինքն էլ գլուխը կախ ներկայացել է: Ուրիշ ո՞նց պետք է լինի: Ո՞ւմ են ծառայում նրանք:
- Իսկ ռուս խաղաղապահներն ինչո՞ւ թշնամի Ադրբեջանի ախորժակը չեն փորձում զսպել:
- Որովհետեւ ռուս խաղաղապահները պարտավորվածություն չեն վերցրել հայերի փոխարեն պաշտպանել հայերի հողերը: Հայը պետք է իր սահմանը թշնամուց պաշտպանի: Ես հասկանում եմ, որ էս տգետները ռուսներին բերել՝ էստեղ տնգել են, ու իրենց թվում է, թե հարցը փակվել է, բայց այդպես չէ: Ռուս խաղաղապահները կարող են միայն օգնել հայկական կողմին, ոչ թե հայերի փոխարեն պաշտպանել հայկական հողը:
- Կարծում եք՝ հայկական կողմը դիմադրություն ցույց չի՞ տալիս:
- Ես չեմ տեսնում: Կարծելու հարց չկա, կա տեսնելու հարց:
- Իսկ ինչո՞ւ է բանակը ենթարկվում վարչապետին, եթե նրա հրամանները հօգուտ մեզ չեն:
- Ենթարկվում է, որովհետեւ դա օրենքի պահանջ է: Որովհետեւ բանակը պետք է ենթարկվի երկրի ղեկավարին: Դա նորմալ է: Այլ հարց է, որ մեր երկրի ղեկավարությունն այս է` անթասիբ ոչնչություններ: Սրանք բացարձակապես պատկերացում չունեն սպասվելիք վտանգներից:
- Առաջիկայում վարչապետը մեկնելու է Մոսկվա: Ինչպե՞ս սա կմեկնաբանեք:
- Բացարձակապես չունեմ ոչ մի պատկերացում: Նիկոլ Փաշինյանը չունի ո՛չ տեսլական, ո՛չ քաղաքականություն, ո՛չ կամք եւ ո՛չ էլ պատկերացում, թե ինչպես կարելի խնդիրներին լուծում տալ: Նա կատարում է այլոց հրահանգները:
- Ընդդիմությունն ինչո՞ւ կտրուկ գործողությունների չի դիմում:
- Իսկ ի՞նչ պետք է անի ընդդիմությունը: Ընդդիմությունը ելույթ ունեցավ: Ո՞ւ:
- Օրինակ, ինչո՞ւ փողոցային պայքար չի սկսում:
- Ինչպե՞ս: Պայքար մղելը Դուք ո՞նց եք հասկանում:
- Օրինակ, 2018-ին ինչպե՞ս Նիկոլ Փաշինյանը ժողովրդին հավաքեց փողոցում:
- Նիկոլ Փաշինյանի մեջքին կանգնած էր մի ամբողջ Արեւմուտք՝ իր հսկայական ռեսուրսներով ու դրամամիջոցներով: Դուք մի կարծեք, թե ինչ-որ մի փնթի, անլվա Փաշինյան ոտքով Գյումրիից եկավ․․․ Դրանք տարիների ընթացքում մշակված ծրագրեր էին: Սա 2008 թվականի տապալված հեղաշրջման շարունակությունն է:
- Ռուս-ուկրաինական հակամարտությունից Հայաստանն ինչ-որ բան կարո՞ղ է շահել:
- Հայաստանը բոլոր դեպքերում տուժելու է: Կապ չունի՝ Ռուսաստանը կհաղթի, թե կպարտվի: Հայաստանը ցանկացած պարագայում պարտվելու է, որովհետեւ Հայաստանում գոյություն չունի հայամետ, պետականաշեն իշխանություն: Մենք առհասարակ չունենք իշխանություն: Դրա համար էլ՝ ով ուզում է հաղթի, ով ուզում է պարտվի, մեկ է, Հայաստանը պարտվելու է:
Կարծիքներ