Այրվածքներ ստացած զինվորին վիրահատել են, սպային` ոչ

Այրվածքներ ստացած զինվորին վիրահատել են, սպային` ոչ

Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Կարինե Բաբայանն այսօր «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Ազատ գյուղի զորանոցի հրդեհի հետևանքով բուժհաստատություն տեղափոխված զինվորի և սպայի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

«Զինվորին վիրահատել են, սպային էլ պետք է վիրահատեն առաջիկայում, հավանաբար՝ եկող շաբաթ: Զինվորը մաշկի փոխպատվաստման է ենթարկվել, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության», - նշեց նա:

Կարինե Բաբայանը նաև ասաց, որ դեռ վաղ է հրդեհից տուժած զինծառայողներին բուժհաստատությունից դուրս գրելու մասին խոսելը, քանի որ վերքերը դեռ չեն լավացել. «Մինչև վերքերը չլավանան, վերջնական չփակվեն, նրանց դուրս գրել չենք կարող»:

Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրենը նաև նշեց, որ տղաները ստանում են նաև հոգեբանական աջակցություն:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 16 զինծառայող, սպան, որն ըստ նախնական վարկածի բենզինով վառարան է վառել, ինչի արդյունքում տեղի է ունեցել հրդեհը և մեկ այլ զինծառայող ծանր վիճակով տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն: