Զուգահեռ իրականություն

Զուգահեռ իրականություն

Շիրակի մարզի Իսահակյան գյուղում 70-ամյա տղամարդու դի են գտել՝ գոմում կախված։ Պուշկինի լեռնանցքում 33-ամյա տղամարդը մեքենան կանգնեցրել է ճանապարհի վրա եւ 25 մետր խորանալով անտառում՝ մեքենայի ամրագոտիով իրեն կախել ծառից։ Եղվարդում ավտոմեքենայում սրբիչով խեղդամահ արված 61-ամյա տղամարդու դի են հայտնաբերել, կասկածյալը 31-ամյա մի կին է։ Սա վերջին օրերի քրեական խրոնիկան է՝ սահմռկեցուցիչ եւ հուսահատեցնող։ Փաստորեն, Հայաստանում «ապագա կա», բայց հույս չկա։ Մի կողմից՝ ընտրություններում հաղթած ուժերը նոր Ազգային ժողով եւ կառավարություն ձեւավորելու հաճելի իրարանցման մեջ են, իսկ նրանց ընտրած հասարակությունը՝ հուսահատության ու ընկճախտի։

Միաժամանակ, խիստ ահագնացել են երկրից հեռանալու, արտագաղթելու մասին խոսակցությունները։ Մարդիկ աշխատանք գտնելու, գումար վաստակելու, արժանապատիվ ապրելու հույս չունեն, չեն հավատում, որ երկրում տնտեսական աճ եւ զարգացում կլինի։ Հնարավոր կլինի հաղթահարել ու լուծել առկա բոլոր խնդիրները։ Գերիների հարազատները հույսը կտրել են, որ իրենց մերձավորներին երբեւէ կտեսնեն։ Գյուղացին հույս չունի, որ անհրաժեշտ քանակի ջուր կունենա, կկարողանա վճարել վարկերն ու հարկերը եւ հողից ստացած եկամտով ընտանիք պահել։

Քաղաքացին հույս չունի, որ երբեւէ կկարողանա չափահաս որդու համար տուն գնել, անչափահասին՝ լավ կրթության տալ։ Ուսուցիչները հույս չունեն, որ երբեւէ բարձր կվարձատրվեն եւ դրամը հաշվելով չեն ապրի։ Բիզնեսմենները հույս չունեն, որ այսուհետ որեւէ բիզնես կկարողանան զարգացնել՝ եթե եղածն էլ պահպանեն, մեծ հաջողություն կհամարեն։ Բուհերի աշխատողները հույս չունեն, որ երբեւէ նորմալ ռեկտոր կունենան, եւ բուհը կզարգանա։ Մի խոսքով՝ ճգնաժամը շարունակվում է, եւ այն ամենուր է։