Մենք որևէ մարդու դեմ արշավ չենք կազմակերպել

Մենք որևէ մարդու դեմ արշավ չենք կազմակերպել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը երեկ ոչ մի կերպ չէր ցանկանում պատասխանել իրենց խմբակցությանը, խմբակցության ներսում տիրող իրավիճակին վերաբերող մեր հարցերին։ Նա մեզ առաջարկում էր այդ հարցերով դիմել կա՛մ Հակոբ Սիմիդյանին, որն «Իմ քայլը» խմբակցության քարտուղարն է, կա՛մ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին։
Այդուհանդերձ, իրեն հարցրինք՝ որպես խմբակցության անդամ՝ ի՞նչ կարող է ասել այն մասին, որ, ըստ համառ լուրերի, տարաձայնություններ կան իրենց խմբակցության ներսում, թեւերի են բաժանվել խմբակցությունում, եւ անգամ կանխատեսումներ կան, որ կարող է 88 հոգանոց խմբակցությունը պառակտվել ու միանալ ընդդիմադիր որոշ ուժերի հետ եւ մասնակցել վարչապետին անվստահություն հայտնելու հասունացող գործընթացին։

«Որեւէ տարաձայնություն չկա, ամեն ինչ նորմալ է, բոլորը միակամ են, միակարծիք են, եւ ամեն ինչ նորմալ է լինելու»,- մեր հարցին այսպես արձագանքեց Գեւորգ Պապոյանը։

- Իսկ այն արշավը, որ տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի դեմ՝ իշխանության կողմից, Ձեր սրտո՞վ է։

- Մենք որեւէ մարդու դեմ արշավ չենք կազմակերպել ու չենք արել։

- Իսկ 40 տարվա վաղեմության այն քրեական գործը՝ Գագիկ Ծառուկյանի դատվածության թեմայով, որ հրապարակվեց, Ձեզ դո՞ւր եկավ։

- Ես ասում եմ՝ որեւէ մարդու դեմ արշավ մենք չենք կազմակերպել ու չենք արել։

- Բայց վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում, ամենայն մանրամասնությամբ, հրապարակվեցին դռնփակ դատական նիստի նյութերը։

- Ես պատասխանեցի։ Ձեր հարցի պատասխանը հետեւյալն է՝ մենք որեւէ անձի դեմ արշավ չենք կազմակերպել եւ չենք անելու։