Հայտնի են կամավոր ատեստավորման ժամկետները

Հայտնի են կամավոր ատեստավորման ժամկետները

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների 2024 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը, համաձայն որի՝ դրանք տեղի կունենան մարտի 28-ին եւ 29-ին: Այս փուլը չհաղթահարելու դեպքում ուսուցիչները հնարավորություն չեն ունենալու իրականացնել մանկավարժական աշխատողի գործունեություն, մինչեւ չապահովեն ուսուցչին ներկայացվող պահանջները:

Հիշեցնենք, որ «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի ապահովման համար ժամկետ էր սահմանված 2023 թվականի օգոստոսի 20-ը: Ըստ այդմ՝ ուսումնական հաստատությունում աշխատող այն ուսուցիչները, որոնք չէին համապատասխանում «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներին, նշված ժամկետից հետո չէին կարող շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը:
Նախորդ տարի ոչ բարձրագույն կրթությամբ մասնագետներին տրվեց հավելյալ հնարավորություն՝ կամավոր ատեստավորման մասնակցության արդյունքում համապատասխան շեմը հաղթահարելու դեպքում շարունակել մասնագիտական աշխատանքը։

Միաժամանակ ԿԳՄՍՆ-ն մշակում է աջակցության ծրագիր՝ բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների մասնագիտական զարգացման նպատակով: Ըստ այդմ՝ ծրագրի շահառու հանդիսացող անձը, որի մասնագիտական գործունեությունը դադարեցվել է, կարող է կրթություն ստանալ ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատություններից որեւէ մեկում. պետությունը կապահովի ուսման վարձի փոխհատուցում: