Հայի վերջին խելքը  

Հայի վերջին խելքը  

ԱՆԳԱՄ ԴԱՐԵՐՈՎ ՉԵՆՔ ԿԻՐԱՌԵԼ 

35 տարի առաջ` այս օրերին սումգայիթյան դաժան ոճրագործությունն էր իրագործվում: Անցել է 35 տարի, ու թվում էր, թե պետականություն ունեցող ազգն ու ժողովուրդը վերջնականապես պետք է թոթափեր ոչ միայն ցեղասպանվածի դաժան ընկճվածությունը, այլև պիտի հասներ քաղաքական, իրավական և ռազմական այնպիսի հզորության, որ որևէ պետություն չհամարձակվեր դաժանաբար վարվել իր հետ, և անցյալում իրեն ցեղասպանության ենթարկած ժողովուրդներին ու նրանց պետություններին պիտի պարտադրեր, որ ներողություն խնդրեին և փոխհատուցեին մեր և՛ մարդկային ու տարածքային կորուստների, և՛ մշակութային ավերածությունների, և՛ տնտեսական-դրամական թալանի դիմաց: Մինչդեռ մենք 35 տարի առաջ, երբ հերոսական պայքարով ոչ միայն պաշտպանեցինք մեզ, այլև ազատագրեցինք քաղաքական բռնությամբ Հայաստանից անջատած Արցախի մի զգալի մասը և հաղթեցինք մի պատերազմում, որտեղ մենք մենակ էինք, իսկ թշնամին՝ դաշնակիցներով: Անհանդուրժելի է, որ մեր քաղաքական գործիչները՝ պետության ղեկին հայտնված անձինք, եղան ապիկար, սակայն, ցավոք, չհասունացան պաշտոնական աշխատանքի ընթացքում և չզգացին իրենց ապիկարությունը, թե՞ չուզեցին սովորել կամ, որ առավել դատապարտելի է՝ դարձան օտար ուժերի ձեռքին խամաճիկ:

35 տարի հետո մենք հայտնվել ենք ավելի ծանր քաղաքական, ռազմական և աշխարհաքաղաքական իրավիճակում. մարդկությունը հայտնվել է երրորդ համաշխարհային պատերազմի բովում, պարզապես այդ համաշխարհայինն ընթանում է հատվածական, և ռազմական գործողություններից հեռու ժողովուրդներն ու իրենց պետությունները հարաբերական և խաբուսիկ անվտանգության մեջ են, և ոչ ոք չգիտի, բացի «սցենարիստ-ռեժիսոր-դիրիժորներից», թե որ պետությունը երբ կներքաշվի այդ «երրորդի» մեջ: Մեզ արդեն 35 տարի է՝ ներքաշել են, պարզապես այն տարիներին երրորդ համաշխարհայինը մարդկանց անհավանական էր թվում…
Մեզ համար սկսեցին Սումգայիթով…

Սովորաբար այդ դժոխային քաղաքում կատարված անմարդկային արարքների մասին խոսելիս կամ գրելիս անգամ մեր հեղինակ-լրագրողներն ու քաղաքական գործիչները հազվադեպ են նշում, թե ում հանդեպ են կիրառվել այդ գեհենային արարքները: Նույնիսկ օտար լեզուներով գրված հոդվածների ու գրքերի վավերագրական ֆիլմերի  վերնագրերը հիմնականում շեշտում են այդ մարդակեր քաղաքի սարսափազդու անունը` գրելով 

«Սումգայիթյան ոճրագործություն», «Սովորական ցեղասպանություն», «Իսկական ցեղասպանություն», «Սումգայիթյան օրագիր» և այլն:

Մեզ` հայերիս թվում է, թե որքան մեզ համար է այդ քաղաքի անունը դժոխքի հոմանիշ, նույնքան և օտարների համար: Մինչդեռ այդպես չէ: Փոխվում են ժամանակները, փոխվում է քաղաքական իրավիճակը, չեն փոխվում, սակայն, տնտեսական հետաքրքրություններն ու դրանց աստառը:

1988թ., երբ դեռ սովետը չէր փլուզվել, և մենք` սովետի միամիտ ժողովուրդներս, երբեք չէինք կարող հավատալ, որ այդ հզոր, իր իսկ ժողովրդի հանդեպ պարբերաբար ցեղասպանություններ իրականացրած`աքսորների, գնդակահարությունների ձևով, ահ ու սարսափ տարածած պետությունը կարող է երբևէ փլուզվել: Մինչդեռ Արևմուտքում տասնյակ տարիներ շարունակ պատրաստվում էին դրան: Եվ Սումգայիթում հայերի սպանություններն ու ղարաբաղյան խնդրի վերհանումը` որպես ազգերի ինքնորոշում, մեծ արձագանք գտավ երկաթե վարագույրից այն կողմ. նրանք անողոք կերպով դատապարտում էին Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում հայերի հանդեպ ԽՍՀՄ և տեղական իշխանությունների կազմակերպած վայրագությունները և պաշտպանում էին ղարաբաղցիների արդար պայքարը` հանուն իրենց ինքնորոշման ու ժողովրդավարության: Եվ այդ ժամանակ էլ գործի դրվեց «երկակի ստանդարտ» հասկացությունը, որ մեզ համար անակնկալ էր. ինչպե՞ս կարող են այդ հզոր պետություններն այդպես անազնիվ լինել... Երկակի ստանդարտի քաղաքականությունն առայսօր շարունակում է մեզ զայրացնել ու հունից հանել: Եվ հիմա էլ մտել ենք երկակի ստանդարտի այլ փուլ: Հիմա, երբ վերջնականապես և անդարձ վերացրին ԽՍՀՄ-ը` որպես «չարիքի կայսրություն», և այլևս հարկ չկա պաշտպանելու արդար կողմին` Ղարաբաղի հայերին, ճիշտ ժամանակն է անցնելու հակառակ կողմը, մանավանդ որ այնտեղ առավել ծանրակշիռ «փաստարկներ» կան` նավթ ու գազ:

Հայոց ցեղասպանության վերքերը դեռ չէին փակվել, երբ 1918, 1920 և 1988 թվականներին հայ ժողովրդի դեմ նոր ցեղասպանություն իրականացվեց` 1915 թվին հայերի իսպառ բնաջնջումը վերջնական փուլին հասցնելու համար...

Ե'վ թուրքը, և' ազըռթուրքը, և' սովետը արել են այն, ինչն իրենց շահերից է բխել. նրանք գործել են նախապես մշակված ծրագրով, որի հիմքում եղել է իրենց նպատակը...
Իսկ մենք` հայերս, ինչպե՞ս կարող էինք ու հիմա էլ շարունակում ենք կորցնել մեր ինքնապաշտպանական բնազդը, որն ամեն մարդու ու ազգի ապրելու միակ գրավականն է: Արդյոք մենք արել ու անո՞ւմ ենք ա'յն, ինչը բխում է մեր հավաքական ազգի, Հայրենիքի ու պետություն-պետականության շահերից... Մենք անընդհատ պարտք ենք մնում մեր ժողովրդին, այսինքն` ինքներս մեզ, իսկ եթե թշնամուն մի պատասխան գործողություն էլ անում ենք, ապա` շատ ուշացած... Այդ գործերից են Մարինա Գրիգորյանի (մյուս հեղինակներին `ռեժիսորի ու օպերատորի ազգանունը, ներեցե'ք, որ չեմ հիշում) «Սովորական ցեղասպանություն» փաստավավերագրական ֆիլմը, Բակուր Կարապետյանի «Sumgait Diary, 1988» (Սումգայիթյան օրագիր) գրքի անգլերեն թարգմանությունները:

Շնորհակալություն նրանց և բոլոր այն լրագրողներին, ռեժիսորներին ու պատմաբաններին, ովքեր իրենց մասնավոր նախաձեռնությամբ տարիներ շարունակ պրպտել են ու անժխտելի փաստեր են հայտնաբերել սումգայիթյան ոճրագործությանը զոհ դարձած հայերի մասին և հետամուտ են եղել դրանց տարածմանը միջազգային ատյաններում: Մինչդեռ այս բոլորը պետք է կատարվի համակարգված, պետության ծրագրված հովանավորությամբ, ֆինանսավորմամբ և միջազգային ատյաններում պետական` ԱԳ նախարարության մակարդակով տարածելու սկզբունքով և դրան քաղաքական բովանդակություն ու արժեք պահանջելով, ինչը որ  անում է մեր թշնամին՝ կեղծելով պատմական փաստերը...

Մենք ազգովի շարունակ ապրում ենք «Հայի վերջին խելքի» ուշացած լինելու բարդույթով և միշտ կրկնում`«Ա՛յ, եթե»... 

Այդ անցյալի «եթե»-ների սխալների ուղղումը կարող ենք այսօր էլ կատարել, եթե պատմության դասերից մեր բացակայությունը լրացնենք արտաժամյա տնային աշխատանքով…

Մարի Բարսեղյան-Խանջյան
գրող, հրապարակախոս