Վարկաբեկվելու է բնակարաններ նվիրելու գաղափարը. Վ. Թումասյանը՝ «Գյումրին առանց տնակների» հիմնադամի սկանդալի մասին

Վարկաբեկվելու է բնակարաններ նվիրելու գաղափարը. Վ. Թումասյանը՝ «Գյումրին առանց տնակների» հիմնադամի սկանդալի մասին
Վահան Թումասյան

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանի՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին ուղղված դիմումի համաձայն ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել մարզում անօթևան քաղաքացիներին բնակարանների բաշխման գործընթացում ենթադրյալ չարաշահումների փաստերի առթիվ:

«Մհեր Խաչատրյանը նոր բացահայտումներ չի արել: Նա ուսումնասիրել է փաստաթղթերը եւ նկատել է այն ապօրինությունները, որոնց մասին մենք դեռ 10-20 տարի առաջ էինք բարձրաձայնել»,- hraparak.am-ի հետ զրույցում ասաց «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը:

-Պարոն Թումասյան, հաշվի առնելով, որ ձեր երկարամյա գործունեության ընթացքում նույնպես բազմաթիվ բնակարաններով եք ապահովել անօթևաններին, եւ նույնքան էլ տնակներ եք ապամոնտաժել, նշված քրեական գործի շրջանակներում հնարավո՞ր է Ձեզ էլ ներառեն:

-Մինչ այս պահը մեր կենտրոնի հետ կապված նման բան չկա, թե հետագայում ով ինչ մտադրություն ունի, չեմ կարող ասել:Իսկ այդ ապօրինությունները վերաբերում են 90-ականների ալան-թալանին: Այն ժամանակ բնակարանների բաշխման կոռուպցիան մի քանի սխեմայով է եղել: Առաջին ամենամեծ սխալ արտահայտությունը, որ հաճախ հնչում է, թե այնքան բնակարան է կառուցվել, որքան փլուզվել էր, դա է: Մհեր Խաչատրյանի ներկայացրածը վերաբերում է այն 18 հազարի ցուցակին, որը նա ուսումնասիրել է, ներկայացրել եւ դժվար թե դրանից որևէ կրիմինալ ինֆորմանցիա ստացվի:

-Ինչո՞ւ, չէ՞ որ փաստեր կան:

-Իհարկե կոռուպցիա եղել է: Եղել են նաև դեպքեր, երբ բնակարանն առհասարակ շահառուին էլ չի հասել, բայց հիմա դրանք ապացուցելն ու քրեական գործի վերածելը, կարելի է ասել, անհնար կլինեն, քանի որ իրական փաստեր չկան: Ինչ վերաբերվում է մեզ, մենք հետևյալ ձևով ենք բնակարան բաշխում: Ուղիղ կապ ենք ստեղծում շահառուի, բարերարի եւ վաճառողի հետ՝ բացառելով կոռուպցիոն ռիսկը:

-Նույն հիմնադրամի տնօրենն այժմ կոռուպցիայի մեջ է մեղադրում նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանին՝ ասելով, որ հիմնադրամի աշխատողների հետ կապված կեղծ փաստաթղթեր է ներկայացրել հոգաբարձուների խորհուրդին, այս պահով ինչ կասե՞ք:

-Ինձ համար ցավալի է, որ Գյումրիում հայտնի, քաղաքի համար շատ բան արած երկու երիտասարդներ այսօր միմյանց դեմ են դուրս եկել: Իրականում, ես այդ աղմուկի առիթը չեմ հասկանում, որովհետև այդպես ավելի շատ հիմնադրամի վարկանիշն է ընկնելու եւ կորցնելու են հովհանավորների վստահությունը:Հեռու չեմ գնում, երբ «Շիրակ»կենտրոնին տուգանեցին 20հզր դոլար, իհարկե իշխանության թափթփվածության պատճառով էր եւ հովհանավորներին այլ ֆոնդեր ուղղորդելու նպատակով էր դա արվել, այնուամենայնիվ եղան հովհանավորներ, որ ձեռնպահ մնացին, եղան, որ պրովակացիային չենթարկվեցին:Հիմա այս տղան փոթորիկ է ստեղծում մի բաժակ ջրում, որով վարկաբեկվելու է բնակարաններ նվիրելու գաղափարը: Ի դեպ, իշխանություններին է սա ձեռնտու: Կասեն՝ կերել եք, կոռուպցիա եք արել, մեզանից ինչ եք ուզում, էդքան բնակարաններ տվեցին եւ այլն: Հնարավոր է նրա ներկայացրածների մեջ փոքր ճշմարտություն լինի, բայց մեծ առումով ոչինչ չի շահում հիմնադրամը, միայն այն, որ վարկաբեկվում է գաղափարը, բացի այդ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի դեպքում այնքան վերահսկողներ կային, որ չգիտեմ՝ ինչ ասեմ:

Հիշեցնենք, որ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը ստեղծվեց 2015թ-ին քաղաքապետ Սամվել Բալասանյանի նախաձեռնությամբ, իսկ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդի նախագահ նշանակվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը:Նրա հրաժարականից հետո հոգաբարձուների խորհուրդի նախագահ է Գյումրիում հայտնի բժիշկ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը:

Hraparak.am-ը Գյումրու քաղաքապետարանից հետաքրքրվեց, թե ինչ է պատրաստվում անել համայնքապետը, քանի որ հիմնադրամը քաղաքապետարանի ենթակայության տակ է.«Այդ մասով որևէ բան ասել չենք կարող, գործն այս պահին իրավական հարթությունում է, սպասենք, տեսնենք ինչ կլինի»,-փոխանցեցին քաղաքապետարանից: