Ցավոք սրտի

Ցավոք սրտի

Կարող ենք ատամներ կրճտացնել, անզորությունից լալ, նախանձից կարող է սիրտներս պատռվի, բայց ստիպված ենք խոստովանել, որ Ադրբեջանը՝ որպես պետություն, եւ ադրբեջանական հասարակությունը՝ որպես միասնական նպատակ ունեցող մարդկանց հանրույթ, ավելի կենսունակ դուրս եկավ, քան մենք՝ հայերս, որ հպարտանում ենք մեր խելքով, աշխատասիրությամբ, ազգայինի ու ավանդականի հանդեպ հարգանքով։

Պարզվեց՝ ադրբեջանական հասարակությունը շատ ավելի դիմացկուն է, քան մենք, եւ 30 տարվա զրկանքների ու փորձությունների միջով անցնելով՝ կարողացավ դիմանալ ու հասավ կամ արդեն հասնում է իր իղձերի իրականացմանը։ Ադրբեջան պետությունը՝ որպես ամենակոռումպացված կլանային պետություններից մեկը, իրականում, կարողացավ ճիշտ արտաքին քաղաքականություն վարել՝ բարեկամանալ Թուրքիայի հետ եւ, միաժամանակ, չկորցնել Ռուսաստանի բարեկամությունը, անգամ երբ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները լարված էին։ Եվ մի կարծեք, որ թյուրքական ծագումնաբանությունը եւ պանթուրքիստական գաղափարախոսությունը բավարար էին թյուրքական աշխարհի միասնականության եւ համագործակցության համար։

Հիշեք, որ մենք անգամ մեր սփյուռքի հետ չենք կարողանում միասնական լինել։ Ոչ էլ ամեն ինչ բացատրեք նավթով ու դրանից ստացվող եկամուտներով։ Այդ եկամուտները ձախավեր իշխանության ձեռքին կարող են փոշիանալ ու ազգային նպատակներին չծառայել։ Եվ ամենացավալի իրողությունը․ Ալիեւի նման ցինիկ սամադուրը, պարզվեց, իր երկրի համար ավելի լավ ղեկավար է, քան մեր բոլոր ղեկավարներն են եղել։ Եվ մենք՝ որպես ազգ, պարզվեց, անընդունակ ենք ընտրելու այն խելացիին, շնորհալիին, հայրենասերին ու դիվանագետին, ով կարող էր մեր ազգն անփորձանք տանել 20-րդ դարից դեպի 21-րդ դար եւ 2022-ին չկանգնել կոտրված տաշտակի առաջ։