Գրավատների պետտուրքը 60 անգամ ավելացնում են, որ բանկերն ու վարկային կազմակերպություննե՞րը շահեն (տեսանյութ)

Գրավատների պետտուրքը 60 անգամ ավելացնում են, որ բանկերն ու վարկային կազմակերպություննե՞րը շահեն (տեսանյութ)

Այսօր վաղ առավոտից կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում գրավատներ (լոմբարդներ) ունեցող գործարարները։ Նրանք դժգոհ են նախորդ շաբաթ կառավարության նիստում ընդունված Հարկային օերենսգրքի փոփոխությունների նախագծից, որով գրավատների համար սահմանված պետտուրքը բարձրանում է 60 անգամ՝  տարեկան 100 հազար դրամից դառնալով 6 մլն դրամ։ 

Hraparak.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից Գրիգոր Աֆյանը, ով երեք գրավատուն ունի, որոնցից երկուսը՝ Երևանում,  մեկը՝ մարզերում, ասաց, որ սա էականորեն կխփի իրենց բիզնեսին, և իրենք ուղղակի կփակվեն։

«Նախկին 100 հազար դրամը գրավատների համար դառնում է 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի 50 հազար դրամը դառնում է 3 միլիոն։ Այսինքն՝ 60 անգամ թանկանում է գրավատների և փոխանակման կետերի պետտուրքը, այն դեպքում, երբ որ բանկերի և վարկային կազմակերպությունների պետտուրքը թանկանում է, համապատասխանաբար, 2.3 և 6 անգամ»,- ասաց Գրիգոր Աֆյանը։

Նա նշեց, որ իրենք տեղյակ չեն եղել այս փոփոխությունից, սա իրենց համար անակնկալ էր, և  մտավախություն ունեն, որ սրանով կարող են մոնոպոլ դիրքում հայտնվել բանկերն ու վարկային կազմակերպությունները, քանի որ նրանց պետտուրքն ավելանում է շատ ավելի քիչ չափով, քան գրավատների դեպքում է։

Մանրամասն՝ տեսանյութում։