Չինացիների խորհրդավոր այցը «Նաիրիտ»

Չինացիների խորհրդավոր այցը «Նաիրիտ»

Կառավարության անդամները հազվադեպ են խոսում «Նաիրիտ» ՓԲԸ-ի մասին, բայց այսօր անսպասելի հայտարարություն տարածեցին:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրասենյակը հաղորդեց, որ ինչ որ չինացիներ մտել են գործարանի տարածք՝ գործարանի նախկին տնօրեն, հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի անդամ Ռուբեն Սաղաթելյանի միջնորդությամբ և գործարանի սնանկության գործերով կառավարիչ Կարեն Ասատրյանի թույլտվությամբ:

 «Ռուբեն Սաղաթելյանն իր այս գործողությունները չի համաձայնեցրել ՀՁ-ի տնօրենների խորհրդի և ՀՀ կառավարության հետ ու փաստացի զբաղվել է ինքնագործունեությամբ: Լրացուցիչ քննարկումներից հետո հնարավոր է, որ սահմանված կարգով նախաձեռնվի ՀՁ-ի տնօրենների խորհրդի կազմից Ռուբեն Սաղաթելյանին հանելու գործընթաց», - նշում է Ավինյանի գրասենյակը: 

Պատկան մարմիններն էլ պարզելու են, թե կա արդյոք այս գործողություններում հանցակազմ:

Ռուբեն Սաղաթելյանը հրաժարվեց մեկնաբանել միջադեպը: «Ես այժմ Չինաստանում եմ: Խնայեք ձեր գումարները, ռոումինգը բավականին թանկ արժե, հարցերը ուղղեք տվեք այդտեղ», - ասաց նա մեզ, հավանաբար, նկատի ունենալով Ավինյանին: 

Պարզվում է, «Նաիրիտ»՚ ՓԲԸ նախկին աշխատակիցներն են ահազանգել կառավարությանը տնօրենների խորհրդի անդամ Սաղաթելյանի հնարավոր ինքնիրավչության մասին: Նրանք նկատել են, որ վերջին տասն օրում գործարանում ինչ-որ անծանոթ անձինք են պտտվում «Շանսի-Նաիրիտի» ներկայացուցչի հետ: Նրանք ինչ որ ուսումնասիրություններ են կատարում, ինչ որ թղթերի հետ են ծանոթացել: 

Համակարգող խմբի ղեկավար, գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը մեզ հետ զրույցում հիշեցրեց, որ երբ խումբը ներդրող էր գտել, համաձայնեցնելով տնտեսական զարգացման նախարարության հետ, տեխնիկական աուդիտ էր սկսել գործարանում, ունենալով նաև դատարանի թույլտվությունը, սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանը երկար ժամանակ թույլ չէր տալիս, որ փորձագետները մտնեն գործարան:

Նա մի պահ նույնիսկ արգելքը պատճառաբանել էր նրանով, որ ԱԱԾ-ն պետք է ստուգի փորձագետներին, նոր ներս թողնի: ԱԱԾ-ից սակայն հերքեցին այս տեղեկությունը: «Իսկ հիմա ո՞վ է իրենց թույլ տվել մտնել գործարան, ինչո՞ւ է սնանկության կառավարիչը այս դեպքում հեշտությամբ թողել, որ բոլորովին անծանոթ անձինք մտնեն ու ուսումնասիրեն թղթաբանությունը, ի՞նչ իրավունքով: Մենք դիմեցինք կառավարություն, աղմուկ բարձրացրեցինք, և պարզվեց, որ ոչ ոք տեղյակ չէր չինացիների այցերից»: Հարցին, թե արդյոք չինացիները հիմա էլ գործարանում են, համակարգող խմբի ղեկավարը պատասխանեց. «Ոչ, նրանք հեռացել են»: 
Նա հայտնեց, որ չինաստանցի հյուրերը կապ չունեն «Շանսի Նաիրիտ» ձեռնարկության հետ: «Նրանք բոլորովին այլ չինացիներ են», - ասաց Կարեն Իսրայելյանը:

Կարեն Իսրայելյանը և Ռուբեն Սաղաթելյանը երկուսն էլ «Նաիրիտի» նախկին տնօրեններն են: Ակնհայտ է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ ինչ-որ բիզնես-պլաններ ունի գործարանի հետ կապված, «Նաիրիտի» փրկության իր պլանը: