Մանկավարժների և դպրոցականների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգում փոփոխություն է սպասվում

 Մանկավարժների և դպրոցականների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգում փոփոխություն է սպասվում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական դպրոցների մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգի փոփոխության նախագիծը: Հանրակրթության մատչելիությունն ապահովելու նպատակով ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցների սովորողների և մանկավարժների համար առաջարկվում են մի շարք բարելավումներ:    

• Մանկավարժներին տրանսպորտային ծառայությունների փոխհատուցումը տրվում է ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցների այն ուսուցիչներին, զինղեկներին, ուսուցչի օգնականներին և հատուկ մանկավարժներին, որոնք աշխատում են իրենց փաստացի բնակության վայրից ավելի քան 5 կմ հեռավորությամբ տեղակայված բնակավայրում՝ 5 և ավելի հաստիքային դրույքով:

* Տրանսպորտային ծառայությունների փոխհատուցումը տրվելու է նաև դպրոցահասակ երեխաներին, որոնք իրենց փաստացի բնակության վայրում (համայնքում, բնակավայրում) հաստատության բացակայությամբ պայմանավորված կամ առկա հաստատությունում տվյալ մակարդակի ծրագրի բացակայությամբ պայմանավորված՝ ուսումը ստանում են այլ բնակավայրում տեղակայված հաստատությունում:

* Փոխհատուցման առավելագույն չափ է համարվում (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար) միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագների չափերը: Միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ յուրաքանչյուր կմ-ի համար հաշվարկվում է 25 ՀՀ դրամ, բայց ոչ պակաս, քան 200 ՀՀ դրամը (հաշվարկված երկու ուղղությամբ) յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար: Միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում տվյալ բնակավայրից տվյալ դպրոց երթևեկող ուսուցիչների և դպրոցահասակ երեխաների թիվը 4 և դրանից պակաս լինելու դեպքում փոխհատուցումը տրվում է ՝ 1000 ՀՀ դրամ (հաշվարկված երկու ուղղությամբ) յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար՝ հավասար չափերով բաշխված այդ ուսուցիչների և դպրոցահասակ երեխաների միջև։

* Յուրաքանչյուր անձի ամսական փոխհատուցման առավելագույն չափը չի կարող գերազանցել 20200 ՀՀ դրամը:

* Կարգով առաջարկվում է նաև մարզային դպրոցներին հատկացնել համապատասխան ֆինանսավորում՝ դպրոցականների բաժանորդային ծրագրից օգտվելու նպատակով տրանսպորտային ծախսերի ապահովման նպատակով: