«Հրապարակ». Ակնկալում ենք, որ բանաձեւը կլինի պարտադիր կատարման ենթակա

«Հրապարակ». Ակնկալում ենք, որ բանաձեւը կլինի պարտադիր կատարման ենթակա

«Հրապարակի» զրուցակիցն Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն է:

- Պարոն Ստեփանյան, համացանցում հղի կնոջ մահվան դեպքի մասին տեղեկություն շրջանառվեց, սակայն դեպքը, կարծես, հերքվեց: Ի՞նչ է տեղի ունեցել իրականում:

- Խոսքը հին դեպքի մասին է, որեւէ նոր նման դեպք չի արձանագրվել, պարզապես տեղեկատվական խնդիր է: Դեպքն իրականում շաբաթներ առաջ է տեղի ունեցել: Բավականին լայն լուսաբանվել է այդ դեպքը, որեւէ նման նոր դեպք չի եղել այսօր:

- Բայց նախօրեին` առաջին անգամ Արցախում գրանցվել է սովամահության դեպք: Իրավիճակը, փաստորեն, դուրս է եկել վերահսկողությունից:

- Այո: Մահացած տղամարդը 40 տարեկան էր: Ընդհանուր առմամբ, սոցիալական ծանր պայմաններում է նա եղել: Բավականին երկար ժամանակ սնունդ չի ընդունել եւ մահացել է թերսնուցման հետեւանքով: Տղամարդու ինքնազգացողությունը վատացել է, հարազատները շտապօգնություն են կանչել, դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ տղամարդը մահացել է սովից: Այս հարցում մեր մեկնաբանելու հնարավորությունը փոքր է, քանի որ, նախ, հարազատների հետ պետք է նույնականացնենք անձի ինքնությունը, համակարգենք եւ նոր միայն խոսենք այդ մասին:

- Վագիֆ Խաչատրյանին 2 շաբաթ առաջ ազերիները Կարմիր խաչի մեքենայից առեւանգեցին: Ի վերջո` ի՞նչ ճակատագրի է արժանացել արցախցի տղամարդը, որտե՞ղ եւ ի՞նչ պայմաններում է գտնվում: Ինչպե՞ս են նրա հետ վարվում ադրբեջանցիները: Ունե՞ք տեղեկություններ այդ մասին:

- Հավանաբար տեղեկացված եք, որ Հայաստանի կողմից ՄԻԵԴ դիմում է ներկայացվել, հայկական կողմը տեղեկություն է պահանջել տղամարդու մասին, ինչպես նաեւ՝ նրա գտնվելու վայրի, առողջական վիճակի եւ հայրենադարձության հնարավորության մասին, եւ Ադրբեջանն օրեր առաջ պատասխանել է հայկական կողմին, որը կոմունիկացվել է: Ադրբեջանը տարբեր փաստաթղթերով դատարանին նշել է, որ բժշկական հետազոտություններ են իրականացրել, թե իբրեւ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը բժիշկների վերահսկողության տակ է գտնվում, անգամ ցույց են տվել նկարներ, թե ինչպես է բուժում ստանում վերջինս: Սակայն մի կարեւոր հանգամանք պետք է հաշվի առնել` Ադրբեջանն ունի խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի մեծ փորձ` հատկապես ռազմագերիների նկատմամբ: Ի դեպ, այդ փաստերն արձանագրել են նաեւ մի շարք միջազգային կազմակերպություններ: Ցավոք սրտի, հստակ չենք կարող հասկանալ, թե ինչ վիճակում է իրականում Վագիֆ Խաչատրյանը: Դրանից առաջ էլ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնվել էր Ռաշիդ Բեգլարյանը: Ադրբեջանի դատարաններում մեր հայրենակիցները տարատեսակ մեղադրանքների առաջ են կանգնում, եւ իսկապես հայտնի չէ, թե հիմա նրանք որտեղ եւ ինչ պայմաններում են ապրում:

- Ինչո՞ւ հայկական կողմը հավուր պատշաճի չի արձագանքում Ադրբեջանի տեղեկատվական գրոհին: Այդ բեռը, կարծես, անհատների, օրինակ, Ձեր ուսերին է մնացել:

- Ամեն դեպքում, լայնածավալ աշխատանքներ տարվում են, գերիների վերաբերյալ զեկուցումներ են իրականացվում: ՄԻՊ հաստատությունների գործիքակազմը կիրառում ենք:

- Երեկ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց արցախցիներն ակցիա էին իրականացնում` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին ընդառաջ: Ի՞նչ սպասելիքներ ունեք այս մասով:

- Սպասելիքն այն է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակման հարցը ստանա լուծում: Կարծում եմ, որ պետք է Անվտանգության խորհրդի կողմից համապատասխան փաստաթուղթ ստորագրվի, ընդունվի բանաձեւ, որով Ադրբեջանին կպարտադրվի անհապաղ բացել Լաչինի միջանցքը:

- Ամիսներ առաջ էլ Հաագայի դատարանը նման որոշում կայացրեց` պարտադրելով Ադրբեջանին բացել ճանապարհը, բայց ոչինչ չփոխվեց՝ բավական չէ, դեռ մի բան էլ իրավիճակն ավելի վատացավ:

- Հաագայի դատարանի որոշումը չկատարելը ենթադրում է, որ հարցը պետք է քննության առնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունում է պարտադիր եւ ոչ պարտադիր կատարման փաստաթղթեր, դրանք տարբերվում են իրենց բառամթերքով: Ակնկալում ենք, որ բանաձեւն ընդունելուն պես այն կլինի պարտադիր կատարման, եւ դա չկատարելու արդյունքում Ադրբեջանի դեմ սանկցիաներ կկիրառվեն:

- Թեպետ սովամահության դեպքն արձանագրելուց հետո ամեն ինչ շատ պարզ է, սակայն, այնուամենայնիվ, այս հարցը եւս պետք է տամ՝  ի՞նչ իրավիճակ է այսօր Արցախում` Ձեր աչքերով:

-  Իրավիճակը ծայրահեղ է: Օրեցօր ծայրահեղությունն ազդում է տարբեր ոլորտների վրա. առողջապահություն, պարենի ու վառելիքի խնդիր, վերջին շրջանում՝ նաեւ խնդիր` ջրամատակարարման հետ կապված: