Դիմորդը քննություն կհանձնի երկու անգամ

Դիմորդը քննություն կհանձնի երկու անգամ

Դիմորդները հնարավորություն ունեն գալիք ուսումնական տարվանից բուհերի ընդունելության քննություն հանձնել երկու անգամ: Կարգավորումը նախատեսված է ընդունելության կարգում կատարված վերջին փոփոխությամբ, ինչը վերաբերում է բացառապես քննությունների կազմակերպման գործընթացին: Դիմորդը քննություն կհանձնի երկու անգամ` նույն ուսումնական տարվա հունվարին եւ հունիսին: Ընդունելության մրցույթը կատարվելու է միայն մեկ անգամ` ամռանը` ընդունելության քննությունների ավարտից հետո: Որպես ընդհանուր միասնական մոտեցում` սահմանվել է, որ բուհ ընդունվելիս բոլոր դիմորդները, անկախ ընտրած բուհից եւ մասնագիտությունից, հանձնելու են երկու քննություն:

«Միասնական քննությունների թիվը սահմանվել է երկուսը։ Եթե նախկինում շրջանավարտները բուհ ընդունվելիս հանձնում էին մեկ, երկու կամ երեք քննություն` նայած բուհ կամ մասնագիտություն, ապա այս տարվանից դիմորդները բուհ կարող են ընդունվել միայն երկու քննության արդյունքում»,- նշել է ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը: Ընդ որում՝ տարբեր բուհերում առկա նույն մասնագիտության համար սահմանվել են նույն քննությունները` դարձյալ հաշվի առնելով միասնական մոտեցում ապահովելու առաջնահերթությունը:

Միասնական եւ ներբուհական քննություններին մասնակցելու համար դիմորդները պետք է dimord.am կայքում առցանց եղանակով լրացնեն ընդունելության դիմում-հայտ` մինչեւ մայիսի 10-ը: Օտարերկրյա ուսումնական հաստատությունների շրջանավարտները եւ այս տարվա զորացրվածները կարող են հայտագրվել ավելի ուշ` հունիսի 26-ից մինչեւ հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում: