Ամեն ինչ պիտի արվի, որպեսզի Փաշինյանը նման փաստաթուղթ չստորագրի

Ամեն ինչ պիտի արվի, որպեսզի Փաշինյանը նման փաստաթուղթ չստորագրի

Hraparak.am-ը զրուցել է «Արարատ» հայ-ռուսական տարածաշրջանային ժողովրդավարության զարգացման կենտրոնի Ստեփանակերտի ներկայացուցչության ղեկավար, Արցախի «Արդարություն» կուսակցության երիտթևի ղեկավար Արշակ Աբրահամյանի հետ: Հետաքրքրվել ենք, թե այս օրերին ինչ միջոցառումներ են իրականացվում Ստեփանակերտում և ինչ պլաններ ունեն առաջիկայում:

-Ինչով է զբաղված այսօր «Արարատ» կենտրոնի Ստեփանակերտի մասնաճյուղը:

-Այս պահին մենք կազմակերպում ենք երիտասարդական վերլուծական կենտրոն, որի մեջ ներգրավված են լինելու տարբեր մասնագիտությունների տեր ուսանողներ Արցախի տարբեր համալսարաններից։ Երեկ նրանցից մի քանիսի հետ իմ միջնորդությամբ կայացավ հարցազրույց, որի ընթացքում նրանք բարձրաձայնեցին Արցախում ապրող և սովորող ուսանողի հիմնական մտահոգությունները։ Կոնկրետ մեր կուսակցության մասով կարող եմ ասել, որ մենք բնականաբար միշտ էլ պայքարել ենք հանուն Հայոց պետականության՝ օգտագործելով բոլոր լծակները։

-Արցախցի ուսանողների հիմնական  մտահոգությունները որոնք են: Ինչ տրամադրություններ են տիրում:

-Արցախի ուսանողները բնականաբար մտահոգ են վաղվա օրվա և ապագայի մեղմ ասած անորոշ և մշուշոտ լինելու հանգամանքով։ Այդ ամենը սակայն չի նշանակում, որ Արցախի երիտասարդությունը հուսահատված է։ Ճիշտ հակառակը` կա հստակ գիտակցում և կամք մնալու հայրենի հողում և պայքարելու հանուն պետականության։
Վերջերս ԱրՊՀ- ի ուսանողական խորհուրդը կյանքի է կոչել «Զինվորի հետ, զինվորի կողքին» նախաձեռնությունը, որի շրջանակում ԱրՊՀ բոլոր ֆակուլտետների ուսանողների կողմից առաջին անհրաժեշտության պարագաներով և քաղցրավենիքներով ծանրոցներ են ուղարկվել սահմանը պահող զինծառայողներին:

-Բրյուսելում եռակողմ հանդիպում տեղի ունեցավ՝ Հայաստանի վարչապետի մասնակցությամբ: Ինչ սպասել Փաշինյան-Պուտին հանդիպումից:

- ՀՀ վարչապետ Փաշինյանը իրավունք չունի միանձնյա կերպով կայացնել որոշումներ և ստորագրել փաստաթղթեր` որոնց հետևանքների կրողը լինելու է Արցախում ապրող մեր սերունդը։ Բացի այդ մենք Արցախի իշխանություններից պահանջել ենք, որպեսզի նրանք չսահմանափակվեն միայն հայտարարություններով, այլ միջամտեն և թույլ չտան որպեսզի ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, առանց մեր կարծիքը հաշվի առնելու, որոշի Արցախի ճակատագիրը։ Իսկ Բրյուսելի մասով կասեմ, որ երբ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարում էր, որ ինքը մանդատ չունի բանակցելու Արցախի անունից` գործնականում նա ճիշտ հակառակը արեց, որը հանգեցրեց նման աղետի։ Իսկ այն, որ նա չի խոսում Արցախի կարգավիճակի մասին, ԵԱՀԿ խմբի մասին` փաստորեն ջուր է լցնում ադրբեջանաթուրքական տանդեմի ջրաղացին։ Իսկ երիտասարդությունը (և ոչ միայն) կարծում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ցանկացած դեպքում չպետք է առանց արցախցիների կարծիքը հաշվի առնելու և տեղեկացնելու՝ Արցախի իշխանություններին որևէ թուղթ ստորագրի կամ որևէ պայմանավորվածություն ձեռք բերի Ալիևի հետ: Ձեր հարցին ի պատասխան հավելեմ, որ ամեն ինչ պիտի արվի, որպեսզի նման փաստաթուղթ չստորագրվի։ Իսկ եթե Աստված մի արասցե լինի նման բան, պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ փաստաթուղթը զրկված լինի որևէ իրավական հիմք ունենալուց և ճանաչվի առոչինչ»,-ասաց, Արշակ Աբրահամյանը