Անկարող ղեկավարի՛ց է ամեն պարտություն․․․

Անկարող ղեկավարի՛ց է ամեն պարտություն․․․

Փետրվարի 28-ին՝ Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ՀՀ ՊՆ զինծառայողների կողմից հայտնաբերվել էր Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը հատած ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը։ ՔԿ-ն հայտարարեց, որ նա դիվերսիայի փորձ է արել։ Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ–ն հայտնել էր, որ զինծառայողը զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Այսօր լսում ենք ԱԱԾ-ի հաղորդագրությունը, որ որպես բարի կամքի դրսևորում Հայաստանն ադրբեջանցի զինծառայողին կհանձնի ադրբեջանական կողմին։ 
Բարի կամքի դրսևորման մասին եմ ուզում խոսել։

Հայաստանը՝ նույն ինքը Նիկոլ Փաշինյանը, բարի կամքի դրսևորմամբ Ադրբեջանին է հանձնել ականապատված դաշտի քարտեզները։ Բարի կամքի դրսևորմամբ Ադրբեջանին թույլ է տվել, որ Հայաստանի մարտավարական դիրքերը վերցնեն ու գյուղերը պահեն նշանառության տակ։ Բարի կամքի դրսևորմամբ Ադրբեջանին զիջում է ՀՀ գյուղերը։  Բարի կամքի դրսևորմամբ Արցախը հանձնել է Ադրբեջանին։ Բարի կամքի դրսևորմամբ մեր զինվորներին հետքաշման , չկրակելու հրաման է տվել։ Հիմա չասե՞ս ՝ ում համար բարի կամքի դրսևորում, իսկ ում համար՝ չարի գործադրում։ Այդ ո՞նց է լինում, որ այդ բարի կամքի դրսևորումը իշխանությունը մի անգամ էլ Հայաստանի նկատմամբ չի անում։ Նիկոլ Փաշինյանը ևս մի մանիպուլյացիոն հնարք է կիրառում, բարությունը օգտագործելով որպես զենք, ինչպես խաղաղությունն է օգտագործում։ Նա երևի հեքիաթներում կարդացել է, որ բարին  հաղթում է չարին  և  այդ հեքիաթով է մեզ կերակրում։ Տեսեք՝ չթողեցիք բարի կամք դրսևորեմ, Արդրբեջանը պատերազմ հայտարարեց։ Մեր դարավոր թշնամու հետ միակողմանի զիջումները կամենում է ժողովրդին ներկայացնել  որպես բարի կամքի դրսևորում։ 2020-ից առ այսօր ականատես ենք եղել Հայաստանի կողմից բարի կամքի բազում  դրսևորումների։ Ինչի՞ ենք հասել։

Հայաթափված Արցախ, բզկտված Հայաստան։ Ժամանակին զորավարները ճիշտ են արձանագրել՝ անկարող ղեկավարից է ամեն պարտությունը։ Պարտություն պարտության հետևից ենք կրում, զիջում՝ զիջման հետևից և այն պարզ պատասխանը, որ անկարող ղեկավարից է ամեն պարտություն, փորձում է պարտվող ղեկավարը  փաթաթել կամ ժողովրդի, կամ որևէ պետության վզին։ Պատերազմող երկրների մեջ բարություն հասկացությունը, բարի կամքի դրսևորումը փոխադարձ է և եթե որևէ կողմ ցույց է տալիս, թե միակողմանի բարի կամք է դրսևորում, անտեսելով իր երկրի, ժողովրդի շահերը, դա նվազագայունը թուլություն է, առավելագույնը՝ հանցանք։ Հայ ազգի զորավարը զուր չի ասել ՝ «...Եղի՛ր բացարձակ ... Եւ ո՛չ մի զիջում:
Յանցանք է զիջելը: Զիջել` նշանակում է թոյլ լինել,
ամօթալի պարտութիւն կրել...»: