Շիրակի մարզպետի թեկնածուների շարքը համալրվում է

Շիրակի մարզպետի թեկնածուների շարքը համալրվում է

Մեր տեղեկություններով այս օրերին իշխանության ներսում ակտիվ քննարկումներ են ընթանում , թե ի վերջո ում են նշանակելու Տավուշի և Շիրակի մազպետներ, քանի որ Վահե Ղալումյանն ու Կարեն Սարուխանյանը գործուղվեցին ԱԺ: ՔՊ-ական մեր աղբյուրի փոխանցմամբ Շիրակի մարզպետի հարցը շուտով օրակարգ կմտնի:

Կան պոտենցիալ մի քանի թեկնածուներ, ՔՊ-ականի խոսքերով՝ նրանցից մեկի՝ քաղակտիվիստ եւ «Իմ քայլը » դաշինքով պատգամավոր առաջադրված Տիգրան Պետրոսյանի թեկնածությանը կողմ են մարզի կուսակցականները, սակայն կուսակցության վերնախավը թերահավատ է. բա՞ որ հանկարծ գլուխ չհանի: «Էլի որոշ հարցեր կան, չեմ կարող մանրամասնել»,-նշեց նա:

Փոխմարզպետ Վարդան Գրիգորյանին, ով այժմ մարզպետի պարտականություններն է կատարում, համակրում են մարզպետարանի ներսում: «Նա Սարուխանյանի թիմից է, իսկ մեզ մարզպետարանում ամբողջական փոփոխություն, նոր շունչ ու գործելաոճ է պետք, բայց չմտածեք, թե Սարուխանյանից էլ դժգոհ ենք, պարզապես լուրջ փոփոխությունների ենք գնալու »,-ավելացրեց ՔՊ-ական մեր աղբյուրը: Մենք ավելի վաղ նշել էինք, որ Շիրակի մարզը հնարավոր է հանձնվի ԲՀԿ-ականներին:

Մեր տեղեկություններով իշխանության Շիրակի մարզպետի թեկնածուն ԲՀԿ-ական, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, 35-ամյա Լևոն Վահրադյանն է. «Ես նման տեղեկություն չունեմ, բայց ոչինչ էլ չի բացառվում, հատկապես, որ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը լուծարվելու է, իսկ Լևոնը կիրթ եւ բանիմաց տղա է,Արթիկից է, մարզից էլ անտեղյակ չէ»,-ասաց մեր զրուցակիցը: