«Հրապարակ». Հանձնաժողովների փոխնախագահների ընտրության հարցը եւս հեշտությամբ չի լուծվում

«Հրապարակ». Հանձնաժողովների փոխնախագահների ընտրության հարցը եւս հեշտությամբ չի լուծվում

ԱԺ մշտական հանձնաժողովների փոխնախագահների ընտրության հարցը եւս հեշտությամբ չի լուծվում։ Ընդդիմությանը 3 փոխնախագահի պաշտոն է բաժին հասնում, տեղեկացանք, որ երկուսի հարցում արդեն կա որոշակիություն՝ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը կզբաղեցնի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։

Մեր տեղեկություններով, ՊՈՒ-ն ամեն ինչ արել է, որպեսզի Տիգրան Աբրահամյանը ստանձնի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը, քանի որ լավատեղյակ է պաշտպանական եւ սահմանային խնդիրներից, սակայն «Հայաստան» դաշինքը չի համաձայնում։ Թերեւս այդ պաշտոնում կնշանակվի Արթուր Ղազինյանը, որը, ի դեպ, բանակում չի ծառայել։ Ինչպե՞ս է չծառայած Ղազինյանը պատկերացնում իր աշխատանքն այդ հանձնաժողովում՝ երեկ հետաքրքրվեցինք նրանից։

«Ես չգիտեմ՝ Դուք ի՞նչ եք հասկանում ծառայություն ասելով, պետությանը ծառայում են տարբեր ձեւով, ես ծառայությունս մատուցել եմ այնպիսի ձեւով, որպեսզի բանակում հանգիստ լինի, սահմանին կրակոց չլինի, իմ ծառայությունը դրսեւորվում է նրանում, որ օրենսդիրը սահմանել է ընթացակարգ՝ գիտությունով զբաղվող մարդկանց գործունեության անընդհատությունն ապահովելու նպատակով նրանց տրվել է հնարավորություն տարկետման՝ պայմանով, որ նրանք պետք է պաշտպանեն ատենախոսություն եւ ամենակարեւորը՝ հետագայում զբաղվեն գիտական գործունեությամբ, ես դրանով եմ զբաղվել»։