Մասիսի գործով՝ հետ ու առաջ

Մասիսի գործով՝ հետ ու առաջ

Օրեր առաջ հայտարարվեց, որ Մասիսի քաղաքապետի եւ մյուսների քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու համար։ Սակայն փետրվարի 22-ին գործը դատախազությունը հետ է ուղարկել նախաքննական մարմին` Քննչական կոմիտե՝ «լրացուցիչ նախաքննության, քննչական ու դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված»։

Մեր աղբյուրից տեղեկացանք, որ ՔԿ-ն մոտ օրերս գործը գրեթե նույնությամբ հետ է ուղարկելու դատախազություն, քանի որ կարծում են, որ լրացուցիչ գործողություններ կատարելու անհրաժեշտություն չկա, դատախազությունից ստացած հրահանգի մեջ էլ չի հիմնավորվել, թե մասնավորապես ինչ գործողությունների մասին է խոսքը, որտեղ է թերացել Քննչական կոմիտեն։ Միայն նշվում է, որ հսկող դատախազը տեսնում է լրացուցիչ քննության կարիք, եւ վերջ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ դատախազությունը նման դիրքորոշում է դրսեւորում հնչեղ գործերի գերակշիռ մասի հետ կապված, եւ դա համակարգում բացատրում են դատախազ Արթուր Դավթյանի՝ «պաշտոնը պահելու եւ Նիկոլ Փաշինյանին դուր գալու» մղումով։ Նա ամեն ինչ անում է՝ ցույց տալու համար, որ իրենք լավ են աշխատում, բոլոր գործերի հետ կապված՝ «չեպե»-ներ են գտնում եւ ուղարկում լրացուցիչ քննության։