Նիկոլ Փաշինյանի ասածներին մենք ավելի լուրջ ենք վերաբերվում, քան ինքը

Նիկոլ Փաշինյանի ասածներին մենք ավելի լուրջ ենք վերաբերվում, քան ինքը

Նիկոլ Փաշինյանն իր երեկվա ասուլիսում բացահայտ հասկացրեց, որ իր խոսքերը պետք չէ շատ լուրջ ընդունել, դրանք պետք է ավելի շատ այլաբանորեն ընկալել։ Օրինակ, եթե պարոն վարչապետն ասում է տանձ, բնավ պարտադիր չէ, որ դա հենց տանձ էլ նշանակի, հնարավոր է՝ դրա տակ նկատի է ունեցել, օրինակ, դաշնամուր։ Կամ՝ եթե ասում է, որ «Սաշիկի արագաչափերը» պետք է վերացվեն, պարտադիր չէ հասկանալ, որ այդ արագաչափերը Սաշիկինն են, եւ որ դրանք իսկապես պետք է վերացվեն։  

Ահավասիկ, երեկվա նրա արած մի հայտարարություն, որով փորձեց հասկացնել, թե գիտի՝ որտեղից են ուղղորդվում այն կարծիքները, թե Հայաստանում ներքաղաքական անկայունություն է, տուրբուլենտություն եւ այլն։ «Էդ ամեն ինչը տեղի է ունենում երեք սենյակում, եւ ես էդ երեք սենյակների տեղը գիտեմ: Եվ էդ երեք սենյակներում գործող անձանց մի մասն արագ-արագ գալիս մեզ պատմում ա, թե էդ սենյակներում ինչ ա տեղի ունենում»,- ասաց նա։

Մենք կռահեցինք այդ երեք սենյակներից երկուսի տեղը, ենթադրում ենք, որ նա ակնարկում էր Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի աշխատասենյակները։ Ուստի հարցրինք պարոն Փաշինյանին՝ իսկ ո՞րն է երրորդ սենյակը։ Բայց արի ու տես, որ Նիկոլ Փաշինյանը երեք սենյակ ասելով՝ հենց ուղիղ երեք սենյակ նկատի չի ունեցել, դա կարող էր լինել նաեւ 14 կամ, ասենք, 38 սենյակ։ 

«Ես հո դա թվաբանակա՞ն իմաստով չեմ ասում, ես մի քիչ այլաբանորեն եմ ասում, պետք չի տենց ամեն ինչ բառացի հասկանալ»,- ասաց նա։ Այսինքն, եթե երեք սենյակ չէ, ուրեմն կարող է ավելի՞ն լինել սենյակների թիվը։ «Կարող ա չորսն էլ լինի, հինգն էլ լինի, չեմ հաշվել։ Բայց տեղերը գիտեմ»,- վստահեցրեց վարչապետը։ 

Փաստորեն, ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը կարող է իր դեմ ուղղորդված կենտրոնների հստակ թիվ նշել, ասել, որ դրանց տեղերը գիտի, ավելին՝ շեշտել, որ կան մարդիկ, ովքեր այդ կենտրոններից գալիս իր սենյակում «լրտեսական ծառայություն են մատուցում», բայց հետո հայտարարի, որ «այլաբանորեն է ասել, ոչ` թվաբանորեն»։ Այսինքն՝ ստացվում է, որ մենք ավելի լուրջ ենք վերաբերվում իր ասածներին, քան ինքը։ Մտածում ենք, որ երբ երկրի առաջին դեմքի մակարդակով խոսվում է ինչ-որ բանի մասին, դա տառի ճշգրտություն ունի՝ չափված է, ձեւված ու լավ մտածված, իսկ իրականում պարզվում է՝ ինքն ընդամենը «շուլուխ է արել»։ Կարո՞ղ է, նույն հաջողությամբ, վարչապետի մյուս հայտարարություններն էլ են այլաբանություն, օրինակ՝ «երկրում կոռուպցիա չկա», «նախկին իշխանությունը կոռումպացված էր», «հանգիստ նստեք տեղներդ», «մամուլը Հայաստանում ազատ է», «երկրում դրական փոփոխություններ կան», «բոլոր հանցագործները պիտի պատժվեն», «իմ ապրելակերպը գրեթե չի փոխվել», «Հայաստանում ծանոթ-բարեկամի ինստիտուտը պետք է վերանա» եւ այսպես շարունակ։ Գուցե դրա՞նք էլ չհասկանանք այնպես, ինչպես ասվում եւ հնչում է: