Մեր լեգիտիմ մտահոգությունն ու վարչապետի ուշացած սիրաշահումները

Մեր լեգիտիմ մտահոգությունն ու վարչապետի ուշացած սիրաշահումները

Նիկոլ Փաշինյանը երեկ տվեց իր երրորդ ու ամենաերկար՝ 4.5 ժամ տեւած «ոչ բռնի, թավշյա» ասուլիսը։ Հենց սկզբից խոստացավ, որ պատասխանելու է բոլոր հարցերին՝ անձնականից մինչեւ արտաքին ու ներքին քաղաքական։ Եվ չորսուկես ժամում բազմաթիվ խոցելի մտքեր արտահայտեց, բազմաթիվ պոպուլիստական հայտարարություններ արեց, որոնցից ամեն մեկն առանձին հոդվածի թեմա է՝ հիպոթեքային ցուցանիշներով մարդկանց սոցիալական վիճակը «բարելավելուց» մինչեւ արցախյան թեմա, սահմանադրական փոփոխություններից մինչեւ իր տիկնոջ ակտիվությունն ու բյուջեի հաշվին գործուղումներ, էլ չենք ասում նախկինների հանդեպ չմարող ատելության ու թշնամանքի ակնհայտ դրսեւորումների եւ մամուլի ազատության մասին ամպագոռգոռ խոստովանությունների մասին։ Թեպետ պետք է նկատենք, որ այս անգամ փոքր-ինչ մեղմացել էր Փաշինյանի հռետորաբանությունը, հատկապես՝ մամուլի նկատմամբ վերաբերմունքի հարցում։ Բայց որքան մեղմանում է վարչապետի հռետորաբանությունը մամուլի նկատմամբ, այնքան մեծանում են նրա թիմակիցների հավակնությունները լրատվամիջոցներին դասակարգելու, սեւերի ու սպիտակների բաժանելու հարցում։ Նկատենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ ոչ մի իշխանության օրոք մամուլի դեմ այսքան հարձակում, լրատվամիջոցներին սեւ ու սպիտակի բաժանելու այսպիսի ընդգծված դրսեւորումներ չեն եղել, ինչպես հիմա է։

Հենց այս թեմայով էլ երեկ հարց հնչեցրինք վարչապետին՝ հիշեցնելով, որ նրա թիմակիցները մամուլի դեմ արշավ են իրականացնում, նախընտրելի եւ իշխանական լրատվամիջոցների ցանկ են սահմանել եւ հորդորում են մյուս ԶԼՄ-ներին բոյկոտել, հարցազրույցներ չտալ եւ այլն։ Վերջին թարմ օրինակը Լուլուի՝ «Իմ քայլի» պատգամավոր Լուսինե Բադալյանի գրառումն էր։ Հարցրինք վարչապետին՝ ինչպե՞ս է գնահատում իր թիմակիցների պահվածքը՝ նկատելով, որ ինքն էլ է երբեմն իր «լայվերում» քննադատում այս կամ այն լրատվամիջոցին ու դրա հրապարակումները, խոսում իրենց դեմ ուղղված ինչ-որ քարոզչության համար ծախսված «միլիոնների» մասին, հակապետական ու ՀՀԿ-ական անվանում ԶԼՄ-ներին։ Փաշինյանը նկատեց, որ տեղին մտահոգություն ենք բարձրաձայնում, մեր հարցը «լեգիտիմ հարց» է եւ գոյություն ունենալու իրավունք ունի։ Բայց մինչ այդ նախ փորձեց լեգիտիմացնել իր թիմակիցների «արդարացի դժգոհությունը»։
«Էսօր ժամանակակից աշխարհում «ֆեյք նյուզ» երեւույթի հետ կապված՝ գլոբալ պրոբլեմ կա, եւ էդ գլոբալ պրոբլեմը վերաբերում ա ամբողջ աշխարհին, որտեղ չկա ինտերնետի ցենզուրա ընդհանրապես»,- ասաց նա՝ ակնարկելով, որ մարդիկ, իրականում, «ֆեյք նյուզի» դեմ են պայքարում։ 

Նաեւ նշեց, որ իրենք այսօր աշխատում են տարբեր կազմակերպությունների հետ՝ լրատվամիջոցների աջակցության հիմնադրամ ձեւավորելու համար, կառավարությունից անկախ, որպեսզի այն լրատվամիջոցներին որոշակի ֆինանսական աջակցություն ցուցաբերի։ Թեեւ եթե կարծում են, որ ֆինանսական աջակցությամբ կկանխվի քննադատությունը, պետք է հասկանան, որ դրանք սին հույսեր են։ «Ես սա ինչի՞ համար եմ ասում, որ պետք է հասկանանք, որ շատ դեպքերում, երբ որ կան քաղաքական սահմանափակումներ, մենք չենք կարող մամուլի եւ խոսքի ազատության դեմ որեւէ բան անել, բայց նաեւ մարդիկ չեն կարող լրիվ անպաշտպան մնալ։ Իրենք իրենց պաշտպանելու ինչ-որ ձեւեր են գտնում։ Եվ դա ոչ թե արշավ ա լրատվամիջոցների դեմ, այլ գործընկերության հրավեր ա»,- ասաց  ՆԻկոլ Փաշինյանը։

Իսկ երբ կոչ են անում հարցազրույց չտալ եւ բաժանում են լրատվամիջոցներն օտարների եւ յուրայինների, դա գործընկերության հրավե՞ր է, եւ ինչպե՞ս է ստացվում, որ նախկինում հեղափոխությանն աջակցած եւ լուսաբանած, նախկին իշխանություններին քննադատած լրատվամիջոցներն այսօր հայտնվում են նոր իշխանությունների թիրախում։ Հարցի ենթատեքստում, իհարկե, «Հրապարակի» դեմ իշխանությունների վերաբերմունքն էինք ակնարկում։

«Որովհետեւ հեղափոխությունից հետո լրատվական դաշտում մեծ առուծախի պրոցես ա  տեղի ունեցել, Դուք դրանից տեղյա՞կ չեք։ Ես, համենայնդեպս, դրա մասին որեւիցե հրապարակում չեմ տեսել՝ որ լրատվամիջոցը ով գնեց, ինչքանով»,- ի պատասխան՝ արձագանքեց վարչապետը՝ ակնարկելով Ռոբերտ Քոչարյանի կապը որոշ լրատվամիջոցների հետ։ Իհարկե, տեղյակ ենք այդ «առուծախից», եւ այդ մասին նաեւ գրվել է մամուլում, ինչից, փաստորեն, ինքը տեղյակ չէր, այդ թվում գրվել է նաեւ «Հրապարակ»-ում, ինչպես նաեւ իր ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ում։ Փաշինյանը զարմանալիորեն տեղյակ չէր նաեւ Լուլուի գրառումից, որը Ֆեյսբուքում լայնորեն քննարկվում է արդեն մի քանի օր, ինչն այնքան էլ արժանահավատ չհնչեց։ 
«Ես, անկեղծ ասած, Ձեր ասած այդ վերջին գրառումներին տեղյակ չեմ, բայց ես համարում եմ, որ Ձեր բարձրացրած մտահոգությունը լեգիտիմ մտահոգություն է։ Եվ էս ամեն ինչից հետո մենք պետք է փոխադարձաբար արձանագրենք, որ խնդիր կա։ Հիմա մենք ուզո՞ւմ ենք էդ խնդիրն իրար հետ լուծել, թե՞ չենք ուզում։ Որեւէ մեկը, խնդրում եմ, ոչ մի կասկած չունենա՝ Հայաստանում մամուլի ազատության հետ կապված որեւէ պրոբլեմ չի լինելու, ինչ ուզում ա լինի, մենք հակամամուլային գործողություն չենք անելու, բացառությամբ էն դեպքերի, երբ որ ուրիշ հարցեր կծագեն, օրինակ՝ կարա օրենքի կոպիտ խախտում լինի, որը մենք չենք կարող չարձանագրել»,- հայտարարեց վարչապետը։

Ուշագրավ է, որ մեր հարցից հետո Նանե Արզումանյան անունով մի լրագրող, որը ներկայացավ livenews լրատվական կայքից, բայց հետո, ինչպես հասկացանք, Հ1 տեղափոխվելու ճանապարհին է, վարչապետին հարց ուղղեց մամուլի ազատության դեմ՝ հընթացս շողոքորթելով վարչապետին եւ տարանջատվելով լրագրողական համայնքից․ «Մամուլին արդյոք այսքան ազատություն տալը ճի՞շտ է այն տեսանկյունից, որ ավելացել են լրատվամիջոցներ եւ ֆեյք նորություններ են պարզապես տարածում։ Չկա՞, արդյոք, վերահսկողական որեւէ միջոց՝ այս ամենը վերահսկելու»։