Վերջին 30 տարում էսպիսի փորձ չի արվել՝ վերականգնելու, ժողովրդական աստառը հանելու

Վերջին 30 տարում էսպիսի փորձ չի արվել՝ վերականգնելու, ժողովրդական աստառը հանելու

Այսօր Գյումրու ավագանու արտահերթ նիստին որոշում կայացվեց Սուրբ Զատիկը Հանրապետության երկրորդ քաղաքում տոնել ինքնատիպ՝ Հրաշափառ Հարությունը վերածելով համաժողովրդական տոնի: Ավագանու ՔՊ խմբակցությունը դեմ քվեարկեց նախագծին, իսկ մնացած  խմբակցությունների բոլոր անդամները  կողմ արտահայտվելով՝ որոշում ընդունեցին՝ ապրիլի 17-ին՝ ժամը 11: 00-ին, մեր համերկրացիներին  հրավիրել Գյումրի՝ Յոթ Վերք եկեղեցուց մեկնարկելու Սուրբ Զատկի արարողությունը: Սուրբ Պատարագին հաջորդելու են հավկիթախաղն ու ժողովրդական համերգը, որը կանցկացվի Վարդանանց հրապարակում:

Hraparak.am-ի զրուցակիցը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանն է․

-Սրբազան, ի՞նչ կասեք Գյումրու ավագանու որոշման մասին, քաղաքապետարանն այն Ձեզ հետ նախապես քննարկե՞լ էր:

-Այո, հրապարակում մեծ ժողովրդական տոնախմբություն է լինելու, վերածվելու է համաժողովրդականի: Ես ինքս եմ առաջարկել: Ես 20 տարի շարունակ ասել եմ, որ  ջանք թափենք, եկեղեցական տոները վերածենք ազգագրականի: Եկեղեցական բոլոր տոներն էլ ժողովրդական են եղել: Սուրբ պատարագից հետո, ոչ թե առաջ, սկսվել է  ժողովրդական տոնախմբությունը: Վերջին 30 տարում էսպիսի փորձ չի արվել՝ վերականգնելու, ժողովրդական աստառը հանելու: Սովետն արգելեց, բայց հիմա ժամանակն է ազգագրական աստառը մեջտեղ հանելու:Վերջին տարիներին միայն մեռելոցի ենք վերածել, հասկանալի է՝ մարդկանց գերեզմաններից չես կարող կտրել: Հիմա նոր քաղաքապետը կարծես թե փորձեր է անում վերականգնելու մեր արժեքները, ողջունում եմ: Սուրբ Զատիկի պատարագից հետո Վարդանանց հրապարակում մեծ հավկիթախաղ է կազմակերպվելու, միավորվելու են բոլորը, տոնելու մեր Տիրոջ Սուրբ Հարությունը:

-Ասացին՝ Երուսաղեմի տո՞մս է խաղարկվելու․․․

-ԷԷԷ, թող լինի, հաղթողը Երուսաղեմ ուխտագնացության կմեկնի․․․

-Ի դեպ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամները նախագծին դեմ քվեարկեցին: Ի՞նչ կասեք:

-Ես իրենց չգիտեմ, չեմ ճանաչում, ոչ էլ հետաքրքիր է՝ դեմ են, թե կողմ, իրենց որոշումն է: