«Զատիկ» մանկատան տնօրենին «վերեւներից» հրահանգել են աշխատանքից ազատման դիմում գրել

«Զատիկ» մանկատան տնօրենին «վերեւներից» հրահանգել են աշխատանքից ազատման դիմում գրել

«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Աշոտ Մնացականյանին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հրահանգել են աշխատանքից ազատման դիմում ներկայացնել։ Այս մասին մեզ ահազանգել էր մանկատան աշխատակից Ալեքսանդրա Կոտանովան։ Նա եւս եղել է մանկատան սաներից, այժմ էլ ժամանակավոր աշխատում է կենտրոնում՝ դայակներից մեկին է փոխարինում։ Նա բոլոր աշխատակիցների անունից հայտնեց, որ պատրաստվում են գնալ նախարարություն՝ պատճառների մասին տեղեկանալու, որովհետեւ իրենց տնօրենին բացատրություն չի տրամադրվել։

«Տնօրենին ասվել է, որ դիմում գրի-գնա, առանց պատճառի։ Եկել-գնացել են, ոչ մի չեպե չի եղել, աշխատանքային 25 տարվա փորձ ունի։ Աշխատակազմով որոշել ենք գնանք նախարարություն՝ հանդիպելու նախարարի հետ։ Մենք խոսեցինք, տնօրենն ասաց՝ հիմա ոչ մի բան մի արեք, Աստծով գնանք առաջ։ Բոլորն էդ մարդու կողքը կանգնած են, ես՝ որպես շրջանավարտ, հիմա աշխատում  եմ էստեղ, ինքը մեծատառով մարդ ա, էն ա իմ ցավը, որ ես մտնում եմ ստեղ՝ ասում են՝ ասել են դիմում գրի-գնա։ Վերեւներից են ասել, կոնկրետ ասել են՝ դիմում գրի։ Երեւի որ խիստ չի, սադիստ չի, գռեհիկ չի, շնորհքով ա, ես չգիտեմ, չեմ իմանում։ Որպես շրջանավարտ՝ իմ անհանգստությունն եմ հայտնում։ Մի տարի էր մնացել, թոշակի պիտի գնար, դրան էլ չեն սպասել։ Կոլեկտիվն իր կամքով որոշել է գնա նախարարություն՝ պատասխան ստանալու։ Ոչ մի նկատողություն չի եղել էդ մարդուն, հելնում են, որոշում են կազմը փոխեն։ Իր փոխարեն չգիտենք՝ ով ա գալու, էսօր պիտի երեւի գրի դիմումը»։

Փորձեցինք կապ հաստատել նախարար Զարուհի Բաթոյանի հետ, սակայն նա մեր նամակներին չպատասխանեց։ Նույնկերպ հեռախոսազանգերին չպատասխանեց տիկին նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։ Նա նախ մեզ հայտնեց, որ ժամը 14։00-ից հետո զանգահարենք, ապա բազմաթիվ հեռախոսազանգերը թողեց անպատասխան։