Լավ է, որ կարանք Թրյուդոյի հետ նասկի հագնենք՝ եռագույնի գույներով,  բայց․․․

Լավ է, որ կարանք Թրյուդոյի հետ նասկի հագնենք՝ եռագույնի գույներով,  բայց․․․

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ պատերազմում պարտության պատճառներին, որոնք 3 խումբ են․ քաղաքական, ռազմական և կազմակերպչական։ Նախքան դրանց անդրադառնալը տվեց իր գնահատականը՝ մեր բանակի տեխնիկայի 85 տոկոսը ջախջախված է, մեր բանակն էլ՝ ջարդված։

«Ես գաղտնիք չեմ ասում, որովհետև ադրբեջանցիք հաշվում են, իրենց տարածքում է մնացել․․․ հիմա մեր ապուշ օպոնենտները կսկսեն ասել՝ տվյալներ եք ասում»,- ասաց Բագրատյանը՝ անցնելով հարցին, թե ոնց եղավ այս խայտառակ պարտությունը։

Քաղաքական պատճառներն ունեն մի քանի ենթակետեր․ ա․ Հայաստանը չճանաչեց Արցախի անկախությունը։ Սխալ, որի մասին խոսեց անգամ ՌԴ նախագահ Պուտինը։ «Սեպտեմբերի 27, երբ պատերազմը սկսվեց, երկու ժամ հետո գրեցի՝ անմիջապես ճանաչե՛ք․․․․ չարեց։ Հիմա էլ՝ այս այլանդակություններն անելուց հետո էլ այդքան համարձակութուն չունի, որ ճանաչի»,-նկատում է Հրանտ Բագրատյանը։

Քաղաքական երկրորդ սխալը, ըստ նրա, հակառուսականությունն է։ «Կոմպլեմենտարություն․չկա նման բան, և ինչքան էլ սիրենք, չսիրենք, մենք պետք է մնանք պրոռուսական ծիրի մեջ, հասկացեք սա»։

ՀՀ նախկին վարչապետի հիմնավորումը․ աշխարհում ընթացող դեգլոբալիզացիայի պայմաններում ազգային պետությունները մեր տարածաշրջանում պետք է լինեն կամ ռուսների, կամ թուրքերի հետ։
Չկա երրորդ տարբերակը։ «Սա 99 թիվը չէ. կամ ձեր գլուխը մտնում է, կամ չի մտնում»,-ասում է Բագրատյանը։

Երրորդ քաղաքական սխալը Իրանին նեղացնելն էր այն աստիճան, որ չէին թողնում իրենց տարածքով Հայաստանի համար նախատեսված բեռների տեղափոխում։ Չորրորդ․ Վրաստանի հետ հարաբերությունների մակարդակը, և հինգերորդ՝ Չինաստանին ապտակելը, որը «ռեգուլյար անում էր Հայաստանը Տիգրան Ավինյանի մակարդակով»՝ Նիկոլ Փաշինյանի հրամանով։

«Այն Չինաստանին, որն ասում էր՝ ընկերնե՛ր, ես ունեմ ույգուրական պրոբլեմ, ես հակաթուրքական պետություն եմ։ Էդ ի՞նչ պետք է անենք Չինաստանին, որ ասի․․․ յախա թափ տալով, որ պրծանք»։

Աշխարհի գերտերություններից Չինաստանին հայկական ապտակը, ըստ Բագրատյանի, ՀՀ -ի կողմից կրոնական դաշինքին միացումն էր։ Հրանտ Բագրատյանի մեկնաբանությունը․

«Փախել ա Զոհրաբը, գտեք, բերեք, հարցրեք՝ ինչի՞ ես մտնում, ընկեր։ Այնտեղ մի օրակարգային հարց կա․ ինչպե՞ս պայքարել ույգուրների, այսինքն՝ թուրքերի իրավունքների համար Չինաստանում։ Եվ Հայաստանը տոն է տալիս․․․ թուրքերին ենք պաշտպանում»։

Այլ քաղաքական սխալներ․ «Շատ լավ ա, որ կարանք Ջասթին Թրյուդոյի հետ նասկի հագնենք՝ ՀՀ եռագույնի գույներով, բայց Ջասթին Թրյուդոն Ձեզ մի փամփուշտ չտվեց․․․ թող տար․․․ թող Մերկելը տար»:

Եվ վերջապես, Մեծ Բրիտանիան, որը ՄԱԿ-ում տապալեց խաղաղ բնակիչների կոտորածը, և որի գործակալ է, ըստ Բագրատյանի, ՀՀ նախագահը։ 

Ռազմական և կազմակերպչական սխալների մասով ՀՀ նախկին վարչապետի դիտարկումները`  առանձին։