Տրամաբանական կլիներ՝ ողջ կառավարությունը հրաժարական տար, սելեկտիվը ոչ մի բանի չի բերում

Տրամաբանական կլիներ՝ ողջ կառավարությունը հրաժարական տար, սելեկտիվը ոչ մի բանի չի բերում

 «Հրապարակի» հարցազրույցը ՀՀ Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի հետ

-Պարոն Մկրտչյան, Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի10-ի կապիտուլյացիայից հետո հայտարարեց, որ փոխելու է կառավարության 80 տոկոսը , բայց հանված նախարարների թվում չէր Արսեն Թորոսյանը։ Ձեր կարծիքով՝ պատերազմի հետևանքների համար Արայիկ Հարությունյանն ավելի մեղավոր էր, քան Արսեն Թորոսյա՞նը։ Ի՞նչ տրամաբանություն է սա։

-Ճիշտն ասած՝ այդ խնդիրները քաղաքական հարթության մեջ են։Կառավարություն ձևավորել, պաշտոնից ազատել, նշանակել, ես դրան քաղաքական գնահատական տալու և՛ լիազորություն, և՛ ցանկություն չունեմ։

-Ուղղակի, ասում եմ, որ որքան էլ սիրենք կամ չսիրենք Արայիկ Հարությունյանին, ինքը պատերազմի հետ ավելի քիչ կապ ունի, քան Թորոսյանը։ Ո՞րն է տրամաբանությունը։

-Տրամաբանությունը հուշում էր, որ ողջ կառավարությունը պետք է հրաժարական տար։ Սելեկտիվն ինձ թվում է՝ ոչ մի բանի չի բերում։

-Խոսակցություններ կան, որ հիմա փնտրվում են նախարարի թեկնածուներ, շատերին եղել են առաջարկներ,հրաժարվել են սկզբունքորեն կամ այն պատճառով, որ չեն ցանկանում տուրիստ նախագահ լինել։ Ձեզ պատահաբար չե՞ն առաջարկել։

-Նախ, չի առաջարկվել, հետո՝ էն տարիքում չեմ, որ գնամ նախարար աշխատեմ։ Եվ բացարձակ ցանկություն չունեմ։

-Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ, և այլն։ Ձեր կարծիքը։
 

-Ես 2010 թվականից քաղաքականությամբ բացարձակ չեմ զբաղվում և գնահատականներ տալու ցանկություն չունեմ։

-ՀԱԿ-ի «100 քայլի» առողջապահական բաժինը Դուք եք գրել, տեղյա՞կ եք՝ ինչու չի Տեր-Պետրոսյանը մտնում ասպարեզ հիմա, երբ տարբեր մարդիկ  իրենց հայտարարում են վարչապետի թեկնածու։

-Շատ լավ կլիներ, եթե Տեր-Պետրոսյանը վերադառնար ակտիվ քաղաքական դաշտ։ Բայց տեղյակ չեմ, չգիտեմ։

-Երկիրը ձեռքից գնում է, Առողջապահության նախարարը ԱԺ Առողջապահության հանձնաժողովի նախագայի հետ հետ իր հաշիվներն է մաքրում, նորմա՞լ եք համարում։

-(ծիծաղում է)։ Ես ընդհանրապես կողմ եմ, որ բոլոր օրենքները, որ ընդունվում են, հնարավորինս ճիշտ ծրագրավորված լինեն և իրենց ուժի մեջ մտնելու ժամկետները իրատեսական հաշվարկված լինեն, չհաշված ֆորս մաժորները, որի վիճակում ենք։ Ուստի, տնետսական լրջագույն խնդիրների մեջ ենք։ Բայց նաև հաշվի պետք է  առնել բնակչության խնդիրները։ Ուստի հանձնաժողովի նախագահն ու նախարարը պետք է կոնսենսուսի գան և  հրապարակավ իրար չվիրավորեն։ Դա այնքան ներքին հարց ա, որ հանել լրատվամիջոցներով հայտարարություններով հանդես գալ, կոռեկտ չէ։ Աշխատանքային  խնդիր է։

-Ժամանակին այն կարծքին էիք, որ նախարար Թորոսյանը նորմալ պայքարում է կորոնավիրուսի համավարակի դեմ։ Պատերազմից հետո կորոնավիրուսի դեմ պայքարն ինչպե՞ս կգնահատեիք այս բոլոր իրողությունների ֆոնին, երբ ամեն ինչ ինքնահոսի մատնվեց։

-Կորոնավիրուսի առումով ողջ աշխարհում է անկառավարելի վիճակ, մեր պատերազմի պայմաններում ավելի անբարենպաստ գործոն հանդիսացավ, տեղաշարժերը բնակչության՝ միգրացիան, շփումը մեծացավ և  դրա հետ մեկտեղ գոնե տարրական կանոնները, որ պայմանավորված էին տարրական միջոցառումներից, անտեսվեցին։ Դա բնական էր, ուստի 1-1,5 ամիս առաջ ունեցանք հետազոտվածների մինչև 50 տոկոսի հասած ցուցանիշ հիվանդների հայտնաբերման։ Վերջին օրերին էդ ցուցանիշը նվազել ա, պատահում ա՝ 25-28 տոկոս, մոտ կիսով չափ պակասել է։ Փաստորեն, նախ, տեղաշարժերն են դադարել, և երկրորդ գործոնն էլ հանրային անընկալության՝ իմունիտետ կոչվածի մեջ է։

-Ձեր կարծիքով՝ դա կա՞։

-Այո, իհարկե։ Էդ գործոնը կա ու որ նայենք էլ տեսանելի աչքով պարզ է, որ ոչ սոցիալական հեռավարություն ենք պահպանում, ոչ էլ մեկուսանում ենք, ոչ էլ․․․ բայց տեսեք՝ էդ ֆոնի վրա հիվանդացությունը կիսով չափ նվազել է, ես կապում եմ դրա հետ։ Հանրային անընկալության շերտի առաջացման։

-Հիշեցնեմ, որ 2021-ի հունվարի 11-ին կարանտինի ժամկետն ավարտվում է։ Մի քանի օր է մնացել, և Ձեր կարծիքով՝ իշխանությունը պե՞տք է վերացնի, որովհետև, նախ, դա միայն անունով էր կարանտին։ 

-Չգիտեմ՝ հանելու են, չեն հանելու։Բայց կարանտինը պետք ա վերացնել, դա անիմաստ բան է, ոչինչ չտվող։ Հարևան Վրաստանն անընդհատ օրինակ էին բերում, որ ճիշտ պայքար է գնում և այլն, հիմա Վրաստանն այրվում է։ Այնպես որ, փակելով, մարդկանց սահմանափակելով հիվանդության կանխարգելման մեթոդը, ինչպես կյանքը ցույց տվեց, իրեն չի արդարացնում։ Սահմանափակումները, որոնք երկրները պարբերաբար անում են, որպեսզի առողջապահական ծառայությունների վրա ծանր բեռ չառաջանա, կարողանան հասցնել, տեղ լինի, որ հիվանդներին կարողանան ապաքինել։

-Այսինքն՝ շվեդները ճիշտ էին ամենասկզբից։

-Շվեդները որոշ չափով ճիշտ էին, բայց նորից եմ ասում՝ ժամանակ առ ժամանակ սահմանափակումներ են պետք, քանի որ նրանց մոտ ծանր վիճակ է՝ կապված առողջապահական ծառայությունների հետ։ Հիվանդանոցային համակարգը մեծ բեռի տակ է։

-Ամենասկզբում նաև ասվեց՝ աշխարհը երբեք այնպես չի լինի, ինչպես կորոնավիրուսից առաջ։ Հիմա սահմանափակումները, կարանտինը եթե հանվի, մարդիկ, նաև մեր քաղաքացիները, որոնք, ցավոք, սպասում են, Հայաստանից հեռանալուն, կկարողանա՞ն ուղևորություններ կատարել։ Հնարավո՞ր է, որ հիմա էլ պարտադիր վակցիանցման պարտադրանք լինի։

- Դեռ ոչ մի երկիր իր ներսում մասսայական պարտադրման մասին ո՛չ օրենք է ընդունել, ո՛չ էլ քաղաքացիներին պարտադրում են։ Որտեղ արդեն պատվաստանյութը կա։ Եվ պատվաստումներն էլ ընդհանրապես կամավոր բնույթ են կրում։ Դա քաղաքացու որոշումն ա, բայց չեմ բացառում, որ տարբեր երկրներ, եթե իրենց տարածք մուտք գործող անձանց պարտադրում են թեստավորում անցնել, կամ 14 օր կարանտինի մեջ լինել, կարող է
պատահի, երբ առաջիկայում սկսեն բացվել երկրները, էդ երկրները պարտադրեն, որ «իմ երկիր կարող են մուտք գործել միայն պատվաստված քաղաքացիներ»։ Դա ամեն մի երկրի որոշելիքն է։

-Մեզ մոտ կարանտինը հանելուց հետո տրամաբանությունն այն է, որ սահմանները բացվո՞ւմ են, չէ՞, եթե ռազմականը չմնա։

-Ռազմականը չեմ կարող ասել, բայց կարանտինը հանվի, ապա դա միակողմանի չէ։ Պետք է երկրները համաձայն լինեն։

-Այսինքն՝ վարակվածության աստիճանի գույներ կան՝ կարմիր, կանաչ։

-Այո, և մենք բարվոք վիճակում ենք համեմատած եվրոպական մի շարք երկրների հետ, մեր հարևան Վրաստանի։ Բայց մահացության ցուցանիշները, մահվան դեպքերը մի քիչ մտահոգիչ են։

-Պատերազմի հետևանքների մասով․ 10000-ից ավելի վիրավորներ։ Պետությունը ունենալո՞ւ է այս առողջապահական բյուջեով տղաներին բուժելու, նորից կյանք ինտեգրելու հնարավորություն։ Ամեն մի պրոթեզը 15000 դոլար է։

- Նման դեպքերում առաջնահերթությունների խնդիր է։ Միջոցները կան, եթե առաջնահերթություն դրվի վերականգնողական -բուժական ծրագրերի իրականացման, իհարկե, պետությունը կարող է։ Այ, հիմա բյուջե են ընդունել, իմ կարծիքով՝ էդ բյուջեում պիտի վերանայումներ անեն, տարբեր ծրագրերից ֆինանսական միջոցները տեղափոխեն։ Էդ ասում են՝ 15000, կան պրոթեզներ, որ ավելի մատչելի են և նաև այլ ֆինանսական աղբյուրներ էլ, հուսանք, կլինեն, բարեսիրական, բարեգործական։

-Առողջապահության բյուջեն տրամագծորեն պե՞տք է փոխվի, հաշվի առնելով պատերազմն ու իր հետևանքները։

-Ծավալը, հատկացումները ԱՆ-ին՝ նախորդ տարիների համեմատ ավելացել են։ Ուղղակի եթե ծրագրային փոփոխութուններ լինի, իսկ դրա անհրաժեշտությունն ըստ իս՝ կառաջանա, հենց վերականգնողական ծրագրերի։ Եվ դրանք միայն առողջապահականում չեն, այլև սոցապ ապահովությանն էլ են, միայն մեկ նախարարությունով գնացող միջոցներ չեն։