Ավիկ Հարությունյան. Մարմարյա ամպեր

Ավիկ Հարությունյան. Մարմարյա ամպեր

ՇԱՏՐՎԱՆՆԵՐԸ

աշնան 
սառած
շատրվանները
մեր լքված 
օրերն են 
որ ամոթից
այդպես էլ
չենք հիշում

ՎՐԻՊԱԿՆԵՐԸ

վրիպակներս
շատ էին

անողոք 
անձրեւի պես
անպատեհ
աննպատակ
շատ

իմ 
առաջին դասարանի
առաջին օրվա 
թանաքի նման
թափված
շփոթված
շրջազգեստիդ

մեր հայացքների նման
առաջին անգամ 
այդպես
վրիպելով
համբուրվեցինք

այդպես 
թանաքախառն 
դրսի 
անձրեւի պես
անձրեւի նման
անօգնական
սիրով

շիվար

ՀԱՅԱՍՏԱՆ

ամառվա
լուսաբացի 
ղողանջներում
բաց երկնքի տակ
գմբեթներն այս
եկեղեցիների
ասես
հովանոցներ են 
Աստծու 
մատներից
օդում
խաղաղ
կախված

ՍԻՐՏՍ

սիրտս 
թպրտում է 
քո լռությունից

խոսեիր

ՆՐԱ ՀԱՄԱՐ

միայն 
նրա համար
որ չկախվեինք
մի անիմաստ կյանք
ապրեցինք 

ՇԱՏ

չափից շատ 
շատ
շատ
սխալներ
մեզ 
ներեցին 
Աստված

ներիր

ՀԻՍՈՒՆԻՑ ՀԵՏՈ

հիսունից հետո 
շնչահեղձ են լինում ճանապարհները  
ու չես ուզում գնալ

հիսունից հետո 
ցանկացած մեկի հետ
ծվարել ես ուզում 
մի տեղ
մղկտալով

հիսունից հետո
վախենում ես 
գիշերներին 
արդեն
մնալ 
ինքդ
քեզ
հետ
մենակ

ՔԵԶ

այս բանաստեղծությունը
ես նվիրում եմ քեզ
ես քեզ 
խոստացել էի

ՋԱՀԵԼՆԵՐԻ ԳՈՐԾԸ

պոեզիան 
ու պատերազմները
ջահելների գործն է

անտրտունջ 
ծխում է 
վիրավոր 
մարմինս
դրանց 
վառվող
փլատակների 
տակ

ԳՆԱՑՔՈՒՄ

մի  բաժակ թեյ
մի սուրճի գավաթ
դեմ հանդիման 
դողացող 
կուպեի
սեղանին

անջատվող
շարժակազմից
դեպի ուղղամաս 
ճանապարհին 
մորթվող
թռչունի
թեւերի պես
թպրտացող 
ռելսերի վրա
խլանում է 
մեկ ժամ 
պատմված
մի կյանք

ԱՐԴԵՆ

ես արդեն ոչինչ չունեմ
ես արդեն ոչինչ չեմ կորցնում

մի գիշեր է
բացված վարդի նման
սեւ

լուսնի 
շողի տակ
շքանշանի նման կրծքիս
շողշողալիս

ԳԱՌՆԻ

մարմարյա ամպեր
քամուց 
խոնարհվող 
ծիրանագույն
դրոշների նման 
երկինքն ի վեր
ծածանվում են

ամռան հովից 
երդիկի ծխի նման 
երկինքն ի վար 
պատմության
փլվող սյուներն են
ճարճատում
ձորում
թշշացող
գետի 
ջրերի 
մեջ

ՉԵՐԵՄՈՒՇԿԱՅՈՒՄ 

ոստիկանության ամփոփագրերում 
մոսկովյան Չերեմուշկայում 
աղավնիներն են մեռնում
զանգվածաբար 

իսկ աշնան օրերը
ցուրտ են ու տհաճ
երկար
ինչպես 
գնացքներից առաջ 
փախչող
մետրոյի թունելներ

ինչպես 
բանկերի դիմաց 
ձգվող հերթեր 
ֆիզիկական անձի տրանսպորտային 
հարկ
չկամ
վճարելիս

Մոսկվայի աշնան  անձրեւներին 
Օլգա անունով
մի աղջիկ
վաղուց 
աղավնիներ չի կերակրում
իր ափերից 
ու ծիծաղելով
չի ասում
լա-լա
լա-
լա 

ԾՈՎԻ ՓԱՌԱՏՈՆ

Անդալուզիայում
ծեր նավաստիներն 
այդ օրը 
մտաբերում 
հիշում են 
ծովից 
ետ 
չդարձողներին

ԲԵՎԵՌԱՅԻՆ ԳԱՅԼ

արկտիկական գայլերը ապրում են 
հյուսիսում
ծայրահեղ հյուսիսում

ձմռանը 
հյուսիսում
ծայրահեղ հյուսիսում 
միայնակ գայլերը 
մեռնում են

ԱՎԵԼԻՆ

սերն 
ավելին էր 
քան այս երկինքը
սերն ավելին էր  
քան այս 
գիշերը 

ես նրանցով  
հետո
հեռանալիս 
ծածկեցի
քո ծնկները
որպես 
սիրո գիշերվա 
սավան

ԵՐԵՎԱՑՈՂ ԿՈՂՄԸ

արեւի երեւացող կողմը
օգոստոսյան օր է
ինչպես 
ձմերուկի այգի
ինչպես 
սիրո մահիճ
սիրով տրվող  
կնոջ նման

կնոջ նման
ներող
ու 
հաշտ

ԵԹԵ

եթե դու չլինեիր
ես դժոխքի ու դրախտի մասին ոչ էլ կկարդայի

եթե դու չլինեիր
ես դժոխքում կմեռնեի
առանց դրախտի մասին երազելու

եթե դու չլինեիր
ես դրախտի ճամփան
դժոխք կկարծեի

եթե դու լինեիր
հետո
չլինեիր