Կառավարությունը փոխել է մարզային հիվանդանոցների տնօրենների ընտրության կարգը

Կառավարությունը փոխել է մարզային հիվանդանոցների տնօրենների ընտրության կարգը

Կառավարությունը փոխել է մարզային բժշկական կենտրոնի տնօրենների ընտրության կարգը։ Նախկինում տնօրենը ընտրվում էր 7 հոգանոց հանձնաժողովի կողմից, որտեղ առողջապահության նախարարությունն իրականացնում էր դիտորդական ֆունկցիա և քվեարկության իրավունք չուներ։ Կառավարության նոր որոշմամբ առողջապահության նախարարությունը մարզային բուժհիմնարկների տնօրեններին ընտրող հանձնաժողովներում պարտադիր կերպով ընդգրկել է առողջապահության նախարարության 4 ներկայացուցիչ։ Առաջ եղել է մեկը։ Այս փոփոխությունը կառավարությունը հիմնավորում է հետևյալ կերպ, թե քանի որ առողջապահության նախարարությունը առողջապահության քաղաքականությունը մշակողն է, հետևաբար՝ նրա ներկայացուցիչները պիտի մասնակցեն տնօրենների ընտրության գործընթացին․

«ՀՀ առողջապահության նախարարությունը, որպես առողջապահության բնագավառի լիազոր մարմին և ոլորտի քաղաքականությունը մշակող, ինչպես նաև մարզային կազմակերպությունների գործադիր մարմինները, կոչված են տեղերում կենսագործելու այդ քաղաքականության մաս կազմող միջոցառումները, ուստի անհրաժեշտություն է առաջացել մարզպետարանի ենթակայության կազմակերպության գործադիր մարմինների մրցութային հանձնաժողովումներում Հայաստանի Հանրապետության բնագավառի պետական մարմնի ներկայացուցիչների պարտադիր ընդգրկումը»,- ասված է հիմնավորման մեջ։

Սակայն առողջապահության ոլորտից մեզ ասացին, որ այս փոփոխությունները իրականում այլ նպատակ ունեն․ կառավարությունը հանրակրթական դպրոցների օրինակով, մարզային բժշկական հիմնարկներում, որոնք 100 տոկոս մասնաբաժնով պատկանում են պետությանը և գտնվում են մարզպետարանների ղեկավարության տակ՝ այսինքն՝ պետական են, արտահերթ ընտրություններից առաջ նոր, իրենց համար ցանկալի տնօրեններ նշանակել, այսինքն՝ դրանք ևս վերածել վարչական ռեսուրսի և ընտրությունների ժամանակ կիրառել։ 

Մենք փորձեցինք այս փոփոխությունների վերաբերյալ պարզաբանումներ ստանալ մարզային բուժհիմնարկների տնօրեններից, սակայն նրանց մեծ մասը դեռևս տեղյակ չէր, թե ինչ նենգ ծրագիր է մշակել իշխանությունը։ Սևանի Բժշկական կենտրոնի տնօրեն Գայանե Էլիզբարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք աշխատանքային պայմանագիր ունեն, և կապ չունի, թե ովքեր են հանձնաժողովի կազմում․ «Ընդհանրապես գոյություն ունի պայմանագիր, և ի՞նչ նշանակություն ունի, թե ովքեր են մասնակցում հանձնաժողովի կազմում, եթե անցնող լինի՝ կանցնի։ Նախկինում, այո, մարզպետարանն է ընտրել, բայց այս պահին տեղեկացված չեմ հանձնաժողովների փոփոխության մասին»։

Զրուցեցինք նաև Կապանի ԲԿ-ի նախկին տնօրեն Սմբատ Օրբելյանի հետ, նրա կարծիքով էլ՝ ժողովրդավարության իմիտացիա են ուզում անել․ «Դրանք թեթև ժուլիկություններ են՝ Դուք մտածում եք, որ այսօր կարող է մարզպետարանը մի բան որոշե՞լ, նախարարությունը մեկ ուրիշ բա՞ն, դա իմիտացիա է, աչքակապություն է, ժողովրդավարության տպավորություն են ուզում թողնել, թե մենք ավելի դեմոկրատ ենք դառնում, չենք թողնում մարզպետարանին, և քանի որ նախարարությունը առողջապահության քաղաքականություն է որոշում, նաև առողջապահության նախարարությունն իր կարծիքը պիտի հայտնի»,- ասաց Օրբելյանը։ 

Հարցրինք՝ հնարավո՞ր է, որ այս փոփոխությունների հիմքով հիվանդանոցների տնօրենների նոր մրցույթներ կազմակերպեն․ «Ի վերջո աշխատանքային օրենսգիրքը կա, որոշակի ժամանակի համար մարդկանց հետ աշխատանքային պայմանագրեր են կնքվում, և չեմ պատկերացնում, որ այդ պայմանագրերը ինչ-որ կերպ հնարավոր լինի լուծարել, ինչ-որ նոր կարգով ընտրություններ կազմակերպելու համար։ Չնայած այս երկրում աշխատանքային օրենսգիրքը նայող չկա, աշխատանքային պայմանագիրն էլ բանի տեղ դնող չկա։ Ես չեմ կարող ասել, բայց չեմ մտածում, որ մասսայական էդպիսի բան կարող են անել։ Եթե այսօր Գլխավոր շտաբի պետի խնդիր են այդպես լուծում, մարզային հիվանդանոցի տնօրենի խնդիրն ի՞նչ է, որ չլուծեն»,- ասաց Օրբելյանը։