ԻՔ-ական պատգամավորները Քր․օր-ում «ցեղասպանության հոդված» են ավելացրել

ԻՔ-ական պատգամավորները Քր․օր-ում «ցեղասպանության հոդված» են ավելացրել

Իմքայլական պատգամավորների մի ստվար խումբ՝ Վլադիմիր Վարդանյան, Արարատ Միրզոյան, Արսեն Ջուլֆալակյան, Թագուհի Ղազարյան, Լիլիթ Մակունց  և այլք կազմով, Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ են կատարել և այն առաջարկում են լրացնել 393.1-ին հոդվածով․Ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը։ 

1. Ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը`
պատժվում է ազատազրկմամբ` ութից տասը տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է.
1) զանգվածային լրատվության միջոցներով կամ համակարգչային համակարգի միջոցով,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`
պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնչորս տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) կազմակերպված խմբի կողմից,
2) պաշտոնեական դիրքն օգտագործելով`
պատժվում է ազատազրկմամբ տասնչորսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:»:

Որպես օրենսդրական ակտի հիմնավորում նշվում է, թե Հայաստանը որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ առաջիններից մեկը պետք է լիներ, որն իր Քրեական օրենսգրքում  ունենար ցեղասպանությունը հրահրելու համար քրեական պատիժ։ Նշվում է նաև, թե այս օրենդրական բացը կլրացնի ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու ու պատժելու մասին կոնվենցիայի շարունակական իրացվելությունը։