Հայոց բանակի օրը եւ մեր անելիքները

Հայոց բանակի օրը եւ մեր անելիքները

Երեւի Հայաստանի պետական տոնացույցում միայն մեկ ոչ աշխատանքային, տոնական օր գոյություն ունի, որը կապված է պետական հաստատության հիմնադրման հետ։ Ոչ աշխատանքային տոնական օրեր են ՀՀ Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ը, Առաջին Հանրապետության հիմնադրման օրը՝ մայիսի 28-ը, Սահմանադրության օրը՝ հուլիսի 5-ը, եւ Հայոց բանակի օրը՝ հունվարի 28-ը։ Հայոց բանակի օրը միակ տոնն է, որ 20-րդ կամ 21-րդ դարի պատմության հետ կապ չունի, այլ մեր հազարամյակների պատմության։ Եվ դա ճիշտ է, որովհետեւ բանակը, ինչպես լեզուն, կրոնը, մշակութային ժառանգությունը, միշտ մեզ հետ է՝ ե՛ւ պետությունների գոյության, ե՛ւ պետականության կորստյան ժամանակներում։ Հայոց պատմության, թագավորությունների ու հանրապետությունների պատմության բոլոր շրջաններում՝ Հայկազունիներ, Արարատյան թագավորություն, Երվանդունիներ, Արտաշիսյաններ, Կիլիկիայի թագավորություն, Առաջին Հանրապետություն, նախ հայոց բանակն է հաղթանակներ տոնել, հետո դրա շնորհիվ պետականության վերականգնում կամ անկախություն են հռչակվել։ 

Եվ բոլոր այն ժողովուրդները, որոնք  ունեն պատմություն, իսկ դրանք հազիվ մեկ տասնյակ են՝ հայերը, հույները, հրեաները, ասորիները, պարսիկները, նաեւ հռովմեացիները, գերմանները, ապա բոլորն էլ, բացառությամբ պարսիկների, բազմիցս պետականություն են կորցրել ու վերակերտել` 3, 4, 5 հազարամյակ պահպանելով ազգային ինքնությունն ու այլոց չձուլվելով։ Բոլոր մյուս էթնոսների պարագայում գոյություն չունի ժողովրդի պատմություն, կա միայն տեղանքի պատմություն, որոնցից որոշներն անգամ հզոր պետություններ են ստեղծել, բայց պետության անկման հետ իրենք էլ հետզհետե միաձուլվել վերացել են՝ տեղանքը զիջելով այլ էթնոսի՝ հաջորդ փուլում ոչնչանալու հեռանկարով։ Հակառակ այդ ժողովուրդների, հայ ժողովուրդը կա հազարամյակներ։ Բնականաբար,  հազարամյակների ընթացքի մեջ մենք ունեցել ենք վերելքներ եւ անկումներ, ռազմական հաղթանակներ ու պարտություններ, կազմալուծված եւ վերակերտված բանակներ, որովհետեւ հաջողություններն ու անհաջողությունները կյանքի շրջափուլեր են, հավերժականը հայության լինելությունն է։

Այսօր ի՞նչ փուլում է մեր բանակը, երբ ետեւում են թողնվել Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադրման տարիներին տոնած հաղթանակները, նաեւ 2020-ի 44-օրյա պատերազմի պարտությունը։ Իհարկե, այդ պարտությունն ավելի շատ վարչապետի պաշտոնն անարժանորեն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի անձնական որակների, պետություն առաջնորդելու անկարողության, դիվանագիտական անձեռնհասության, առանց մի փամփուշտի ահռելի տարածքներ Ադրբեջանին հանձնելու արդյունքում է արձանագրվել։ Բայց նաեւ պետք է հասկանալ, որ բանակում կային խնդիրներ։ Ամենից առաջ՝ հոգեբանական, երբ հատկապես ԼՂՀ Պաշտպանության բանակին թվում էր, թե իրենց թշնամին Ադրբեջանն է, բարեկամը՝ Ռուսաստանը, իրենք էլ այդ դիխոտոմիայի մեջ դիրքավորված գործում են՝ ավելի շատ բաժակաճառային տրամադրությամբ, քան զինված ուժեր լինելու գիտակցությամբ։ Դրա համար էլ մի պահի, երբ «պապայի դերում» ընկալվող Ռուսաստանը սկսեց իրենց դեմ գործել, ճկունություն չունեցան վերադիրքավորվելու, այլ լքեցին Լեռնային Ղարաբաղը։ 

Իհարկե, այս ամենը ժամանակավոր է եւ անցողիկ։ Վկան՝ այն, թե ինչպես է Իլհամ Ալիեւը երկու օրը մեկ Հայաստանից ռեւանշի չդիմելու երաշխիքներ պահանջում։ Դա չի խոսում որեւէ այլ բանի մասին՝ իր ծայրաստիճան անվստահությունից բացի։ Ալիեւը հրաշալի գիտե, որ միայն միջազգային խառնակ իրադրության եւ Ռուսաստանի  զբաղվածության արդյունքում է ինքն այսօր հայտնվել նախկին ԼՂԻՄ տարածքում եւ շրջակա բուֆերային գոտում։ Իսկ պատմության անիվի հաջորդ շրջապտույտի ժամանակ այդ տարածքներից դուրս կթռչի այնպես, ինչպես 1990-ականներին եղավ։ Շարքային ադրբեջանցիներն Ալիեւից ավելի շրջահայաց են եւ հեռատես, որ բնակություն չեն հաստատում 2020-ին օկուպացված տարածքներում։ Երեք տարում ծնծղաներ զարկելով՝ Ադրբեջանը հազիվ 3 հազար հոգի այդ տարածքներ տեղափոխելու եւ վերաբնակեցնելու մասին է հայտարարել, բայց հայտնի չէ, թե այդ 3 հազարից գոնե 300-ը մնացե՞լ են օկուպացված տարածքներում, թե՞ ենթակառուցվածքների բացակայությունից ու ականների վրա պայթելուց հետո վերադարձել են Ադրբեջանի Հանրապետության բուն տարածք։

Ամեն պարագայում, տարածքներ գրավելը կամ կորցնելը բազմաթիվ գումարելիներից գոյացող արդյունք է, այն շատ ավելի կախված է պահի քաղաքական իշխանությունից, երկրի տնտեսական ներուժից, դիվանագիտական զարգացումներից, քան ռազմաճակատային գործողություններից։ Հետեւաբար, տարածքներ գրավելիս թե կորցնելիս էական է, որ բանակն անխախտ մնա եւ առանց բաժակաճառային կամ, ընդհակառակը՝ անկումային տրամադրության տրվելու, շարունակի գործել ազգային շահի գիտակցության, պետական քաղաքականության հետ համերաշխության եւ օտարների հանդեպ առավելագույն ճկունության պարադիգմում։ Իսկ օտարների հանդեպ ճկունությունն այն կարեւոր որակն է, որ երեւի 1998-ից ի վեր հայոց բանակը կորցրել էր, քանի որ օրգանական կապը խզվել էր մեր պատմության հետ։ Չէ՞ որ մենք հազարամյակներ շարունակ միշտ էլ մանեւրել ենք արտաքին ուժերի հետ հարաբերություններում։ Մենք անգամ Հուլիոս Կեսարի ու Մարկ Անտոնիոսի ժամանակներում մարտնչում էինք հռովմեացիների հետ` պարսիկների դեմ, մի երկու տասնամյակ հետո՝ պարսիկների հետ՝ հռովմեացիների դեմ։ Եվ դա էր ճիշտը, դա էր կենսական խելամտությունը։ Ոչ թե մարդկանց ու բանակի ուղեղը լվանան քարացած բարեկամի ու քարացած թշնամու կերպարով, ինչն արվում էր 1998-ից ի վեր, որ մի պահի էլ, երբ պարզվի՝ բարեկամդ իրականում բարեկամ չէ, մարդիկ անսպասելիությունից պապանձվեն ու հաջորդ քայլում չկողմնորոշվելով՝ զենքը վայր դնեն։ 

Իհարկե, հռովմեացիների  կամ պարսիկների հետ պատիվ էր հակառակորդ լինելը եւ բարեբախտություն էր բարեկամ լինելը։ Մինչդեռ թուրքերի կամ ռուսների պարագայում ցանկալի կլիներ, որ մենք ավելի շրջահայաց լինեինք կամ էլ առհասարակ դրանց հետ առնչություն չունենայինք։ Սակայն ցանկությունները քիչ են, իրականությունն այն է, որ ռուսներն էլ, թուրքերն էլ ներկա են մեր տարածաշրջանում։ Բայց այլ առաջնահերթություններ ունենք այս պահին:
Առաջնայինն այն է, որ իր հիմնադրման 32-րդ տարեդարձը տոնած Հայաստանի Երրորդ Հանրապետության բանակը լիովին թոթափի հոգեբանական բարդույթները՝ կաղապարների հետ կապված` քարացած թշնամիներ կամ հավերժ բարեկամների առնչությամբ, վերագտնի հազարամյակների մեր պատմության հետ ամուր կապը եւ արտաքին ուժերի միջեւ մանեւրելու հոգեբանական պատրաստությունն ու ճկունությունը։ Եվ, իհարկե, արդիականացվի ու զինվի որքան կարող է։ Մնացյալն արժանի առաջնորդի,  նպաստավոր իրադրության ու հարմար ժամանակի հարց է։