«Հրապարակ». Կալանավոր կանանց թիվն աճել է

«Հրապարակ». Կալանավոր կանանց թիվն աճել է

Ազգային մտածողությո՞ւնն է պատճառը, հայ տղամարդկանց գենետիկական գթասրտությո՞ւնը, թե՞ իրավապահ մարմիններում ձեւավորված ավանդույթը, բայց կանանց մեզանում հազվադեպ են դատապարտում, առավել հազվադեպ` նախնական կալանք կիրառում։ Կանանց բերդում էլ՝ «Աբովյան» ՔԿՀ-ում, պահման պայմանները համեմատաբար ավելի բարենպաստ են եղել, քան տղամարդկանց կալանավայրերում։

Օրինակ, չկա պատժախուց։ Դատապարտյալ կանայք ավելի ազատ են տեղաշարժվում կալանավայրի տարածքով, քան մյուս ՔԿՀ-ների «բնակիչները» եւ այլն։ 2018 թվականին «Աբովյան» ՔԿՀ-ում 125 ազատազրկված կանայք էին պահվում՝ 39 կալանավոր, 86 դատապարտյալ։ 2019-ին դատապարտյալների թվաքանակն անգամ կրճատվեց` մնացին 72 հոգի։ 2020 թվականին 69 դատապարտյալ կար կանանց գաղութում, իսկ 2021 թվականին ընդամենը 46 կին էր այնտեղ պահվում, որոնցից ընդամենը 29 անձ էր դատապարտվել, իսկ 17-ը նախնական կալանքի տակ էր։

Այսքան ցածր ցուցանիշ Հայաստանում երբեւէ չէր եղել։ Սակայն 2022-ից թվերը գնացին դեպի վեր։ 2022 թ. մայիսի դրությամբ «Աբովյանում» 61 ազատազրկված կին էր պահվում՝ 27 դատապարտյալ, 34 կալանավորված: 2023 թվականին դատապարտյալ կանանց թիվը կտրուկ նվազեց, բայց նույնչափ կտրուկ ավելացան կանանց նկատմամբ նախնական կալանք կիրառելու դեպքերը։ 2023 թ. օգոստոս ամսին «Աբովյան» ՔԿՀ-ում պատիժ էին կրում 20 դատապարտյալ, 42 կալանավորված անձ։ Եվ պատիժ կրող իգական սեռի դատապարտյալների հիմնական մասը դատապարտված է ՀՀ քրեական օրենսգրքի «Սեփականության դեմ ուղղված» հանցագործությունների կատարման համար։ Քանի՞ կին դատապարտյալ կա այս պահին։ Մեր հարցին ՔԿԾ մամուլի պատասխանատուն ասաց․ «Այս պահի դրությամբ 49 կալանավոր անձ ունենք, 22 կին դատապարտյալ»։

Այսինքն՝ կալանք սահմանելը, այն էլ կանանց նկատմամբ, մեր իրավապահների համար դարձել է մի բաժակ ջուր խմելու նման բան։