Ավետիք Իշխանյանի դեմ կա քաղաքական հետապնդում․ պարոն Իշխանյանով չի սահմանափակվելու

Ավետիք Իշխանյանի դեմ կա քաղաքական հետապնդում․ պարոն Իշխանյանով չի սահմանափակվելու

Երեկ հայտնի դարձավ, որ «բռնության կոչերի» մեղադրանքով հերթական քրեական գործն է հարուցվել ընդդեմ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի։ Իշխանյանը իր ֆեյսբուքյան էջում ընդամենը գրել էր հետևյալը․

«Մահ դավաճաններին։ Չի բացառվում, որ ինչպես 2020թ., այնպես էլ այսօր սկսված պատերազմը պայմանավորված էր։ Այն ինչ մինչև վերջ չհաջողվեց 2020թ., այն է՝ Արցախի ամբողջական հանձնումը, փորձ է կատարվում իրականացնել այժմ: Սրան նախորդեցին վարչապետ կոչեցյալ դավաճանի հակառուսական հայտարարությունները,ԵՄ կոչվող դիտորդները, հայ-ամերիկյան զորավարժությունները, որոնք հիանալի հող ստեղծեցին ադրբեջանական հարձակման համար: Ադրբեջանը շտապում է, քանի որ իր դրածո դավաճանի աթոռը երերում է: Միևնույնն է, ի հեճուկս դավաճանների, Արցախը մնալու է կանգուն:Մա՛հ դավաճաններին։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցին հարցրինք, թե ի՞նչ կարծիք ունի իր գործընկերոջ դեմ հարուցված քրեական գործ առնչությամբ․ «Սա ցավալիորեն առաջին դեպքը չէ, երբ փորձում են ընտրովի արդարադատություն կիրառել։ Բազմաթիվ հարթակներից հնչել են նմանատիպ, դրան մոտիկ կամ ավելի խիստ բառապաշարով մտքեր, ավելին՝ որոշակի գործողություններ են իրականացվել, կոչեր են արվել, և որևէ մեկը դրա համար պատասխանատվության չի ենթարկվել։ Սա առաջին հերթին խոսում է ընտրովի արդարադատության մասին։ Թե ինչքանով պարոն Իշխանյանի հայտարարությունը կարող է մեղադրանքի հիմք հանդիսանալ, դժվարանում եմ ասել․ թեպետ ինքը տեքստում Նիկոլ Փաշինյանին անվանում է դավաճան և կոչ է անում դավաճաններին պատժել, չգիտեմ, թե որքանով է դա իրատեսական, որովհետև ամենակարևոր սկզբունքը, որով տարբեր ժամանակներում իրավապաշտպանների հասցեին հնչած սպանության կոչերի ու սպառնալիքների դեպքերում իրավապահ մարմինները՝ ներառյալ ԱԱԾ-ն, չէին հարուցում քրեական գործեր, քանի որ իրատեսական չէին համարում այդ կոչի իրականացումը, բայց հիմա առանձին դեպքերում, ըստ նպատակահարմարության, պարզվում է ԱԱԾ-ն համարում է, որ իրատեսական է։ Սա անգամ կապված չէ նրա հետ, որ պարոն Իշխանյանը իմ ավագ կոլեգան է և ես իրեն մեծ հարգանքով եմ վերաբերվում, կարևորը սկզբունքի հարցն է․ եթե կան դեպքեր ու իրադարձություններ, որտեղ նույնանման, շատ ավելի խիստ խոսքի հետ կապված քրեական գործ չի հարուցվում, իսկ առանձին դեպքերում հարուցվում է, դա ուղղակի խոսում է նրա մասին, որ ընտրովի արդարադատություն ունենք, ուրիշ ոչ մի բան»,- ասաց Կարապետյանցը։

Իրավապաշտպանին հարցրինք՝ հաշվի առնելով իր նշած երկակի ստանդարտներն ու ընտրովի արդարադատությունը, կարո՞ղ ենք ասել, որ Ավետիք Իշխանյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում․ «Միայն Ավետիք Իշխանյանի պարագայում չէ, և կարելի է ասել, որ այո, կա քաղաքական հետապնդում՝ ըստ նպատակահարմարության։ Ես կարծում եմ, որ պարոն Իշխանյանով չի ավարտվելու, ես կարծում եմ, որ այս վերջին, այսպես կոչված, քրեական գործերի շրջանակներում դեռ բազմաթիվ մարդկանց վերաբերյալ քրեական գործեր են հարուցվելու, բայց դրանց իրական նպատակը լինելու է ոչ թե ինչ-որ գործողությունների կանխարգելումը կամ ինչ-որ իրադարձությունների կանխումը, այլ իրականության մեջ խոսող, հանրային խիստ քննադատող մարդկանց ուղղակի լռեցնելն է լինելու, իսկ մյուսների մոտ ուղղակի վախ առաջացնել, որ խոսելը այլևս տրամաբանական չէ։ Հատկանշական է, որ ԱԱԾ-ի վերջին հաղորդագրությունը, որը տարածվել էր, ավարտվում էր հետևյալ խոսքերով, որ ԱԱԾ-ն կոչ է անում լինել իրավահպատակ, «իրավահպատակ» բառը երբեք նախկինում չի կիրառվել, սա նորամուծություն է, և այդ հպատականությունն են ակնկալում հանրությունից, դա է ակնկալվող վարքագիծը, և համոզված եմ, որ պարոն Իշխանյանը միակը չի լինելու, ում վերաբերյալ գործեր են հարուցելու»,- պատասխանեց իրավապաշտպանը։